Թեստ` Նիկոլի եւ ՔՊ-ի համար

Նոյեմբերի 23-ին 168․am-ը գրել էր․ «Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն անվանակոչվել է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունով։ Զավեշտը, գուցե` ողբերգությունը, այն է, որ գեներալ Գրիգորյանն անձամբ ներկա է եղել Վահրամաբերդի դպրոցի հայրենագիտության նոր դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը եւ անձամբ էլ բացել է իր անունը կրող դասասենյակը: Այս հույժ կարեւոր միջոցառմանը մասնակցել է նաեւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը»։
Փաշինյանը խնդրին անդրադարձավ երեկ՝ մեկ շաբաթ ուշացումով։ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է չեղարկել անվանակոչության որոշումը եւ դիտողություն ու նկատողություն է արել Շիրակի մարզպետին, Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին։ Այս միջադեպը մեզ խորհելու առիթ տվեց, եւ մեզ մոտ մի քանի հռետորական հարց ծագեց, որոնք ուզում ենք բարձրաձայնել: Ի դեպ, կան հարցեր, որոնց օգնությամբ կարելի է ստուգել դիմացինի գիտելիքները, աշխարհայացքը։ Մեր հարցերը յուրօրինակ թեստային առաջադրանք են Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի համար։
1․ Գիտե՞ք արդյոք, որ անպատժելիությունն է նոր հանցանք ու զանցանք ծնում։ «Լոգարանի ցնցուղ եւ կախիչ» օպերացիայից հետո չպատժված ԿԳՄՍ նախարարն ինչո՞ւ պիտի սկսի նորմալ աշխատել։ Եվ արդյո՞ք ինչ-որ մեկի անունով դասարան անվանակոչելն ավելի մեծ զանցանք չէ, քան մի անորակ ցնցուղը, որի համար էլ կրկին ոչ թե նախարարը, այլ մի կողմնակի անձ է պատժվում, եթե նկատողությունը պատիժ համարենք:
2․ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի արդյունքում զոհվեց 15 զինծառայող, բայց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանը չպատժվեցին, պատժվեցին երկրորդական պաշտոնյաներ, որոնք ուղղակի քավության նոխազ դարձան: Ինչո՞ւ պիտի սկսի նորմալ գործել համակարգը, եւ ինչո՞ւ պետք է սկսեն աշխատել պատասխանատուները։
3․ Սահմանադրության ուժով անձեռնմխելի պատգամավորին ծեծած ոստիկանը չպատժվեց, ոստիկանապետը չպատժվեց, քաղաքացու երեսին թքող ԱԺ նախագահը չպատժվեց, «ականջ կտրող» պատգամավորը չպատժվեց, եւ այսպես շարունակ։ Ինչո՞ւ պիտի այլ պաշտոնյաներ նույնպես չհետեւեն նրանց օրինակին։
Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարծիքներ