Զոհի ու հանցագործի մեջ հավասարության նշան մի դրեք

Զոհի ու հանցագործի մեջ հավասարության նշան մի դրեք

Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի եւ Վիգեն Խաչատրյանի հարձակումները լրագրողների նկատմամբ եւ հայհոյախառն վիրավորանքները հանրային տարբեր շրջանակներից դատապարտվեց, հոդվածներ ու ստատուսներ գրվեցին, հայտարարություններ հնչեցին։ Բնականաբար չէին կարող ձեռնպահ մնալ նաեւ խոսքի ազատության պայքարին կոչված կազմակերպությունները, որոնք տասնամյակներ շարունակ մեծ դրամաշնորհներ են ստացել՝ լրատվական դաշտի պաշտպանության եւ մեզ ուղղված ոտնձգություններին արձագանքելու համար, սակայն 2018 թվականից հետո սերտաճել են իշխանությունների հետ եւ խիստ մեղացրել իրենց լեքսիկոնն ու վերահսկությունը՝ որպես քաղհասարակություն։ Երբեմն երբեմն նրանք կիսատ-պռատ ինչ որ հայտարարություններ են տարածում, բայց աշխատում են «բալանսը» պահել՝ եթե մի քանի թթու խոսք են ասում մամուլի դեմ աննախադեպ ճնշումներ եւ սահմանափակումներ կիրառող իշխանությունների հասցեին, ապա անպայման փորձում են հավասարության նշան դնել «զոհի ու հանցագործի» միջեւ՝ լրատվական դաշտին էլ են քննադատում ու դատապարտում։ Բացառություն չէր նաեւ նախօրեի հայտարարությունը, որտեղ պետք է ընդամենը գնահատական տային լրագրողներին մարմնավաճառ եւ սողուն անվանող չափն անցած ՔՊ-ականներին, մինչդեռ փորձել են հավասարության նշան դնել հեռուստաընկերությունների եւ լկտիացած պատգամավորների միջեւ։

Գրել են․ «Խիստ քննադատորեն վերաբերվելով հայաստանյան հեռուստաեթերի այսօրվա վիճակին՝ փաստում ենք, որ իշխանությունը երեք տարիների ընթացքում այդպես էլ չիրականացրեց այն «մաքրելու» իր մտադրությունը։ Ոլորտի բարեփոխումների համար չօգտագործվեցին ոչ օրենսդրական փոփոխությունները, ոչ էլ իրավակիրառ պրակտիկան։ Փոխարենը իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում հոխորտալու, վիրավորանքներ շռայլելու մասնավոր հեռուստաընկերությունների հասցեին։ Թեև վերջիններս իսկապես մեծամասամբ տարբեր քաղաքական շահեր են սպասարկում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ դաշտը կարգավորելու փոխարեն՝ իշխանավորները պետք է վիրավորական խոսքեր ուղղեն հեռարձակվող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»։
Հայտարարության այս հատվածը զայրացրել էր որոշ լրագրողների ու խմբագիրների։

Լրագրող, հրապարակախոս Ռուզան Խաչատրյանը հայտարարության տեքստի տակ գրել էր․

«Տեսնես ու՞մ նախաձեռնությամբ է հայտարարության տեքստ մտել «մասնավոր հեռուստաընկերությունների՝ տարբեր քաղաքական շահեր հետապնդելու», ընդհանրապես դաշտը քննադատող պարբերությունը: Ո՞նց կարելի է նման հայտարարության մեջ այդպիսի բան թույլ տալ: Մի կողմ թողնենք, որ Հանրայինին «պուպուշ», քաղաքական շահ չհետապնդողի իմիջ է վերապահված: Դա՝ մի կողմ: Դաշտը պաշտպանող հայտարարության մեջ դաշտի քննադատությունն է աբսուրդ: Ոնց որ խուլիգանին ասես՝ ինչու՞ ես քացով խփել էն աղջկան, չնայած ինքն էլ մի բարի պտուղ չի... Ես էդպիսի պաշտպանություն չեմ ուզում»:
Լրագրող Սյուզի Բադոյանը գրել էր․

«Ինձ ակրեդիտացիայից զրկելու շարքային հայտարարություններից մի երկուսում էլ նման բաներ կային եւ ես անձամբ հերթով զանգում կամ հրապարակային դիմում էի սույն պարոններին ու տիկնանց` պարզաբանելու, թե, օրինակ, ինչո՞ւ են խցկել շաբլոն դառած տեքստում ինձ դաս տալու մասով կամ քննադատելու մասով մի նախադասություն։ Սրանք իրենց սովորության համաձայն բոլորը հերթով երդվում էին, թե դա իրենց նախադասությունը չի ու որ իրենք հարգանքով են վերաբերում իմ գործունեությանը։ Մթոմ խմբային կազմված տեքստ է դրվել շրջանառության մեջ, վերջին ստորագրողն է ինքը եղել։ Համ նալին, համ մեխին խփելու պրիմիտիվ ձեւականություն..․ ընդամենը սիրաշահում են նեռին, բայց հոմ վերջնարդյունքում հավասարության նշան է դրվում շիշ բռնողի ու լրագրողի միջեւ, լրագրողին մարմնավաճառ ասողի ու վիրավորվող ԶԼՄ ի միջեւ»։

Հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից մեկի՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ արձագանքել էր Ռուզան Խաչատրյանին՝ գրելով․

«Եթե տեքստի տակ 11 կազմակերպությունների ստորագրություն է, ուրեմն բոլորը հավասարապես պատախանատու են բովանդակության համար։ Բայց, որպես կանոն, այդ հայտարարությունների նախաձեռնողն ու պատրաստողը ես եմ։ Տեքստի նախնական տարբերակը քննարկվում է գործընկեր 10 կազմակերպությունների ղեկավարների հետ, խմբագրվում է և միայն դրանից հետո տարածվում։ Այնպես որ, ինչպես տեսնում ես, սա համատեղ աշխատանք է։ Կտրականապես համաձայն չեմ քեզ հետ, որ դաշտը պաշտպանող հայտարարության մեջ այդ նույն դաշտը չի կարող քննադատվել։ Ոչ մի աբսուրդ այդտեղ չկա, եթե առկա են թե՛ պաշտպանելու, թե՛ քննադատելու հիմքերը։ Իսկ ի՞նչ է, դու չե՞ս նկատում հեռուստաեթերի աղետալի վիճակը․․․Ես ու իմ գործընկերները բոլոր իշխանությունների օրոք արտահայտել ենք մեր դիրքորոշումները, անկախ նրանից, թե դա ոմանց դուր կգա, թե ոչ, և դու դա շատ լավ գիտես։ Այդպես էլ շարունակելու ենք։

Պոլիտիկ․ամ կայքի խմբագիր Բորիս Մուրազին էլ, հավանաբար ընթերցելով այս զրույցն իր պատիվ գրել էր․ «Բայց դուք տեսաք Սորոսի «լրագրողական» կազմակերպությունների հայտարարությունը, որով իբր դատապարտում էին ուսապարկի զառանցանքը՝ լրագրողների հասեցին։ Այսինքն, հաստատել էին բոլոր կեղտոտ մեղադրանքները, իսկ վերջում, թե բա չարժեր ասել վերբալ մարմնավաճառ։

Ինձ, օրինակ, հետաքրքիր է, թե այդ «լրագրողական» կոչվող կազմակերպությունները, բացի Սորոսի հիմանադրամի կողմից հիմնված լրատվամիջոցներից, էլ ում անունից խոսելու իրավունք ունեն։ Հեռուստաընկերությունների քաղաքականացված լինելու մասին ինչո՞ւ են խոսում կազմակերպություններ, որոնք անաչառ չեն և իրենք ևս քաղաքականացված են, սակայն ի տարբերություն տեղական հեռուստաընկերությունների, իրենք սպասարկում են արտաքին ուժերի։

Սրանց պետք է արգելել խոսել բոլոր լրագրողների անունից, քանի որ մեր իրավունքների խախտումը իրենց համար նոր գրանտի թեմա է, ոչինչ ավելին»։