Որքանո՞վ են բանակցային գործընթացի առնչությամբ Արցախի նախագահի արտահայտած տեսակետներն արտահայտում Նիկոլ Փաշինյանի տեսակետները

Որքանո՞վ են բանակցային գործընթացի առնչությամբ Արցախի նախագահի արտահայտած տեսակետներն արտահայտում Նիկոլ Փաշինյանի տեսակետները

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ

- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին տված ասուլիսում ասաց․ «Ակտիվ շփում ես երբեւէ չեմ ունեցել ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ»։ Ինչ կասե՞ք այս մասին։

- Ինձ համար շատ տարակուսելի էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա մի շարք հայտարարություններ։ Հատկապես, որ բանակցություններ չեն լինելու, հատկապես, որ իր համար կարեւոր չեն Արցախի միջազգային ճանաչումը, ինքնորոշումը, կարեւոր է բացառապես անվտանգությունը։ Իհարկե, անվտանգությունը կարեւոր է, բայց ի՜նչ պայմաններով ու ինչ ձեւաչափով։ Ես հերթական անգամ ստացա տպավորություն, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արայիկ Հարությունյանը չեն ուզում պատասխանատվություն վերցնել խնդրի կարգավորման համար եւ փորձում են առավել չափով կենտրոնանալ խնդիրը ձգձգելու եւ այն փոխանցելու Արցախի եւ Հայաստանի, այսպես ասած՝ հաջորդ իշխանություններին։
Սերժ Սարգսյանի հետ Արայիկ Հարությունյանը շփվել է այնքանով, որքանով ավելի շատ շփվել է Սերժ Սարգսյանի վարչապետների ու Սերժ Սարգսյանի քաղաքական շրջապատի հետ։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի, Կարեն Կարապետյանի եւ, ինչու չէ՝ անգամ իմ։

- Արայիկ Հարությունյանը նաեւ ասել է՝ եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու։ Ստեփանակերտը, փաստորեն, կոշտացնում է մոտեցումը։

- Ստեփանակերտից հնչած կոշտացումները որքանով են ծրագրված եղել, որքանով են փոխհամաձայնեցված Հայաստանի գործող ղեկավարության հետ եւ որքանով են պարզապես էմոցիոնալ պոռթկումներ՝ դժվարանում եմ այս պահին ասել։ Բոլոր դեպքերում, Հայաստանի ու Արցախի իշխանությունները հայտարարում էին, որ կարգավորման հարցում իրենց մոտեցումները լիարժեք համընկնում են, լիարժեք փոխըմբռնման մեջ են, եւ այս առումով, կարծում եմ՝ առաջիկա հնարավորության դեպքում պետք է վարչապետին հարցնել, թե որքանով են բանակցային գործընթացի առնչությամբ Արցախի նախագահի արտահայտած տեսակետներն արտահայտում նաեւ Նիկոլ Փաշինյանի տեսակետները՝ հաշվի առնելով իրենց նախորդ հայտարարությունները։

- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին МГИМО-ում կարդացած դասախոսության ընթացքում, որը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, մի քանի ինտրիգային հայտարարություն է արել, այդ թվում այն, որ հնչում են առաջարկներ, թե պետք է հրաժարվել նախկին փաստաթղթերից եւ սկսել նոր, մաքուր էջից կամ էլ ինչ-որ «պլան Բ» գործարկել։ Առաջին հայացքից սա Նիկոլ Փաշինյանին է ուղղված, բայց տեսակետ կա, որ Թուրքիային եւ Ադրբեջանին էլ է ուղղված, որոնք կրկին ակտիվացել են հակամարտության կարգավորման ֆորմատ փոխելու հարցում։

- Ակնհայտ է, որ ՌԴ-ն հուլիսյան դեպքերից՝ Տավուշի գործողություններից հետո փորձում է ոչ միայն նոր շունչ հաղորդել բանակցային գործընթացին՝ փորձելով փրկել այն, այլեւ կրկին ստանձնել առաջին ջութակի դերը, ինչը գործընթացի ողջ պատմության ընթացքում Ռուսաստանը մի քանի անգամ արել է։ Հաշվի առնելով գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ակնհայտ է, որ այստեղ առկա ռուսական շահերը նույնպես դրդում են ՌԴ-ին՝ այս հարցում առավել պրոակտիվ ու նախաձեռնողական լինել։ Ինչ վերաբերում է ձեւաչափի փոփոխություններին, հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ ասում էր՝ բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, նկատի ուներ, որ բանակցությունները շարունակվեն ՄԽ մանդատի ներքո, բայց դրանց մասնակցի նաեւ Արցախը։ Այդ ամպագոռգոռ եւ պոպուլիստական հայտարարությունը, որը հնչեց 2018-ի մայիսի 9-ին, չկապիտալիզացվեց՝ բազմաթիվ պատճառներով։ Եվ Նիկոլ Փաշինյանը ստիպված է ընդունել, որ իր այդ բանակցային տրյուկը ֆիասկոյի է ենթարկվել։ Ադրբեջանական կողմն անթաքույց փորձում է փոխել բանակցությունների ձեւաչափը՝ մտքում ունենալով խնդրի տեղափոխումն այլ միջազգային՝ իր համար առավել շահեկան հարթակ տանելու հեռանկարը։ Փորձեր, որոնք միշտ եղել են եւ միշտ կասեցվել են, հատկապես՝ մեր կողմից։ Հիմա գուցե իրենք պատմական շանս դիտարկեն՝ սա եւս մեկ անգամ փորձելու, սակայն խիստ կասկածում եմ, որ գերտերությունները, ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի ու Ֆրանսիայի, գնան այդ քայլին։ Ես կարծում եմ, որ եթե բանակցությունները շարունակվելու են, ապա շարունակվելու են առկա միջազգային մանդատի ներքո ու առկա ձեւաչափով։

- Սերգեյ Լավրովն ասել է․ «Կան, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ, որոնք հավանության են արժանացել կողմերի կողմից՝ որպես հետագա աշխատանքների համար հիմք։ Այդ փաստաթղթերը պահվում են ԵԱՀԿ քարտուղարությունում»։ Այսինքն՝ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է։ Ի՞նչն էր համաձայնեցված։

- Քանիցս նշել ենք, որ, իհարկե, մադրիդյան սկզբունքները եւ դրանց լրամշակված տարբերակները կարգավորման մեր երազանքը չեն, բայց դրանք արտացոլում են հայկական կողմերի, առավելապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հնարավորությունները՝ հստակ միջազգային եւ անվտանգության երաշխիքներով։ Այս մասին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ է պարբերաբար խոսում։ Վերջերս «Ինտերֆաքս»-ին տված իր հարցազրույցը ներծծված էր փոխզիջումների մասին ակնարկներով։ Այսինքն՝ հայկական կողմից, գոնե ԱԳՆ-ի կողմից, հիմա ավելի շատ պասիվ քաղաքականության տպավորություն ունեմ, քան տավուշյան դեպքերը կապիտալիզացնելու, մասնավորապես՝ համառ ջանքեր գործադրելու սահմանային լարվածությունը թուլացնելու եւ վերահսկողության մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ։ Սերժ Սարգսյանը երբեք չի թաքցրել, որ մադրիդյան սկզբունքների այն լրամշակված տարբերակներին, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը եւ ստեղծում են հստակ իրավական ու անվտանգային երաշխիքներ՝ Արցախի ժողովրդի այդ կամքն ամրապնդելու եւ իրագործելու համար՝ որպես փոխզիջումային տարբերակ, համաձայնել է, եւ դրա մեջ որեւէ գաղտնիք չկա։ Նա բացահայտ դրա մասին խոսել է։ Վստահ եմ՝ երրորդ նախագահի գալիք ասուլիսի ընթացքում, որը նվիրված է լինելու արցախյան բանակցություններին, Սերժ Սարգսյանը շատ ավելի մանրամասն կանդրադառնա բանակցային պատմությանը եւ իր օրոք վարված բանակցությունների տրամաբանությանը, որն արտահայտվել է Ալիեւի խոստովանությամբ, որ իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի ԼՂ հանրապետության անկախությունը։ Նմանատաիպ կոնֆլիկտները լուծվում են կա՛մ ռազմական ճանապարհով, եթե կողմերից մեկը ջախջախիչ պարտության է մատնում մյուսին, կա՛մ՝ բանակցային գործընթացում։ Հայաստանին ջախջախիչ պարտության հասցնելու հույս ուներ Ադրբեջանը 16-ի ապրիլին։ Այդ պլանները ձախողվեցին, հայկական կողմը դիմակայեց այդ ագրեսիային, հաղթանակ տարավ ե՛ւ ռազմաճակատում՝ կասեցնելով ադրբեջանական ծրագրերը, ե՛ւ դիվանագիտական ճակատում։ Փոխզիջումային տարբերակները միշտ ենթադրում են, որ բոլոր կողմերի որոշակի ակնկալիքներ բավարարվում են։ Եվ այս տեսակետից, կրկնեմ, այս իշխանությունը որքան էլ փորձի հետաձգել, ձգձգել, ոչ կոնստրուկտիվ հայտարարություններով վնասել հայկական կողմերի բանակցային դիրքերը, այդուհանդերձ, ստիպված է լինելու ընդունել «կամ-կամ»-ի իրողությունը։ Կա՛մ պատերազմ, կա՛մ բանակցային գործընթաց, որտեղ իրենք շատ են թուլացրել հայկական դիրքերը եւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են վերացրել օրակարգից, հիմա փորձում են ջանքեր գործադրել՝ վերադարձնելու, բայց, ինչպես տեսնում ենք, հուլիսյան դեպքերից անցել է 2 ամիս, սակայն այս ուղղությամբ որեւէ տեղաշարժ չկա, թեպետ ապրիլյան պատերազմից 40 օր անց արդեն կար Վիեննայի գագաթնաժողովը՝ հայկական կողմի առաջարկություններն օրակարգում ներառած։