Մենք էլ ենք հայհոյել, բայց դրա համար մարդ չեն կալանավորում

Մենք էլ ենք հայհոյել, բայց դրա համար մարդ չեն կալանավորում

Հարցազրույց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ

- Պարոն Եղիազարյան, իշխանությունն ի՞նչ նպատակ է հետապնդում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելով:

- Գիտեք, այդպիսի երեւույթն ինձ համար նորություն չէ, դեռ 1995-ին, երբ սկսվեց ալան-թալանը, ու մենք ասում էինք՝ մի թալանեք, մի արեք, կալանավորելու գործով գրոհեցին մեր տուն, թե ինչի մեր հետ չես, ինձ կալանավորեցին, 2․5 տարի բանտում անցկացրի․․․ այն ժամանակ այնպիսի իրավիճակ էր հասունացել, որ մարդիկ ամեն ինչ անում էին, բայց մարդկանց արածը չէր գնահատվում, որովհետեւ ալան-թալանելու խնդիր կար, նաեւ մի բան զիջելու խնդիր կար, դրա համար մեր հետեւից էին ընկել, մենք էլ դրան դեմ էինք կանգնում։ Դա էն սկիզբն էր, որ դրված էր այսպիսի իրավիճակ ստեղծելու համար․․․ Այսօր եկել է էն ժամանակը, ու հիմա ինձ հետաքրքիր չէ, թե իմ հասցեին ով ինչ կխոսի, եթե մենք կորցնենք Արցախը՝ Հայաստանն էլ հետը, դառնանք թափառական աշխարհով մեկ, ինձ ոչ ոք չի խղճալու, իսկ որ հաղթեինք Արցախում, մեզ կգովեին, կմեծարեին։ Մենք դա գիտակցում էինք, դրա համար էն ժամանակ թույլ չէինք տալիս, որ Արցախի գլխին էս վտանգը կախվի, ու հիմա Մինասյան Աշոտին բռնել են նրա համար, որովհետեւ նույն ճակատագրին պիտի արժանանա նաեւ Հայաստանը։ Դրանք մարդիկ են, որ կարող են իրենց խոսքով, վարքով խանգարել այն զիջումները, որն այսօր պատրաստվում է կատարել իշխանությունը։ Ու այն մասում, որտեղ ապրում է Մինասյան Աշոտը եւ նրա նման տղաները, կարող են դեմ կանգնել, ընդդիմանալ այդ որոշմանը՝ միջանցք, զիջում․․․ ու դրա համար էլ նրան կալանավորեցին․․․ իսկ որ ասում են՝ Աշոտ Մինասյանը պատերազմի ժամանակ հայհոյել է կամ սպառնացել է մեկին, է՜․․․ այդ ժամանակ բոլորը բոլորին հայհոյում էին, սպառնում էին, մենք էլ ենք հայհոյել, բայց դա անելու բա՞ն ա, դրա համար մարդ չեն կալանավորում, դրանով մենք Ադրբեջանին ցույց ենք տալիս, որ մեզ համար գոյություն չունի ոչ մի արժեք, ոչ մի գնահատական։ Խորհրդային Միության ժամանակ, երբ մարդկանց որոշ մասը պախկվում էր, մի մասը լքում էր Հայաստանը, մի մասն էլ երկիրը թալանում էր, մենք ջոկատներ էինք կազմում ու ցույց էինք տալիս աշխարհին, որ հաղթող ժողովուրդ ենք։ Դրանցից մեկը Աշոտ Մինասյանն էր, ու հենց հետ եկանք, արժեքները փոխվեցին, չգնահատեցին զինվորին, ամեն ինչ անում են կամավորին, առաջամարտիկին, գաղափարը ոչնչացնելու համար։ 92-ին, երբ զիջում էին Շահումյանը, Մարտակերտը, մենք ընդդիմանում ու կռիվ էինք սարքում, իշխանությունները վախեցան շարունակեն նահանջը, որովհետեւ այն ժամանակ վրեժխնդիր կլինեինք, ուժ կար, որը կարող էր իշխանություններին պատժել, դրա համար կանգ առան։ Հիմա եկել, այնպիսի իրավիճակ է հասունացել, որ հասարակությունը հնարավորություն չունի դիմադրելու՝ ո՛չ սրիկայությանը, ո՛չ թալանին, ո՛չ էլ դավաճանությանը։ Հասարակությունն էդ ուժը չունի, նրա հյուսվածքը քրքրվել է, եւ էլ ոչ մի դիմադրողականություն չունի, դրա համար էս օրն ենք ընկել, ժողովուրդը դարձել է անտարբեր, ոչ մեկը ոչ մեկի համար չի ցավում, կարծես մեր ազգն ընկել է շրջափակման մեջ, չորս կողմից կրակի տակ ենք՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, դրա համար կալանավորում են մարդկանց, որոնք կարող են խանգարել իրենց կատարելիք սեւ գործը։

- Ասացիք՝ հասարակության հյուսվածքը քրքրվել է, եւ ոչ մի դիմադրողականություն չունի։ Ընդդիմությո՞ւնն էլ չունի։

- Էս ամենը մեկը մյուսի հետ շաղկապված է... մեկը պատմություն է կերտել, մյուսը երկիր ա թալանել, մենք նեղացել ենք իրարից, մարդը խոսում է մարդու հետ, ու նա այնպես է վիրավորված իր ապրուստից, այս 30 տարվա անուշադրությունից, մարդկանց պակասությունից, կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն անգամ իրենց կնոջն ու աղջկան պաշտպանելու, ցավը դրանում է, իսկ ով կարող էր ժամանակին ոտքի հանել, այդ մարդկանց այնպես ոչնչացրին, այնպիսի իրավիճակում են այդ մարդկանց պահում, որ չեն կարողանում շարժվել։ Դուք չգիտեք, թե սովետական ԿԳԲ-ն ինչ էր, անգամ այդ կառույցի ժամանակ մենք ջոկատներ ենք կազմել՝ հաղթանակներ ենք տարել, քո նախագահներից, գեներալներից ոչ մեկը չի կարողացել 30 հոգուց ավել մարդ տանի, մենք 100-ներով մարդ էինք տանում մարտադաշտ, ու այդ տղաներից մեկը Աշոտ Մինասյանն էր, որ կամավորներին շարք էր կանգնեցնում եւ տանում էր փրկելու մեր սպանված, կորսված, վարկաբեկված անունը։ Դրա համար շուռ տեցին պատմությունը, բերեցին կեղծ փաստաթղթեր, կեղծեցին ամեն ինչ, որ մեկի վրա գցեն, իսկ այս մարդիկ կարող են հանգիստ ամեն ինչը վաճառել։

- Ինչպե՞ս կգնահատեք մեր այսօրվա բանակի վիճակը՝ թե՛ բարոյահոգեբանական, թե՛ սպառազինության առումով, տեղյա՞կ եք, թե ինչ վիճակ է։

- Մեր բախտը բերել է մի բանում, որ հայ տղամարդն ուղածդ ժամանակ կարող է կատաղի զինվոր դառնալ, մնացածի մասով՝ տեխնիկա, հակաօդային պաշտպանություն, տեղեկություն չունեմ։ Իսկ բանակի բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու համար պետք է 10-20 օր զորամասեր գնալ, մարդկանց հնարավորություն ես տալիս ոգիները բարձրացնել։ Հրամանատարից շատ բան է կախված, առաջին կռվի ժամանակ էլ էր էդպես․ հրամանատարներին հավաքում էինք՝ ուժ, ոգի էինք տալիս, ապրում էինք զինվորի, կամավորի հետ, ոտքի էինք հանում, իսկ այսօրվա վիճակով էն մարդիկ, որ ուզում են անեն դա, նրանց տեղ չեն տալիս։ Դրա համար բանակը կարգի բերելու համար հարկավոր է նորմալ, առաքինի մարդկանց ընտրել, որոնք կարող են դա անել, թե չէ այս մարդկանցով հնարավոր չէ բանակը կարգի բերել, ժողովուրդը հիշողություն ունի, չէ՞։

- Իշխանությունը մի կողմից հերոսացնում է, մյուս կողմից՝ դասալիք համարում գերի ընկածներին՝ սպառնալով նրանց դատուդատաստանով։ Ինչո՞վ եք սա բացատրում։

- Եթե տղամարդը զենքը ձեռքին գերի է հանձնվել, նրա համար ոչ մի արդարացում չկա, նա իրավունք չունի անգամ կին ունենալու, որովհետեւ այդ կնոջը նախեւառաջ պետք է պաշտպանել, ես չեմ խոսում այն իրավիճակի մասին, որ, Աստված մի արասցե, մարդը վիրավոր, անօգնական վիճակում է գերի ընկնում։ Այդպիսի դեպքեր էլ են եղել, բայց ո՞նց կարելի է 4-5 հոգով 60 հոգու գերի վերցնել․․․ ես ոչ մեկի պաշտպանը չեմ, բայց այդ 60 հոգին պետք է կռվեր առնվազն 200-300 հոգու դեմ, բա ամոթ չի՞․․․

- Իսկ գուցե զենքը ձեռքին զինվորը հրաման չի ստացել կրակելու, կամ՝ երբ մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սեւ լճի 30 տոկոսի համար չի պատրաստվում պատերազմի մեջ ներքաշվել, գուցե զինվորն էլ իր կյանքի գնով չի պատրաստվում կռիվ տալ։ Կապ չե՞ք տեսնում։

- Համաձայն եմ, բայց եթե մեկն ասում է՝ չկրակեք, առաջինը իրան պետք ա կրակեք, որովհետեւ ձեզ գերի են տանելու․․․ եթե իշխանությունը չի ցանկանում կռվել, ո՛չ կամավորը, ո՛չ զինվորը չի կարող կռվել, դա հնարավոր բան չի․․․ համաձայն եմ, որ միտում կա, տեղյակ են եղել, Իշխանասարի դեպքերի ժամանակ ասել են՝ մի կրակեք, գալիս են խոսան, գնան, հետո խաբել տարել են։ Այդպիսի բաներ էլ գիտեմ, բայց ես ընդհանրապես գերու երեւույթի մասին եմ խոսում։

- Մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում է, բայց միայն նոեմբերի 17-ին հայ զինվորը կրակեց․ մենք ի՞նչ շահեցինք մայիսից ադրբեջանցիների վրա չկրակելով։

- Մենք ոչ մի բան էլ չշահեցինք, ուղղակի էլի զոհեր տվեցինք, եւ այն բլուրները, դիրքերը, որ պետք է տրվեին Իշխանասարի կողքը, տվեցին իրենց․․․ թշնամու զորքը՝ իր տեխնիկայով հանդերձ, մի 30-40 կմ ճանապարհ է եկել, չէ՞, մինչեւ մեր դիրքերը գրոհելը, ու ոչ մեկը դրա մասին տեղյակ չի եղել, ի՞նչ զինվորականության մասին է խոսքը․․․ դա ասեղ չի, եւ չես կարող գաղտնի պահես, 200-300 հոգի մարդ ա եղել ու 10-15 տրանսպորտային տեխնիկա, դա չես կարող գաղտնի պահես, ուրեմն տեսել են, բայց միտումնավոր տվել են, որ ասեն՝ մենք «հերոսաբար» Իշխանասարը չտվեցինք։ Դա էժանագին կապիկություն է, բայց դե՝ մարդիկ տենց են անում, մենք էլ դեմները չենք կարում առնենք, ի՞նչ անենք․․․։

- Հիմա ԵԿՄ-ում ի՞նչ կարգավիճակ ունեք։

- Ես մինչեւ պատերազմը սկսվելը դուրս եկա փոխնախագահությունից, իմ ինչի՞ն էր պետք, ես ուզում էի ուղղակի պիտանի լինել եւ կռվից առաջ կարգի բերել երկրապահը, բայց տեսանք, որ հնարավորություններ չկան կարգի բերելու, եւ իշխանություններին պետք չի երկրապահը․․․ բայց ո՞նց չասենք, որ թալանվել է մեր հայրենիքը, դուք ամեն մի պատահական մարդու, վախկոտի ճանապարհ տվեցիք, ստեղծեցիք անորակ հասարակություն՝ ձեր օլիգարխներից սկսած, դրանց զենքերին նայեք, պահվածքին․․․

- Պատերազմից հետո իշխանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության դարաշրջանի։ Դուք խաղաղության հեռանկար տեսնո՞ւմ եք մեր հարեւանների հետ։

- Ինչքան էլ ուզում ես լեզու գտնել, միեւնույն է՝ թույլ ես, պիտի ստրկանաս, պիտի ուժեղ լինես, որ լեզու գտնես, ուժեղի լեզուն են միայն հասկանում։ Սա Կովկասն է, մի մոռացեք, նաեւ մի մոռացեք, որ մեր հարեւանները սելջուկներ են, քոչվորներ, որ տեղից տեղ հասել են ստեղ, դրա համար այնպիսի երկիր պիտի ունենանք, որ չլինի այսպիսի վիճակ․ միլիարդներ ունեցող մարդուն հայրենիքը պետք չի, փողն ունի, ամեն ինչն ունի, Աֆրիկայում էլ կապրի ու չի խառնվի կռվին, աղքատ մարդուն էլ հայրենիքը պետք չի, ով էլ գա, ինքն իր մի կտոր հացը վաստակելու է, հայրենիքի համար պետք է պայքարի միջին խավը, իսկ միջին խավ մենք չունենք, պիտի ստեղծել այդ միջին խավը, որ պաշտպանեն իրենց տունը։ Հայրենիքը, դրա համար եմ ասում՝ հասարակության դիմադրողականությունը քրքրվել ա, չենք կարողանում դիմադրել։

- Իսկ ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ այդ նույն հասարակությունը հունիսի 21-ին վերընտրեց իշխանությանը։

- Հասարակության միայն 25-26 տոկոսն է իշխանություններին ընտրել, իսկ նրանք իմ ընտրածը չեն, ամեն իշխանություն իր ադմինիստրատիվ ռեսուրսն ունի, այդ մարդկանց մեծ մասը սովից մեռնում էր 5 տարի առաջ, հիմա գործի են անցել, ու նրանք են ձայն տվել, վախեցածները, շեղվածները, նաեւ՝ միամիտները, որ ընդհանուր կազմում են 25 տոկոս ձայն, որը մեր հասարակության ձայնը չի։