Ամենամեծ վտանգը

Ամենամեծ վտանգը

Ինչո՞ւ են մտածող մարդիկ, ընդդիմադիրներն այդքան շատ խոսում-քննարկում հանրային անտարբերության, ապատիայի թեման: Եվ ինչո՞ւ է իշխանությունն ամեն ինչ անում այդ անտարբերությունը խորացնելու, մարդկանց ավելի պասիվ ու անհաղորդ դարձնելու համար: Որովհետեւ անտարբեր մարդը վատ քաղաքացի է` նա ամեն ինչի հետ հաշտվում է, ոչնչի դեմ չի պայքարում, նրա համար միեւնույն է, թե ով է ղեկավարում երկիրը, եւ ինչ որոշումներ են կայացվում: Նա անհաղորդ է հայրենիքի հանդեպ: Անտարբեր հասարակությունը փողոց դուրս չեկավ, երբ Գորիս-Կապան մայրուղին հանձնվեց թշնամուն, երբ Տեղի, Հանդի, Սոթքի ու Ջերմուկի մատույցներում, Կապանի օդանավակայանից 50 մետր հեռավորության վրա հայտնվեց թշնամու զինվորը, երբ սկսեցին կրակել Երասխում կառուցվող գործարանի վրա: Նա փողոց դուրս չեկավ Արցախի համար, դուրս չի գալու նաեւ Տիգրանաշենի ու Ոսկեպարի հանձնման ժամանակ, երբ թշնամին զավթի նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:

Անտարբեր մարդիկ հանգիստ են վերաբերվելու, երբ Հայաստանի տարածքում հայտնվեն թուրքերն ու ադրբեջանցիները, վերաբնակեցման անվան տակ գան եւ Կոնդում, Կրիվոյում ու Մասիսում ապրեն: Անտարբեր մարդը երեւի ամենավտանգավոր կենդանին է բնության մեջ` ապասոցիալական ու անհայրենիք մի արարած, որի հաշտվելու, մերվելու, հանդուրժելու ռեսուրսը սահմաններ չունի եւ կարող է սոսկալի հետեւանքների հանգեցնել: Եթե Արցախն ու Սյունիքը նա համարում է հեռու-հեռավոր, Ջերմուկի եւ Տեղի հողերի համար սիրտը չի ցավում, պատրաստ է Մեղրի մեկնել զարտուղի ու նեղ ճանապարհներով, ինչո՞ւ չպետք է Վայոց Ձոր մեկնելիս հանդերով` ոտքով չգնա կամ Վրաստան մեկնելիս՝ Ջավախքի ճանապարհով, ինչո՞ւ չպետք է հաշտվի Սեւանի մի ափը եւ Վարդենիսը թշնամուն հանձնելու փաստի հետ: