Աշխարհի ավելի քան 50 երկրներ պահանջել են զենքի էմբարգո սահմանել Իսրայելի դեմ
Աշխարհի ավելի քան 50 երկրներ դիմել են ՄԱԿ-ի ԱԽ-ին և ԳԱ-ին՝ պահանջելով զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հայտնում է, որ նամակում ասվում է․ «Կան հստակ ապացույցներ, որ Սիոնիստական ռեժիմին մատակարարվող զենքերն օգտագործվում են Պաղեստինի խաղաղ բնակչության դեմ շարունակվող բռնությունների համար, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և մյուս կառույցներին ուղղված նամակում ննշվում է, որ պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը շատ մեծ է և Իսրայելի՝ ավելի քան մեկ տարի շարունակվող ագրեսիան անընդունելի է։ Նամակը ստորագրած երկրները պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացումը և տարածաշրջանում լայնածավալ պատերազմը կանխելու ուղղությամբ։
Վերոնշյալ երկրներն ԱԽ-ից պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել զինադադարչի հաստատման, քաղաքացիական բնակչության պաշտպանության և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Նամակում պահանջվել է նաև ընդունել բանաձև՝ Իսրայելին զենքի փոխանցումը դադարեցնելու վերաբերյալ, քանի որ ռեժիմը շարունակում է պաղեստինցիների ցեղասպանությունը։
Նամակի նպատակն է դադարեցնել Իսրայելի կողմից միջազգային օրենքների խախտումը պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայի հատվածում, որը սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ագրեսիայից հետո:
Կարծիքներ