Մի տեսակ վտանգ եմ զգում, որ չափից շատ է վկայակոչվում օրենքի գերակայությունը

Մի տեսակ վտանգ եմ զգում, որ չափից շատ է վկայակոչվում օրենքի գերակայությունը
Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մեզ հետ զրույցում ամփոփելով տարին, նախ հիշեց ապրիլ-մայիսյան իրադարձությունները, որոնք, իր կարծիքով, ժողովրդավարական գործընթացներ էին։ Եվ այդ առումով, ըստ Թաթոյանի, շատ կարեւոր էին, որ հավաքները շատ խաղաղ էին ընթանում։ «Սկզբնական շրջանում, որ խախտումներն արձանագրվում էին, մենք շուրջօրյա աշխատանքով արձանագրում էինք, դրանք ընթացքում գնալով ավելի նվազեցին եւ վերացել էին, ըստ էության։ Բայց ուզում եմ նաեւ նշել, որ դրանք կարեւոր էին նաեւ այն առումով, որ հետագայում քաղաքացու կամքի իրացման շնորհիվ հանգուցալուծվեցին երկու ընտրություններով։ Բայց նաեւ ունեցանք որոշ խնդիրներ անհանդուրժողականության հետ կապված․ ատելության խոսքի ու վիրավորանքի տարածվածությունը, ես կարծում եմ, դարձել է արդեն լուրջ մարտահրավեր խոսքի ազատությանն ու մարդու իրավունքներին»,- ասաց պարոն Թաթոյանը։

- Մինչ ատելության խոսքին ու համացանցի «քոմենթներին» անդրադառնալը, նախ ուզում եմ հարցնել՝ քաղաքական իշխանության փոփոխությունը երկրում այդ նույն բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարման հարցում դրական որեւէ ազդեցություն ունեցե՞լ է։

- Գիտե՞ք, ոլորտներ կան, որ համակարգային խնդիրները շարունակվում են։ Օրինակ՝ արտահերթ զեկույցներով նշել ենք դա, Սահմանադրական դատարան ուղղվող դիմումներով եւ այլն։ Բայց ոլորտներ կան, որ, իհարկե, արձանագրվել են դրական զարգացումներ։ Օրինակ՝ նույն ընտրությունների ընթացքում լրագրողների աշխատանքի հանդեպ խոչընդոտների խիստ նվազման հարցում։

- Իսկ համացանցային «քոմենթների», այդ ատելության խոսքի մասով ի՞նչ պատկեր ունենք, ձեզ ուղղված դիմում-բողոքները շա՞տ են։

- Մի քանի ուղղություններով այստեղ լուրջ վտանգներ եմ տեսնում։ Առաջինը, որ չի հանդուրժվում այլ կարծիքը։ Հաճախ չի էլ ուսումնասիրվում, թե ինչ է բովանդակությունը, այլ ընդամենը, թե ով է հարցազրույց տվողը, կամ ինչ վերնագիր է։ Խնդիրն այն է, որ հաճախ հարցազրույց տվողը լրագրողի հետ նույնացվում է, եւ արդյունքում լրագրողներն են թիրախավորվում։ Սա էլ է վտանգավոր։ Փաստաբանների հետ կապված աշխատանքը, որ, կախված գործերից՝ թիրախավորվում է։

- Վերջին ամիսները հագեցած էին տարբեր հանրային դեմքերի նկատմամբ հարուցված քրեական գործերով՝ Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան եւ այլն։ Նրանց հանդեպ եւս անհանդուրժողականության կոչեր էին հնչում, փորձում էին խոչընդոտել ակցիաները եւ այլն։ Այս հարցում դուք խախտումներ արձանագրե՞լ եք։

- Իհարկե, խնդիրներ արձանագրել ենք մեր հայտարարություններով։ Եթե հետեւել եք, ընդամենը մի քանի օր առաջ հայտարարություն տարածեցինք, որտեղ խիստ մտահոգություններ էինք հայտնում փաստաբանների նկատմամբ վերաբերմունքի առումով, դատավորների եւ այլն, եւ արդարադատության ոլորտի հետ կապված՝ ընդհանրապես։ Մարդու իրավունքների պաշտպանը պարզապես կոչնչացնի ամեն ինչ՝ հեղինակություն եւ այլն, եթե հանկարծ սկսի գործել ըստ իրավիճակի։ Ես մի անգամ ասել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի համար կապ չունի, թե ինչ հասարակական ընկալումներ կան։ Նա կատարում է իր գործառույթը։ Վերջ։ Իհարկե, գնահատականները կարեւոր են տարբեր հարցերում, բայց կապ չունի՝ պետք է կատարել գործառույթը։

- Դուք նախորդ իշխանությունների կողմից առաջադրված կադր եք։ Նոր իշխանությունները գո՞հ են Ձեր աշխատանքից։ 

- Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ նախորդ իշխանությունների կողմից առաջադրված-չառաջադրված՝ ես չեմ կարծում, որ այդ կարծրատիպն այլեւս պահպանված է։ Մենք ապրիլ-մայիսյան իրադարձություններին այնքան էինք աշխատում, այնքան խիստ էին մեր գնահատականներն ու արձանագրած խախտումները, ես հիշում եմ՝ վերջին ժամանակաշրջանում մենք առանձին մարմինների հետ նույնիսկ առճակատումների մեջ էինք։

- Այլեւս չե՞ք ասոցացվում նախորդ իշխանությունների հետ։

- Էսպես ասեմ․ ես այդ խնդիրը չեմ դնում՝ ասոցացվել կամ չասոցացվել։ Ես կատարում եմ իմ գործառույթը, եւ, այո, ինձ համար նշանակություն չունի, թե ով է քաղաքական իշխանությունը։ Ինձ առաջադրել է նախկին քաղաքական մեծամասնությունը, բայց ինձ նաեւ ընտրել է նախկինում ընդդիմությունը։ Եվ դա շատ օգնում էր ինձ, հիմա էլ օգնում է, այդ թվում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

- Այսինքն՝ կարող ենք ասել, որ մինչեւ 2022 թիվը վտանգված չէ Ձեր պաշտոնավարումը։

- Ես չեմ կարող էդպիսի գնահատական տալ։ Ես ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը Սահմանադրությամբ պաշտպանված պաշտոն է՝ բոլոր երաշխիքներով, եւ ամենակարեւորը՝ ուզում եմ նշել, որ սկզբնական անկախության համար շատ կարեւոր էր, որ քվեարկության ժամանակ ձայները թե՛ ընդդիմության կողմից էին, թե՛ գործող իշխանության։

- 2019 թվականին ի՞նչ եք ակնկալում Ձեր ոլորտի մասով։

- Ես շատ ակնկալում եմ իրավունքների պաշտպանության մշակույթի ձեւավորում։ Մի տեսակ վտանգ եմ զգում, որ չափից շատ է վկայակոչվում օրենքի գերակայությունը։ Մի տեսակ շատ ֆորմալ մոտեցումներ են ցուցաբերվում։ Շատ կարեւոր է իրավունքի գերակայությունը, որ իրականում մեկնաբանվի մարդու իրավունքների տեսանկյունից, հիմքում դրվի մարդու իրավունքը։ Եթե մենք սկսեցինք օրենքներին վերաբերվել որպես ֆորմալ ինչ-որ ցուցումներ եւ այլն, որոնցով պետք է շարժվենք, դա արդեն խնդիր կլինի։ Պետք է մեկնաբանել իրավունքի տեսանկյունից։