Ոչ մի գոհ մարդ

Ոչ մի գոհ մարդ

Բոլոր մարդկանց էլ բնորոշ է իր վատ կյանքի, սխալների ու թերությունների մեղավորին փնտրել դրսում, չտեսնել սեփական աչքի գերանը, բայց տեսնել ուրիշի աչքի շյուղը, իր մեղքը նվազեցնել, ուրիշինը բազմապատկել։ Բնորոշ է նաեւ դժվարություններից ու խնդիրներից փախչելը։ Մի դեպքում այդ փախուստն ուղղակի արտագաղթի տեսքով է լինում, մյուս դեպքում՝ իր կաղապարի մեջ պարփակվելու, երրորդ դեպքում՝ անտարբեր ու անհաղորդ դառնալու, իսկ չորրորդի մոտ այլ ինքնապաշտպանական բնազդ է սկսում աշխատել՝ կերուխումերի, երգուպարի կամ գինու բաժակի մեջ դժգոհությունները խեղդելու բնազդը։

Մեր հասարակությունն այսօր այս վիճակում է։ Դժգոհ, նեղացած, իր մեջ պարփակված, երբեմն՝ իրեն պատեպատ զարկող, երբեմն՝ անհաղորդ ու պասիվ։ Ընդ որում, այսօր չեք գտնի մի մարդու, ով գոհ ու բավարարված կլինի այսօրվա իրավիճակից։ Անգամ իշխանության մեջ գտնվողներն են դժգոհ։ Դժգոհ են բոլորը, բայց այն տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Ոմանք կարծում են, որ իրավիճակի միակ մեղավորը գործող իշխանությունն է, եւ փրկությունը նրանց հեռանալու մեջ է։

Մյուսները գտնում են, որ մեղավորը նախորդ իշխանություններն են, եւ այս իշխանությունների հեռացումն իրավիճակը չի փոխի։ Այլ տարբերակներ էլ կան՝ Պուտինն ու Ալիեւն են մեղավոր, նրանք պետք է «հեռանան»։ Ռուս-ուկրաինական պատերազմն է մեղավոր, աշխարհաքաղաքական զարգացումները, հայի բախտը, թուրքի ագահությունը, Եվրոպայի անտարբերությունը եւ այլն։ Նրանք, ովքեր պահանջում են իշխանությունների հեռացումը, եւ նրանք, ովքեր ասում են՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի», իրականում միասնական են իրենց վերաբերմունքի մեջ․ նրանք դժգոհ են այս իրականությունից եւ փոփոխություն են ուզում։ Պարզապես այդ փոփոխության պատկերացումներն են տարբեր։