Առաջին քայլը Նիկոլ Փաշինյանից հնարավորինս շուտ ազատվելը պետք է լինի․ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան

Առաջին քայլը Նիկոլ Փաշինյանից հնարավորինս շուտ ազատվելը պետք է լինի․ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան

Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 10-ից փաստացի հաստատվել է հրադադար։ «Իմքայլական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԼՂՀ տարածքների հանձման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ավելի սրվեց ներքաղաքական վիճակը, ճգնաժամային մակարդակի հասած հասարակական պառակտումը ավելի խորացավ, առկա է հումանիտար աղետ։

Պետության ղեկավարի աթոռը զբաղեցնողը և իրեն աջակցող խմբավորումները շարունակում են զմռսված մնալ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններում իրենց ձեռքը հայտնված աթոռներին և չեն հեռանում։ Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հետևանքով հայկական զինված ուժերում ոչ միայն կենդանի ուժի, այլև՝ ռազմական ենթակառուցվածքների, զինտեխնիկայի ահռելի կորուստներ են եղել։

Փաստացի Ռուսաստանի Դաշնությունը դարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի մնացյալ հատվածի անվտանգության և տարածքային ամբողջականության միակ երաշխավորը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և իր վարչակազմն էլ կատարում են ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման, սոցիալական, անվտանգության հարցերով գործառույթները, որոնք դե յուրե պետք է կատարեին Հայաստանի և Արցախի իշխանությունները։ Վերը նշված հարցերով իրենց հնարավորությունների շրջանակում զբաղվում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, առանձին իրավաբաններ, իրավապաշտպաններ։ Դե ֆակտո հայկական երկու պետություններում Սահմանադրությամբ մարդկանց կյանքին առնչվող գործառույթների համար պատասխանատու մարմինները պարալիզացված են, իրենցից ոչինչ են ներկայացնում։

Ինչ-որ չափով իր սահմադրական գործառույթների շրջանակում աշխատում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոյեմբերի 16-ին հանդես էր եկել ուղերձով՝ նշելով ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին, որպեսզի երկիրը դուրս բերվի ճգնաժամից, և հնարավոր լինի Հայաստանի և Արցախի մնացյալ հատվածի համար դիվանագիտական դաշտում գոնե փորձել ինչ-որ օգուտներ քաղել և զարգացման հեռանկարներ մշակել։

Թեմայի շուրջ «Հրապարակը» խոսել է «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

-Պարո՛ն Վրթանեսյան, տարածքները հանձնվեցին, Քարվաճառը, Աղդամը փոխանցվեցին, արդեն Հադրութն էլ է փոխանցվում փաստաթղթային առումով։ Հիմա որ տարածքներն արդեն անցնում են Ադրբեջանի վերահոսկողության տակ, սրանք ի՞նչ անվտանգային խնդիրներ են ստեղծում թե՛ Հայաստանի համար և թե՛ Արցախի մնացյալ հատվածի համար։

-Եթե կարճ ձևակերպենք, ապա ահռելի անվտանգային խնդիրներ են։ Նախ, Հայաստանի Հանրապետությունն ունենում է լրիվ անպաշտպան սահման Ադրբեջանի հետ։ Եթե մեր նախկին սահմանները 26 տարում ամրացվել էին, շատ լուրջ, շատ ծախսատար ամրաշինական աշխատանքներ էին արվել, ապա հիմա այդ ամենը հարյուրավոր կիլոմետրերով պետք է նորից սկսվի։ Երկրորդը, որը շատ կարևոր է, այն տարածքները, որոնք տեղի բնակիչները՝ ՀՀ քաղաքացիները, ընկալել են որպես անվտանգ, որպես իրենց պատկանող, որտեղ անասուն են արածեցրել և այլն, ըստ էության, հիմա այդ տարածքները կարող են դառնալ միջդիրքային տարածություն, դիրքերին շատ մոտիկ լինել։ Եթե նախկինում խնդիրները հիմնականում Տավուշում էին, ապա այսօր այդ խնդիրներն ունենում են Սյունիքի բնակիչները, Ջերմուկի բնակիչները և այլք։ Երրորդը, նոր կոմունիկացիաներ են հայտնվում թշնամու թիրախում, օրինակ՝ Կապանից Մեղրի ճանապարհը։ Եթե վերադառնում ենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի իրողություններին, ըստ էության, այդ ճանապարհն անցնելու է հենց սահմանով, և թշնամին ցանկացած պահի կարող է այդ ճանապարհով անցնողների վրա կրակել։ Ու դրան ավելանում է նաև այն, որ մենք Ադրբեջանին պետք է ճանապարհ տանք Մեղրիով և չվերահսկենք մեր տարածքով անցնող ճանապարհը, այսինքն՝ այն վերահսկելու են ռուս սահմնապահները։ Բացի ռազմական վտանգներից սրանք, ըստ էության, նաև Հայաստանի ինքնիշխանության համար են լուրջ վտանգներ։

-Եթե խաղաղապահների գործունեությունը համեմատենք Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության հետ, կարո՞ղ է խաղաղապահ զորքը հավասարաչափ անվտանգություն ապահովել, թե՞ խաղաղապահ առաքելությունը չի կարող նույն արդյունավետությունն ունենալ։

-Այն տարածքը (ԼՂՀ տարածքը - ՀՐԱՊԱՐԱԿ), որի անվտանգությունը նախկինում ապահովում էր մոտ 20 հազար մարդ՝ Պաշտպանության բանակը, այսօր բավականին մեծ տարածք, ճիշտ է այդ տարածքը կրճատվել է, բայց բավականին մեծ տարածքի անվտանգությունը պետք է ապահովի ընդամենը մոտ 2 հազար խաղաղապահ։ Օրինակ՝ արդեն եղել են առևանգումներ Գորիս-Լաչին ճանապարհի հատվածում, Գորիս-Ստեփանակերտ հատվածում, մեծ թվով քաղաքացիներ են պատանդ վերցվել ադրբեջանցիների կողմից և հիմա Ադրբեջանում են։ Այն որ, ըստ էության, այդ ճանապարհն Ադրբեջանինն է, ուղղակի այդտեղով (Լաչինով դեպի Ստեփանակերտ - ՀՐԱՊԱՐԱԿ) կարող է երթևեկել հայկական կողմը, և հայերի անվտանգությունը պետք է ապահովեն խաղաղապահները, այսինքն՝  դեռ մեծ հարց է, կարո՞ղ է մարդ մեքենա նստել ու գնալ Ստեփանակերտ, թե՞, օրինակ, պետք է սպասի՝ մինչև խաղաղապահները շարասյուն հավաքեն և այն պաշտպանելով տանեն։ Մի խոսքով՝ ըստ էության, Արցախի կապը Հայաստանի հետ կտրվում է։

-Շատ էին, չէ՞, Քարվաճառի բարձունքները անվտանգային առումով համեմատվում Գոլանի բարձունքների հետ (Սիրիական տարածք Մերձավոր Արևելքում, որը ՄԱԿ-ը համարում է Իսրայելի կողմից բռնագրավված)։ Հիմա որ Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին, այս իրավիճակում ի՞նչ խնդրի առջև ենք կանգնում։

-Նախ, Հայաստանի սահմանը բացվում է, մերկանում է, այսպես ասած։ Երկրորդը, դա երկրորդ ճանապարհն էր դեպի Արցախ, մենք այդ երկրորդ ճանապարհից զրկվեցինք։ Իրականում առաջին ճանապարհից էլ զրկվեցինք, որովհետև, ինչպես նշեցի, Բերձորի ճանապարհը կայուն կապ Արցախի հետ չի կարող ապահովել, Ադրբեջանի քմահաճույքից է կախված՝ այդ ճանապարհը կկարողանա՞նք օգտագործել, թե՞ չէ։ Ռուս խաղաղապահները տվյալ դեպքում լուրջ ռազմական ռեսուրս էլ չունեն։ Եթե օրինակ վաղն Ադրբեջանը որոշեց ինչ-որ արկածախնդրության դիմել, միակ զսպող գործոնը Վլադիմիր Պուտինի ստորագրությունն է այդ հայտարարության տակ (հրադադարի եռակողմ հայտարարությունը – ՀՐԱՊԱՐԱԿ), Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, ինչպես հասկանում եք, կոպեկ չարժե այս իրավիճակում։  

-Պարո՛ն Վրթանեսյան, Աղդամն անցել է Ադրբեջանին։ Աղդամն իրենից բուֆերային գոտի էր ներկայացնում նախկինում և Արցախի անվտանգության առումով կարևոր էր։

-Բացի բուֆերային գոտուց Աղդամը նաև խաչմերուկ էր, և Ասկերանից Մարտակերտ ճանապարհը, ինչպես նաև դեպի Մարտունի ճանապարհը, ըստ էության, անցնում էր Աղդամի մոտով։ Դեռ Խորհրդային տարիներին Ադրբեջանը հատուկ այդպիսի քաղաքականություն էր վարում, որպեսզի Արցախում նույնիսկ հայկական բնակավայրերի միջև ճանապարհներն անցնեն ադրբեջանական բնակավայրերի մոտով, այսինքն՝ վերահսկողությունը պահելու համար էր դա արվում։ Այսպիսով, Աղդամը հանձնելով՝ Ադրբեջանին հանձնվեց Ասկերանից դեպի Մարտակերտ հիմնական ճանապարհը նաև։    

-Հարավային ուղղությունն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, արդեն նախատեսված է, որ Սյունիքով պետք է անցնի Նախիջևանն Ադրբեջանին միացնող ճանապարհ։ Սյունիքի պաշտպանությունն ավելի պետք է ուժեղացվի՞, ավելի նոր ու շատ սպառազինություններ պե՞տք է տեղադրվեն, ավելի շատ զո՞րք պետք է լինի, ի՞նչ եք կարծում։

-Շատ բաներ պետք է արվեն և պետք է արվեն շատ արագ։ Ուղղակի ներկա իշխանությունները, ինչպես տեսնում եք, միակ խնդիրը, որ լուծում են, իշխանության մնալու, իրենց աթոռը պաշտպանելու խնդիրն է։ Ըստ այդմ՝ անիմաստ եմ տեսնում անելիքների մասին խոսելը, որովհետև Հայաստանի ապագայի մասին մտածող ցանկացած մարդու համար միակ անելիքն այսօր Փաշինյանի ռեժիմից օր առաջ ազատվելը պետք է լինի։ Ցանկացած լուծման, ճանապարհային քարտեզի, ցանկացած պլանավորման առաջին քայլը Նիկոլ Փաշինյանից հնարավորինս շուտ ազատվելը պետք է լինի, Հայաստանի ազատելը Նիկոլ Փաշինյանից։   

-Այսքան զոհեր ունեցանք, զինտեխնիկայի կորուստ ունեցանք․․․

-Ահռելի կորուստներ են, բացի դրանից հսկայական թվով զորամասեր ենք կորցրել, զինվորների տեղակայման խնդիր կա։ Ինչպես ասացի, պաշտպանական բնագծերն են փոխվել։ Մի խոսքով՝ ահռելի աշխատանք է, և ինչպես տեսանք, Փաշինյանը 2018 թվականին ստացավ բավականին լավ տնտեսական վիճակում գտնվող երկիր՝ ամուր պետական ապարատով, որը չնայած իրենց գործողություններին, շարունակեց իներցիայով աշխատել։ Այնուամենայնիվ, այս ամենն ունենալով՝ նա երկիրը կործանման եզրին հասցրեց։ Սա նշանակում է, որ ներկա իշխանությունները որևէ բան ի վիճակի չեն անել, դա արդեն բազմիցս տեսանք։ Ես արդեն չեմ պատկերացնում՝ էլ ի՞նչ խայտառակութուն պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանի երկրպագուները հասկական, թե այդ մարդն ինչ վտանգ է ներկայացնում նաև իրենց անձնական անվտանգության համար։ Ի վերջո, մեր բոլորիս երեխաներն են այդ բանակում ծառայելու և բոլորիս երեխաներն են ստիպված լինելու շատ ավելի դժվար պայմաններում ծառայել։    

-Ազգային համաձայնության կառավարության ձևավորման դեպքում ի՞նչ սպառազինություն է պետք է գնել, արդյո՞ք ժամկետային զինծառայողները պետք է շատ լինեն, թե՞ պայմանագրայինները, ո՞ր երկրներից է պետք սպառազինություն գնել։ Ազգային համաձայնության կառավարության առաջին քայլերը որո՞նք պետք է լինեն։

-Այն կարգի հսկայական խնդիրներ են ստեղծվել։ Նախ, հարցնում եք՝ «ի՞նչ երկրներից, ի՞նչ սպառազինություն», ես Ձեզ հարց եմ տալիս՝ ի՞նչ փողով  է այդ սպառազինությունը գնվելու։ Հայաստանի տնտեսությունը լրիվ փլված վիճակում է։ Այս ճգնաժամը, որ ստեղծեց Նիկոլ Փաշինյանը, փախստականների շատ լուրջ խնդիրներ ունենք։ Հայաստանի ցորենի ցանքատարածությունների մի հսկայական մաս մնացել է թշնամու ձեռքում, ահռելի քանակով բիզնեսներ, գինեգործարաններից սկսած ինչ-որ գյուղատնտեսական նշանակության բաներով վերջացրած, այս ամենի պայմաններում մեծ հարց է, թե մենք ի՞նչ ֆինանսական միջոցներ ունենք երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Ես նույնիսկ վախենում եմ մտածել այն մասին, թե առջևում ինչ դժվար ճանապարհ է, ինչ զոհաբերությունների գնով ենք մենք կարող երկիրը վերականգնել։

-Ամեն դեպքում ի՞նչ սպառազինութուն պետք է բերվի փոփոխված բնագծերով պաշտպանությունն ապահովելու համար։

-Համար 1 խնդիրը ՀՕՊ համակարգերի վերականգնումն է։ Այսօրվա օրով Հայաստանի օդը, չասենք, լրիվ անպաշտպան է, բայց դրան մոտ իրավիճակ է։


-Մեր հակաօդային պաշտպանության, այսպես ասած, օդը փակող միջոցը համարվում էր «Ս-300»-ը։ Կարծես թե, «Ս-300»-ի արդյունավետությունն անօդաչու թռչող սարքերի դեմ այդքան էլ չաշխատեց։ Այն կարո՞ղ է էֆեկտիվ լինել, թե՞ հակաօդային պաշտպանության այլ զենքերի վրա է պետք կենտրոնանալ, օրինակ՝ «Շիլկա՞» է պետք բերել, որ հակաօդային պաշտպանությունն ավելի ճկուն ապահովվի։

-Տեսեք, հակաօդային պաշտպանությունը երբեք մեկ համակարգով չի արվում։ Հակաօդայինը բազմաշերտ պաշտպանություն է, որտեղ ամեն շերտում կան տարբեր միջոցներ։ Այսինքն՝ ցանկացած դեպքում «Ս-300»-ի կարգի պաշտպանություն մեզ պետք է, թեկուզ ինքնաթիռներից, որովհետև եթե մենք «Ս-300»-ը չունենանք, մենք խնդիրներ ենք ունենալու թշնամու ինքնաթիռների հետ։ Այս պատերազմում իրեն բավականին լավ «Տօռ»-ը ցույց տվեց, նույն «Օսա»-ներն էլ իրենց տեղն ունեն։ Այսինքն՝ այս պատերազմի դասերն էլ  պետք է շատ արագ վերլուծվեն, հասկացվի, թե որն ինչ արդյունավետությամբ է գործում, որից քանի հատ է պետք, որը որտեղ է աշխատելու, ինչ խնդիրներ է լուծելու։ Դուք հիմա կենտրոնանում եք սպառազինության գնումների վրա, բայց եկե՛ք հասկանանք՝ զորակոչվող զինվորը որտե՞ղ է քնելու, որտե՞ղ է պատրաստություն անցնելու։ Կառավարության հսկա ինստիտուտներ պետք է աշխատեն, որոնք, ինչպես տեսնում եք, ամեն ինչով զբաղված են բացի իրենց ուղիղ գործից։ Պատերազմի ժամանակ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմիններն այն գործը, որ պետք է անեին, դրա փոխարեն կամուֆլյաժով «տունտունիկներ» էին խաղում ու ինչ-որ փիառ թատրոններ էին անում, թե «տեսեք-տեսեք, հայրենիք ենք պաշտպանում»։ Իրենք հայրենիքը պետք է պաշտպանեին իրենց կաբինետներում, իրենք իրենց գործն ահավոր ձևի տապալեցին։ Ցանկացած նոր իշխանություն, որ գա, ամիսներ են տևելու մինչև այդ բոլոր վնասները, Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կործանածն ուղղակի գնահատելու համար։ Էլ չասեմ, որ դեռ մեծ հարց է՝ «արդյո՞ք մեր թշնամին կտա այդ ժամանակը, որ մենք հասցնենք վերականգնվել»։ Եկեք հասկանանք, որ այդ փաստաթուղթը, ըստ էության, ոչ մի բանին ոչ մի երաշխիք չի տալիս։ Կապիտուլյացիա է, բայց այդ կապիտուլյացիայում որևէ հստակ երաշխիք ամրագրված չէ։ Պատերազմը չի ավարտվել և ցանկացած պահի կարող է վերսկսվել։

-Իսկ բանակն ինչպե՞ս է պետք վերակազմավորել, ինչ-որ պետության մոդել կա՞, որ նոր կառավարությունը կարողանա օգտագործել, օրինակ՝ Իսրայելի մոդելը։ Հաշվի առնելով, որ Իսրայելը, կարծես թե, նույն իրավիճակում է, ինչպիսին մենք ենք։

-Մենք նույն իրավիճակում չենք, ինչ Իսրայելը, որովհետև Իսրայելը տասնյակ միլիարդավոր դոլարների օգնություն է ստացել Միացյալ Նահանգներից ։ Եկեք դուրս գանք կինոֆիլմային վիճակից, որտեղ կինոհերոսները գալիս են ու արագ ինչ-որ լուծում են բերում, ինչ-որ կախարդական մեքենա, չկա այդպիսի բան։ Մենք ունիկալ վատ վիճակում ենք, ես չեմ պատկերացնում, թե որ երկրի փորձ է կարելի վերցնել հիմա, արդյոք կա երկիր նման իրավիճակում, հա՞, Հայաստանում հիմնովին կործանված են պետական ինստիտուտները, ահավոր հարված է հասցված բանակին։ Դրան գումարած մենք ունենք իշխանություն, որը շարունակում է կործանել, թանկարժեք ժամանակ կորցնել և այլն։ Բայց եթե Դուք սպասում եք, որ ինչ-որ պարզ լուծում կտամ ու կասեմ՝ «Ա՛յ, էս ա պետք անել», չկա պարզ լուծում։ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ տրյուկն էր, երբ որ ինքը գալիս էր իշխանության, ասում էր՝ «Ամեն ինչ շատ պարզ, հեշտ ձևով լուծվելու է»։ 5 րոպեում պատրաստվում էր կոռուպցիան հաղթահարել, խոստումներ էր տալիս՝ 2,5 միլիարդ դոլար տալ բանակին, որն այդպես էլ երբեք չկատարվեց։ Այդ ձևի «կախարդական» լուծումներ, արագ լուծումներ չկան։ Որևէ գործիչ, որևէ մասնագետ եթե կա ասի, որ ունի «կախարդական» լուծում՝ «Ա՛յ, հիմա մենք կգնենք այս ինչ բանը, այս ինչ ՀՕՊ համակարգը, և խնդիրը կլուծվի», դա իրականում մանիպուլյացիա է, չկա այդպիսի բան։ Ոչ մի խնդիր արագ չի լուծվելու, ահավոր բարդ խնդիրներ են հիմա մեր առջև կագնած ու պարզ լուծումներ չունեն։ Երկարատև աշխատանքներ են ու բարդ լուծումներ են, բազմաշետ խնդիրներ՝ սկսած դիվանագիտականից վերջացրած ռազմականով։ Ու էլի եմ կրկնում․ մեծ հարց է, թե մենք ինչ ի վիճակի կլինենք գնել՝ հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, մեզ ընդհանրապես որ երկիրն ինչ կծախի, արդյո՞ք մենք կհասցնենք յուրացնել այդ համակարգերը։ Օրինակ՝ «ՍՈՒ 30»-ը շատ լավ, հզոր զենք է, բայց մենք չհասցրինք, ի վիճակի չեղանք այդ զենքը յուրացնել, որպեսզի այն արդյունավետ օգտագործվեր պատերազմի ժամանակ, թեպետ կարող էր։ Նույն, որ ասում եք՝ «հակաօդային պաշտպանության ի՞նչ համակարգ», «ՍՈՒ 30»-ն էլ հակաօդային պաշտպանության համակարգի մի տարր, արդյո՞ք կկարողանան սրանից հետո անհրաժեշտ զինամթերքը, սպառազինությունը գնել, արդյո՞ք կկարողանան այնպես յուրացնել, որ այն աշխատի։ Դրանք շատ երկար ու շատ ժամանակատար գործողություններ են։ Ի վերջո, նույն ավիացիայի հարցը, մենք պաշտպանված ռազմական օդանավակայան ունենալու խնդիր ունենք, ցանկալի է Հայաստանի տարածքի խորքում; Ընդ որում Նիկոլ Փաշինյանի այս խայտառակ կապիտուլյացիայի հետևանքով հիմա Հայաստանի տարածքի խորք ասելն էլի հարցեր է առաջացնում։ Բոլոր առումներով այս մարդը խնդիրներ է ստեղծել Հայաստանի, հայկական պետականության, մեր անվտագության համար, բոլոր ուղղություններով։

-Կարելի՞ է ենթադրել, որ ներկա դրությամբ Ռուսաստանն է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը։

-Ըստ էության՝ այո։