Հնարավոր է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը 3-րդ բողոքը ներկայացնի ՄԻԵԴ, եթե 39 հոդվածի հիմքեր առաջանան

 Հնարավոր է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը 3-րդ բողոքը ներկայացնի ՄԻԵԴ, եթե 39 հոդվածի հիմքեր առաջանան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, «Հրապարակի» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փուլում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրենց բողոքները, ասաց, որ հնարավոր է 3-րդ բողոքը ներկայացնեն․

«ՄԻԵԴ-ում այս պահին ունենք 2 բողոք։ Դրանք վերաբերում են անմեղության կանխավարկածին և ազատության իրավունքին, այսինքն՝ արդար դատաքննության և ազատության իրավունքի խախտումներին։ Այս պահին դեռ ամենանախնական փուլում են, դեռ կոմունիկացված չեն։ Կախված զարգացումներից՝ կպատրաստվի ևս մեկ բողոք, թե ինչ զարգացումներ կունենանք մոտակա մի քանի շաբաթների կամ մի ամսվա ընթացքում, երբ 3-րդ բողոքի անհրաժեշտությունը կառաջանա։ Դա վերաբերում է «արդարադատություն իրականացնելուց խուսափելուն», դատարանի մուտքի հնարավորությունը ապահովելուն խոչնդոտելուն։ Խոսքը ֆիզիկական խոչնդոտելու մասին չէ, այլ գործ քննելուց հրաժարվելը։

Այս պահին այդ գործերը չեն կարող ունենալ առաջին «պրիարիտետ»՝ ի տարբերություն, օրինակ Սամվել Մայրապետյանի գործի, որտեղ կա կյանքի և առողջության խնդիր, բայց այդ գործերը ևս որոշակի առաջնահերթությամբ կքննվեն։ Համապատասխանաբար ակնկալում ենք սեղմ ժամկետներում քննություն, իսկ դա Եվրոդատարանի համար բավականին երկար է։ Զարգացումներից կախված հնարավոր է նաև հիմքեր առաջանան, այսպես կոչված, 39 հոդվածի, դա նախնական հրահանգ կամ հայկական իրավական մտքի տեսակետից հայցի ապահովում պահանջելու կամ նմանատիպ գործընթացների վերաբերյալ։ Բայց այս պահին դեռևս այդ 2 բողոքներն են»,- ասաց Քոչարյանի պաշտպանը։