Ես էդ դեպքի հետ կապ չունեմ. շարունակվում է Էդուարդ Բաբայանի գործով նիստը (տեսանյութ)

Ես էդ դեպքի հետ կապ չունեմ. շարունակվում է Էդուարդ Բաբայանի գործով նիստը (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դռնփակ կարգով այժմ շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստը։

Ըստ մեղադրանքի՝ Վյաչելսավ Հարությունովը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, առանձին գտնվելով դահլիճում, ընդհանուր հայտարարի չգալով՝ Հարությունովը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հայհոյանք է հնչեցրել, որից հետո Էդուարդ Բաբայանը ծեծի է ենթարկել Վյաչեսլավ Հարությունովին: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։

Քիչ առաջ նիստը 10 րոպեով ընդմիջվեց։ 

Լրագրողների հետ զրույցում Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ նիստին դեռեւս լսվում են խոսակցությունների ձայնագրությունները. «Էդտեղ Էդվարդ Բաբայանի անունն ընդհանրապես չի շոշափվում։ Բազմաթիվ են հայհոյանքները։ Մի տեղ Էդո են ասում, իսկ թե ի՞նչ Էդո է։ Ձայնագրություններն ապացույցներ չեն»։

Ըստ պաշտպանի՝ խոսակցությունը տեղի է ունենում ընտանիքի անդամների միջեւ, այնտեղ հնչում է նաեւ «Գագո» անունը. «Ծառուկյան Գագիկի մասի՞ն է խոսքը, չգիտեմ։ Չեմպիոն դառնալու դեպքում Ծառուկյանը պարտավոր է մեքենա տալ, Հարությունովն ասում է կնոջը»։

Էդուարդ Բաբայանն էլ նշեց. «Ես էս դեպքի հետ կապ չունեմ։ Հիմա նորմալ հարաբերություններ ունեմ Հարությունովի հետ։ Ծեծը եւ բռնությունը որակում եմ շատ վատ... Ես չգիտեմ՝ իմ հետ կապված ինչի են սենց բաներ ուզում անեն․ երեւի երեւացող մարդ եմ»։

 Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվել էր, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։