Великая Русь-ը չի՞ կայանում

Великая Русь-ը չի՞ կայանում

Ռուսաստանի կառավարությունը պաշտոնանկելու՝ նախագահ Պուտինի որոշման վերաբերյալ հետաքրքիր մեկնաբանություն է արել Կրեմլի, թերեւս, թիվ մեկ քարոզիչ Կիսիլյովը: Նա ասել է, որ Պուտինը կառավարության առջեւ դրել էր 3 տոկոսի տնտեսական աճ ապահովելու խնդիր, մինչդեռ իրական ցուցանիշը 1,1տոկոս է, նույն մակարդակն է կանխատեսվում նաեւ ընթացիկ եւ գալիք տարվա համար: Կիսիլյովի գնահատմամբ՝ դա բավարար չէ սպասարկելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական նպատակները: Ի՞նչ սոցիալական վիճակ է Ռուսաստանում՝ տեղեկությունները չափազանց սուղ են: Ընդհանուր պատկերը, սակայն, այն է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հետամնաց երկիր: Իհարկե՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ համեմատած: Բայց խնդիրը հենց այդտեղ է, որովհետեւ արտաքին քաղաքական հավակնություններում Ռուսաստանն ուժային այդ կենտրոնների հետ էլ մրցակցում է: Պուտինի որոշումը, հավանաբար, պայմանավորված է ստույգ հաշվարկներով. Եթե տնտեսական կտրուկ զարգացում չապահովվի, ապա հետագա մրցակցությունն արդեն ազգային անվտանգության խնդիրներ կառաջացնի: Մոտավորապես՝ ինչպես նախագորբաչովյան ԽՍՀՄ-ում: Պուտինի քսանամյա իշխանության ռազմավարական նպատակը Великая Русь-ի վերածնունդն էր: Ուկրաինայի հետ բաց առճակատումը եւ միասնական պետության ռուս-բելառուսական նախագծի տապալումն, ամենայն հավանականությամբ, Պուտինին բերել են համոզման, որ գոնե այս փուլում դա անիրագործելի նախագիծ է:

Ռուսաստանը մտնում է վերափոխումների փուլ: Պուտինն առաջարկել է սահմանադրական փոփոխություններ: Խոսքը, կարծես, նախագահի եւ վարչապետի միջեւ լիազորությունների բաժանման եւ խորհրդարանին հավելյալ լիազորություններով օժտելու մասին է: Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում քաղաքական նորացումների ալիքը կտարածվի Կենտրոնական Ասիայում եւ Բելառուսում: Ամենայն հավանականությամբ՝ նաեւ Ադրբեջանում: Երկրներ, որտեղ իշխանությունը կազմավորված է Ռուսաստանի նմանությամբ եւ օրինակով: Բոլորը կշտապեն չուշանալ: Եւ, բնականաբար, ընդհանուր եզրեր կփնտրեն արեւմտյան քաղաքակրթության կամ հարավ-արեւելյան Ասիայի հետ:  Великая Русь աշխարհաքաղաքական նախագիծն, այսպիսով, կարելի է համարել փակված: Ռուսաստանը կնպատակաուղղվի այն ամենի պահպանը, ինչ ձեռք է բերել Պուտինի դարաշրջանում՝ վերահսկելի Հյուսիսային Կովկաս, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա, մերձավորարեւելյան ներկայություն: Հավանական է պատկերվում, որ նորացող Ռուսաստանը քայլ կանի ԱՄՆ-ի հետ մեծ համաձայնության գալու ուղղությամբ: Այդ դեպքում, գուցե, նրան վերապահվի հետխորհրդային տարածքում կայունության եւ անվտանգության «պահնորդի» լեգիտիմ դերակատարություն: Դա, գոնե, Великая Русь-ի սիմվոլիկա կլինի: