«Արի՛ տուն, ամուսնացիր հայուհու՛ հետ»

«Արի՛ տուն, ամուսնացիր հայուհու՛ հետ»

44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո Եռաբլուր պանթեոնում հաճախ էինք տեսնում երիտասարդ, դեռատի աղջիկների, որոնք խոնարհված լալիս էին զոհված տղաների շիրիմների մոտ: Մայրերից ու քույրերից զատ՝ նաեւ սիրած աղջիկները։ Ոմանք զրուցում էին իրենց սիրեցյալների հետ, ոմանք՝ պարզապես քարացած նստում էին: Տեսարանն աննկարագրելի ցավոտ ու դաժան էր, հնարավոր չէր անտարբեր անցնել նրանց կողքով:

Թե ինչպես հետագայում կդասավորվի այդ աղջիկների ճակատագիրը, կդասավորվի, թե՝ ոչ հայտնի չէ: Այո, կյանքը շարունակվում է, ու պետք է առաջ նայել, բայց ոմանց համար դժվար կլինի հետեւել մեծն Թումանյանի հորդորին. «Դու էլ գնա՛,  նո՛ր սեր արա, այդպես է կարգն աշխարհի»: Եռաբլուրում թաղվեց այդ աղջիկների սերը, երազանքը, կարոտը: Եռաբլուրում թաղվեց նաեւ մեր ազգի գենոֆոնդը: Այդ տղաները պետք է վերադառնային բանակից, պատերազմից, ընտանիք կազմեին, երեխաներ ունենային ու շարունակեին մեր ազգի բնականոն ընթացքը: Սակայն, այդ բնականոն աճը կանգնեց, քանի որ ազգի «սերմացուները» թաղվեցին Եռաբլուրում: Իսկ «բերրի հողերը» մնացին անմշակ: Դեռեւս պատերազմի ու պարտության ցավն այնքան խորն ենք զգում, որ մոռացել ենք այս կարեւոր խնդրի մասին, որը թե՛ դեմոգրաֆիական, թե՛ազգային անվտանգության կարեւորություն ունի: Մեր գենոֆոնդը սպառման վտանգի առաջ է կանգնած, ինչն էլ թշնամու դարավոր երազանքն է: Այս խնդիրն առաջացավ նաեւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ ազգի հայենասեր սերուցքը զոհվեց պատերազմում, մի մասն էլ մեկնեց Հայաստանից, ընտանիք կազմեց օտար ափերում՝ այլազգի աղջիների հետ: Իսկ այդ տարիներին Հայաստանում նոր-նոր բիզնեսներ հիմնող իրանցիները՝ պարսիկները, հայուհիներին էին սիրահետում: Արդյունքում նաեւ ընտանիքներ ստեղծվեցին… 

Շուտով կզգանք, որ երիտասարդ սերունդը՝ 18-25 տարեկան աղջիկները, կանգած են կյանքի ընկեր գտնելու եւ ընտանիք կազմելու խնդրի առջեւ: Ու որպեսզի մեր գենոֆոնդը չընդհատվի եւ ազգի բնականոն զարգացումն ապահովվի, պետք է սփյուռքում ապրող երիտասարդներին կոչ անել, հորդորել, հուշել, որ գան Հայաստան եւ ընտրություն կատարեն հայուհիների միջից:  Դա կարող է արվել եւ՛ պետական մակարդակով, եւ՛ անհատական:

Դեռեւս նախկին իշխանությունների օրոք «Արի տուն» ծրագիրը կար, որը նպատակ ուներ  աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանը, հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնագիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին: Ծրագրից օգտվում էին հիմնանակնում 13-18 տարեկան երիտասարդները: Այս իշխանության օրոք ծրագրի անունը փոխվեց՝ դարձավ «Քայլ արա տուն»: Բովանդակությունը նույնն է:

Կարելի է ծրագրի անվանումը չփոխել կամ փոխել, դարձնել, ասենք, մոտավորապես՝ «Արի՛ տուն, ամուսնացիր հայուհու՛ հետ», կարելի է փոխել նաեւ շահառուների տարիքը՝ ավելի հասուն երիտասարդների ընդգրկել եւ հնարավորություն տալ, որպեսզի սփյուռքահայ երիտասարդները եւ Հայաստանի հայուհիները ծանոթանան, շփվեն միմյանց հետ, ճանաչեն իրար, ընտանիք կազմեն: Մենք ունենք բավականին հաջողված օրինակներ, որ սփյուռքահայ երիտասարդներն ու հայաստանցի աղջիկները կազմել են բավականին հաջող ու օրինակելի ընտանիքներ: