Ո՞վ կփոխարինի Արթուր Վանեցյանին

Ո՞վ կփոխարինի Արթուր Վանեցյանին

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ հաստատեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և ինքը այն ստորագրել է: Դրան անմիջապես հետևեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը առ այն, որ ինքը հրաժարական է տվել: Վանեցյանը, մասնավորապես, նշել է.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Վարչապետին քիչ առաջ հարց հնչեց՝ արդյոք սա քննադատությո՞ւն չէ Վանեցյանի կողմից, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինքը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել ցանկացած հայտարարություն: Ես ինքս չեմ կարդացել, եթե հարկ լինի հավելյալ մեկնաբանություն անել, ես հետո կանեմ»:

Իսկ ո՞վ է փոխարինելու ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանին, Փաշինյանն ասաց. «Թեկնածուներ կան, կորոշեմ, կասեմ»: