Հերթական պարտությունը, որը որպես հաղթանակ մատուցեց ու որով հպարտացավ Փաշինյանը

Հերթական պարտությունը, որը որպես հաղթանակ մատուցեց ու որով հպարտացավ Փաշինյանը

Հայաստան վերադարձան Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիներից եւս 15-ը: Այդ մասին առաջինը հայտնեց քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը: Դա բավականին ուրախացնող լուր է. 15 ընտանիքի ճրագը վերադարձավ ադրբեջանական դժոխքից: Սակայն, հայտնի անեկդոտի նման՝ Փաշինյանը նախ հայտնեց ուրախ լուրը, հետո՝ վատը, բայց իրեն անհրաժեշտ շղարշով պատված: Պարզվում է, որ մեր գերիներին Ադրբեջանը վերադարձրել է Ակնայի ականապատման քարտեզի դիմաց… Ու Փաշինյանը դա բնորոշեց այսպես. Ալիեւի կառուցողական քայլի դիմաց մենք էլ պատասխան կառուցողական քայլ կատարեցինք:

Մանիպուլյացիան, ինչ խոսք, ստացվեց. հավաքվածները ծափահարեցին «կառուցողական» Ալիեւի ու Փաշինյանի այս «հումանիստական» քայլը: Բայց հասարակության իրազեկված ու տեղեկացված մասի մոտ հարցեր են առաջանում․ չէ՞ որ ոչ միայն այդ 15, այլեւ մյուս բոլոր գերիները պետք է վերադարձած լինեին նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո: Մերոնք վերադարձրին ադրբեջանական բոլոր գերիներին, նաեւ մարդասպան հանցագործներին՝ այն հույսով, որ ադրբեջանական կողմն էլ պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին:

Ադրբեջանի «կառուցողական» ղեկավարը, սակայն,  Փաշինյանին խաբեց. մեր գերիները մնացին Բաքվի բանտերում, շատերը դատվում են որպես ռազմական հանցագործներ: Եվ ոչ միայն եղածը չվերադարձավ, այլեւ թշնամին գերիներ է վերցնում եւ Բաքու տանում արդեն Հայաստանի տարածքից: Ու այս պարագայում 15 գերու վերադարձը Փաշինյանը համարում է մեծ ձեռքբերում եւ հաղթանակ՝ առանց անգամ հաշվի առնելու, թե ինչ է դրված կշեռքի մյուս նժարին: Ակնայի ականապատման քարտեզն այնպիսի կարեւորություն ունի Ադրբեջանի համար, որ դրա դիմաց մեր իշխանությունը պետք է շատ մեծ պահանջներ առաջ քաշեր, պարտավոր էին վերադարձնել մեր բոլոր գերիներին, ՀՀ տարածքից դուրս բերեին իրենց բոլոր հրոսակախմբերը, եւ շատ այլ պահանջներ: 

Մինչեւ հիմա Ադրբեջանը չէր կարողանում մտնել Ակնա՝ ականապատված լինելու պատճառով, իսկ ականազերծումը մեծ ծախսեր է պահանջում: Հիմա մեր թշնամուն հնարավորություն տվեցինք արագ ականազերծել Ակնան, բնակեցնել այն եւ տեղակայել ռազմական դիրքեր, ստեղծելով բարդություններ Արցախի մյուս տարածքների համար՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական ե՛ւ թե բարոյահոգեբանական առումով։ Մյուս հանդիպումների ժամանակ Փաշինյանը խոստովանեց, թե ճիշտ են մամուլում տարածված այն լուրերը, որ Ադրբեջանին պարբերաբար տրամադրվել են ականապատված տարածքների քարտեզները. «Ես ուզում եմ ասել, որ, այո, նոյեմբերի 9-ից հետո, ընթացքում՝ գերիների վերադարձին զուգընթաց, պարբերաբար որոշակի քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի գործընթացում որոշակի կառուցողական մթնոլորտ ստեղծվի:

Բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանը հրաժարվեց գերիների վերադարձից եւ դիմեց միջազգային կառույցներին, որ ՀՀ-ն չի տալիս ականապատված քարտեզները»: Իսկ ինչի՞ դիմաց են թշնամուն նվիրվել այդ կարեւորագույն հաղթաթղթերը, ի՞նչ ենք մենք ստացել դրա դիմաց: Ոչինչ: Փաշինյանն իրեն բնորոշ ձեւով մանիպուլացրեց նաեւ թշնամուն տված քարտեզների մեծ կամ փոքր մաս լինելը. «Տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան քարտեզ ունենք, բոլորը տվել ենք Ադրբեջանին. էդպես չէ, վերադարձվել է մի փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ ոչ շոշափելի մասը: Այսինքն՝ շոշափելի մաս ա վերադարձվել, բայց փոքր մաս ա վերադարձվել»: Դժվար է գլուխ հանել այս բառախաղից… 

Սա նոյեմբերի 9-ից հետո մեր շարունակական պարտությունն է. մենք ամեն օր պարտվում ենք Ադրբեջանին, պարբերաբար նրան տալիս ենք տարածքներ, դիրքեր, բարձունքներ, զինվորներ, քարտեզներ… ու տեղը ոչինչ չենք ստանում: Իսկ թե մնացած գերիների դիմաց դեռ ինչեր է տալու Փաշինյանը՝ պարզ չէ:  

Եվ մի տխուր փաստ էլ․ Ակնան Ադրբեջանին հանձնվեց Մոնթեի ծննդյան օրը, Ակնայի ականապատման քարտեզը՝ Մոնթեի մահվան օրը: Փաշինյանի մոտ ոչինչ պատահական չի լինում…Պատահական չէր նաեւ նախընտրական փուլում այդ գերիներին վերադարձնելը. դա Ալիեւի նախընտրական նվերն ու գովազդային աջակցությունն էր Փաշինյանին… 

ՀԳ․ Մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ ավելի կարեւոր է, թե ով եւ ում հրամանով է Նիկոլին տվել պետական գաղտնիք համարվող ականապատման քարտեզը: Քարտեզը Նիկոլին տվողը պետք է գիտակցի, որ թույլ է տվել ՀՀ քրօր. 299 (պետական դավաճանություն) հոդվածով նախատեսված արարք (օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը), ինչի համար շատ շուտով կենթարկվի քրեական պատասխանատվության»: