Ֆեմինիստական աղանդի ինտելեկտուալ բռնությունը

Ֆեմինիստական աղանդի ինտելեկտուալ բռնությունը

Կարդացի «Հետք»-ի հրապարակած «Գենդերային խզվածք․․․» վերնագրով հոդվածն ու ուզում եմ ընդամենը մի հարց տալ․ դեռ երկա՞ր է մարդկությունը հանդուրժելու ֆեմինիստական աղանդի ինտելեկտուալ բռնությունը իր նկատմամբ։
Ստեղծվել է մի միֆ, որի համաձայն տղամարդիկ հարյուրամյաներ շարունակ հալածել են կանանց, իսկ ճնշված կանայք էլ՝ մշտապես պայքարել հայրիշխանություն կոչվող չարիքի դեմ։ Սա իսկապես հորինվածք է, պատմության ընթացքում կանայք և տղամարդիկ երբևէ հակամարտության մեջ չեն գտնվել, տղամարդիկ կանանց ճնշելու և հպատակեցնելու քաղաքականություն երբեք չեն իրականացրել։ Պարզապես գործ ունենք մշակութային ագրեսիվ էքսպանսիայի հետ, որն իր հիվանդագին ու փակուղային գաղափարներն է պարտադրում մարդկությանը։
Չի կարելի մարդկությանը արհեստականորեն տարանջատել երկու թշնամական բևեռների և նրանց միջև գոյություն չունեցող կոնֆլիկտ սանձազերծել։ Պատմության ընթացքում տղամարդիկ և կանայք մշտապես գործել են միասնաբար, ավելին՝ նրանք մարդկային ցեղի երկու կարևոր և անբաժան հիպոստասներն են։
Ասվածից ամենևին էլ չի հետևում, որ կանայք չեն տառապել, ընդհակառակը՝ նրանք տառապել են ու շարունակում են տառապել։ Բայց նրանց տառապանքի աղբյուրը ոչ թե հայրիշխանությունն է, այլ՝ իրար հաջորդող հասարակարգերը, որտեղ տղամարդիկ և կանայք տառապել ու շահագործվել են հավասարապես։ Վերևում նշեցի, որ կինն ու տղամարդը միասնական համակարգ են, իսկ հիմա անհրաժեշտ է ավելացնել, որ նրանք միացյալ են նաև տառապանքի մեջ։
Պայմանականորեն կարելի է ասել, որ 19-րդ դարը ինտելեկտուալ պայթյուն էր, 20-րդ դարը՝ պայթյունի սպառման և իմաստավորման ժամակաշրջանն էր, իսկ 21-րդ դարը՝ այս երկուսի արժեզրկման և կազմաքանդման շրջափուլը։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել այն ժամակաշրջանը, երբ՝ գրականությունն ու հասարակագիտությունը խցանվել են դոգմատիկ կլիշեներով ու մշակութային ագրեսիվ ցենզուրայով։ Այսինքն, ճակատներին «գենդեր» գրությունը դակած մարտնչող փոքրամասնությունները իրենց հակաինտելեկտուալ բռնության գործիքներով մարդկությանը հսկելու և պատժելու մեխանիզմներ են ստեղծել, որոնց ներգործությամբ մարդը կարող է այլևս դադարել մարդ դիտարկվել և հենց այն սոցիումի մեջ, որտեղ ինքն ապրում է։
Ցավալին այն է, որ նույնիսկ ինտելեկտուալներն են վախենում հակառակվել մշակութային այս տոտալիտար համակարգին, քանի որ ոչ ոք չի ուզում ապրել ռասիստ, սեքսիստ և հոմոֆոբ պիտակներով։
Սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ ներկայումս մոլորակի ամենախոցելի խավը սպիտակամորթ, 25-50 տարեկան, հետերոսեքսուալ տղամարդիկ են։ Տիրապետող դիրքեր զբաղեցնող ագրեսիվ փոքրամասնությունների պարտադրած տոտալիտար մշակույթում նրանց պահանջարկը կտրուկ նվազեցվել է։ Նրանք այլևս պետք չեն, հետաքրքիր ու արդիական չեն։ Էս տեսակը ենթարկվում է գաղափարական ոչնչացման և նրանց իրավունքները ոչ ոք չի պաշտպանում։
Սա դարաշրջանն է անարյուն ինկվիզիցիայի։