«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված սկանդալն ավարտվե՞ց

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հետ կապված սկանդալն ավարտվե՞ց

Ավելի վաղ գրել էինք՝«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ սկանդալ էր հասունացել. Հիմնադրամի տնօրենը՝ Մհեր Խաչատրյանը, որին հոգաբարձուների խորհուրդը ամռանն այդ պաշտոնին ընտրեց, նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրում է չարաշահումների եւ կեղծ հաշվետվություն ներկայացնելու մեջ:

Նախկին տնօրենն էլ իր հերթին մեղադրում էր նրան՝ նշելով, որ քաղաքական պատվեր է կատարում՝ վարկաբեկելով իրեն: Որոշ ժամանակ անց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել: Հիմնադրամի տարեկան արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվի ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում»։

Ավելին՝ կարճ ժամանակ անց հոգաբարձուների խորհուրդը պաշտոնանկ արեց Մհեր Խաչատրյանին՝ բացակայությունների պատճառով: Նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այսօր արդեն Ղարիբ Հարությունյանն իր ֆեյսբուքյան  էջում հրապարակել է  փաստաթուղթ ՝ քրեական գործը կարճելու մասին: «Այսօր ստացա ամիսներ տևած և հանրության շրջանում աղմուկ հարուցած քրեական գործով վարույթի կարճման մասին որոշումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ.. »,-գրել  է նա:
Հիշեցնենք, որ հիմնադրամի շուրջ ստեղծված սկանդալը հասավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Երբ նա Գյումրի էր այցելել, Մհեր Խաչատրյանն անձամբ մոտեցավ վարչապետին եւ խոսեց այդ մասին: