Ինչպես պայքարել անքնության դեմ` առանց դեղորայքի

Ինչպես պայքարել անքնության դեմ` առանց դեղորայքի

Նյարդաբանները անքնությունը բաժանում են երեք հիմնական տեսակի՝ սուր, քրոնիկ և անցողիկ: Անցողիկ անքնությունը տևում է մեկ շաբաթից պակաս և սովորաբար առաջանում է սթրեսից: Մինչդեռ սուր անքնությունը սովորաբար տևում է մի քանի շաբաթ և առաջանում է լուրջ իրադարձության կամ վշտի, սուգի հետևանքով: Քրոնիկ անքնությունն ավելի հազվադեպ է հանդիպում, երբ ինչ-որ մեկը տևական ժամանակ դժվարանում է քնել շաբաթական առնվազն երեք անգամ:

Արևմտյան երկրներում մեծահասակների մոտ մեկ երրորդը առնվազն շաբաթը մեկ ունենում է քնի հետ կապված խնդիրներ, ընդ որում մինչև 10 տոկոսը համապատասխանում է անքնության խանգարման չափանիշներին, ասում են հոգեբանները:

Ժամանակի ընթացքում քնի պակասը կարող է դժվարացնել մարդկանց առողջ կյանք վարելը, նվազեցնել առողջ սնվելու և մարզվելու մոտիվացիան: Բացի այդ, փոփոխություններ են առաջանում նաև ֆիզիոլոգիայում, սկսում է տատանվել արյան ճնշումը և բարձրանալ արյան շաքարի մակարդակը: Մասնագետներն ասում են, որ քնի խանգարման հետևանքով մարդը կարող է դառնալ դյուրագրգիռ, խիստ նյարդային և այլն: Իսկ ինչի՞ հետևանքով է անքնություն առաջանում, ինչպե՞ս հասկանալ, թե որն է անքնության պատճառը, կամ գուցե պատճառները, ինչպե՞ս կանխել այն: 

Նյարդաբան Աիդա Հովհաննիսյանի պնդմամբ` անքնությունն ունի մի քանի հիմնական պատճառ, սակայն ամենատարածված պատճառները գերհոգնածությունն ու սթրեսը կարող են լինել.

«Անքնությունն ունենում է տարբեր պատճառներ` օրգանական և ոչ օրգանական, այն շատ հաճախ կարող է գլխուղեղային հիվանդությունների արդյունքում ի հայտ գալ, կամ գուցե ներքին օրգանների հետ կապված հիվանդություններ, որոնք ցավերով են ուղեկցվում, տագնապներով և այլն: Բայց ամենից հաճախ անքնությունը լինում է երկրորդային բնույթի, երբ օրգանական հիվանդություններ չեն ախտորոշվում, սակայն մարդն ունենում է գերհոգնածություն, ռեժիմի խախտում, երբ չի պահպանում աշխատանքային ճիշտ ռեժիմը, աշխատանքից հետո պատշաճ հանգիստ չի ունենում, քնելու փոխարեն տնային և կենցաղային, կամ գուցե այլ աշխատանքային հարցերով է զբաղվում և այլն: Այսօր աշխատանքային ռեժիմները Հայաստանում շատ ծանրաբեռնված են, իսկ օրենքն այնուամենայնիվ չի կարգավորում այս հարցը: Մարդը անգամ եթե բիզնես է ունենում, չպետք է միայն աշխատելու մասին մտածի, առողոջությունը շատ կարևոր է: Ես միշտ իմ հիվանդներին ասում եմ, որ անքնությունը կարող է հանգեցնել այլ հիվանդությունների` նևրոտիկ բնույթի, լրացուցիչ լարվածության և այլն», - ասում է բժիշկը: 

Օրվա ընթացքում քանի՞ ժամ պետք է հանգստանա առողջ մարդը.

«24 ժամվա ընթացքում մարդը պետք է աշխատի 8 ժամ, իսկ հետո անպայման հանգստանա, բայց հիմա այդ ռեժիմը շատ քիչ են պահպանում: Մեր հասարակությունը հանգիստը ճիշտ ձևով չի կարողանում տնօրինել: Մարդիկ իրենց հանգիստը պետք է կազմակերպեն` ըստ իրենց նախասիրությունների, չմոռանալով, որ քունը նույնպես կարևոր է: Սթրեսային վիճակները, որոնք դարձել են համընդհանուր, նույնպես մարդկանց կյանքում լարվածություն են առաջացնում, ինչը կարող է հանգեցնել անքնության: Կպչուն մտքերը, սթրեսները, դրանք բոլորը թույլ չեն տալիս, որպեսզի մարդը լիովին թուլանա և գիշերվա ժամերին քնի միջոցով հանգստանա: Քնի հիգիենան ևս այսօր մարդիկ խախտում են, երբեմն ցերեկը քնում են, գիշերը` աշխատում, ինչը նույնպես սխալ է: Քնի հիգիենայի համար շատ կարևոր է նաև, որպեսզի մարդը սմարթֆոնով չզբաղվի քնելուց առաջ, անվերջ հեռախոսի մեջ լինելն ու ինֆորմացիա հավաքելը խանգարում է քնին: Պետք է քնեն նույն ժամին, մութ ննջասենյակում` առանց հեռախոսների: Հակառակ դեպքում իրավիճակը կարող է բարդանալ և հիվանդությունը հաղթահարվել բացառապես դեղորայքի միջոցով», - եզրափակում է նյարդաբանը: