Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միշտ գալիս են տասը հոգով

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը միշտ գալիս են տասը հոգով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին հանդիպեց արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, ինչպես պայմանավորվել էին՝ ամեն ամսվա վերջին շաբաթ օրը։ Պաշտոնապես այս ձևաչափը կոչվում է համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստ, որին էլի տասը հոգով էին․ այս անգամ մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, բացակայում՝ տիկին Ռոտենբերգի հետ ռոմանտիկայի փուլ վերապրող Տիգրան Արզաքանցյանը։ Մյուս մասնակիցներն էին «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Նախորդ անգամ Արամ Սարգսյանն ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը բացակայում էին հանրապետությունում չլինելու պատճառով, ինչի մասին նշեց Նիկոլ Փաշինյանը։ Դե ինչ, Արամ Սարգսյանը վերադարձել է ու աճապարել հանդիպման, իսկ Էդմոն Մարուքյանի բացակայության պատճառն անհայտ է, որովհետև եղբոր՝ Քրիստ Մարուքյանի խոսքով նա Հայաստանում է։

Պարզվում է՝  հրավիրյալ քաղաքական ուժերը կաշկանդված են քննարկվող թեմաների մասին մամուլին բարձրաձայնելը։ Օրինակ՝ Միքայել Հայրապետյանն ասելով, որ  այո, գնալու է հանդիպման, հարցին թե ինչ օրակարգով, ասաց՝ լիարազորված չէ, որևէ բան հայտնելու։ Ու սա կանոնակարգային սահմանափակում է։
Պարզվում է՝ սա կանոնակարգային է։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը «Հրապարակին» հայտնել էր, որ անձամբ հանդիպմանը գնալու է եվրաինտեգրման հարցով, ՀՀ անդամակցություն ԵՄ և ՆԱՏՕ։

Պարոն Խզմալյանից այսօր ևս հետաքրքվեցինք՝  ինչպես է ընդունվել իր առաջարկած օրակարգը։ Ասաց․ «Ես պնդեցի դարձավ օրակարգ, առաջիկայում կտեսնենք, եթե չենք ստանում էդ պատասխանը, մենք, բնականաբար, չենք շարունակի աշխատանքը»։