«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
- Արդեն մի քանի օր է՝ հատկապես իշխանական եւ մերձիշխանական շրջանակները հպարտորեն խոսում են հայ-ամերիկյան զորավարժությունների մասին՝ այն ներկայացնելով իբրեւ մեծագույն ձեռքբերում, իբրեւ ՀՀ պաշտպանվածության ամրապնդում եւ ամերիկյան քաղաքական եւ ռազմական ուժի` Հայաստան մուտք գործելու ապացույց: Սակայն իրականում պարզվում է` հայ-ամերիկյան զորավարժությունները սոսկ Հայաստանում հայ խաղաղապահների վերապատրաստում է, ուրիշ ոչինչ: Որ մեր զինվորներին հետո տանեն աշխարհի թեժ կետերը` ՆԱՏՕ-ի խաղաղապահների բրիգադներում կռվելու: Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել:
- Ես կասեի, որ անգամ մեր զինվորները չեն էլ կռվելու, ուղղակի խաղաղապահ օպերացիաներին բնորոշ գործողությունների են դիմելու: Դրանք վարժանքներ են, որոնք հիմնականում բնորոշ են ոստիկանական զորքերին` պարեկություն, շարասյուների ուղեկցություն, հումանիտար գործողություններ, ու այդպես շարունակ: Սա ստանդարտ բան է, եւ այնպես չէ, որ առաջին անգամ է նման բան լինում, եւ սա հաստատ զորավարժություն չէ, որով ԱՄՆ-ն ինչ-որ բան է ակնարկում Ադրբեջանին, կամ որը հայկական զինուժի կարողությունները կարող է բարելավել: Սա ստանդարտ մի բան է, որը մշտապես եղել է:
- Կոնկրետ ԱՄՆ-ի հետ երբեւէ եղե՞լ է նման համագործակցություն:
- Հայկական խաղաղապահները մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին` Կոսովոյում, Աֆղանստանում եւ այլեւ երկրներում: Այնպես չէ, որ սա նոր բան է, նման վարժանքներ միշտ էլ եղել են: Գերմանիայում էլ են նման վերապատրաստումներ անցել՝ նույն ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով: Հիմա այդ ամենն ուռճացվում է, ընդ որում՝ երկու կողմից, բայց իրականում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
- Իսկ ինչո՞ւ է ուռճացվում:
- Նպատակը քաղաքական թեմա ստեղծելն է:
- Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում նախապատերազմական մթնոլորտ է: Նիկոլ Փաշինյանն էլ հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում սահմաններին: Ձեր կարծիքով` իսկապե՞ս սպասվում են լայնածավալ ռազմական գործողություններ, թե՞ Ադրբեջանը, Հայաստանի գործող իշխանությունների հետ միասին, փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա՝ հերթական զիջումները պարտադրելու կամ արդարացնելու համար:
- Հոգեբանական ճնշումներ գործադրելու համար դժվար թե Ադրբեջանը կտրուկ մոբիլիզացիա սկսեր: Ես նախորդ տարվանից բարձր եմ գնահատել նոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը, այնպես որ՝ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա այսօր: Ցավոք, Հայաստանի զինված ուժերի ներկայիս վիճակում, որին հանգեցրել է հենց Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ միտումնավոր, Ադրբեջանի համար մեծ գայթակղություն է առաջանում իր համար խնդիրներ լուծելու` ռազմական ավանտյուրայի ճանապարհով:
- Ի՞նչ խնդիրներ է ցանկանում լուծել Ադրբեջանն այսօր:
- Կարող է լինել Արցախի եւ ՀՀ-ի հարցը միասին` որը ստացվի: Զուտ տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մի քանի հարվածի հնարավորություն կա, որովհետեւ եղան որոշ հայտարարություններ, որոնք, մեծ հաշվով, նպաստեցին դրան: Օրինակ՝ նշվեց, որ այն սարի վրա, որի վրա ողջ տարին ձյուն է նստած, մեզ պետք չէ, եւ այլն: Արդյունքը սա է:
- Այս ամենի ֆոնին Աննա Հակոբյանը մեկնել է Ուկրաինա, գաջեթներ նվիրել ուկրաինացի դպրոցականներին եւ իր աջակցությունը հայտնել ուկրաինացի ժողովրդին: Այդ ամենը կարո՞ղ է ազդել Հայաստանում առկա իրավիճակի վրա, եւ, վերջապես` ռուսական կողմի զայրույթն ինչի՞ կարող է հանգեցնել:
- Դժվարանում եմ ասել, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանը, որը չէի ասի, թե Ռուսաստանի հետ փայլուն հարաբերությունների մեջ է, շատ ավելի զգուշավոր է իրեն դրսեւորում: Վրաստանը շատ ավելի իմաստուն է հարցին մոտենում: