Ադրբեջանին կամ Սաուդյան Արաբիային չեն պատժում, չէ՞,  որտեղ ժողովրդավարությունն իսպառ բացակայում է

Ադրբեջանին կամ Սաուդյան Արաբիային չեն պատժում, չէ՞,  որտեղ ժողովրդավարությունն իսպառ բացակայում է

Օրեր առաջ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացրեց «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում։ Ֆորումին ներկա էին ԵՄ եւ ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՔՊ-ական պատգամավորներ, ԱԺ նախագահը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ ելույթ ունեցավ միջոցառման ժամանակ՝ հայտարարելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է, որից հետո շոուի էլեմենտ մտցրեց իր խոսքում եւ ներկաներին առաջարկեց ծափահարել ՀՀ քաղաքացուն, ճիշտ այն ժամանակ, երբ հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ոստիկանությունն ուժ էր կիրառում, քաշքշում՝ թույլ չտալով մոտենալ հյուրանոցի դռներին։  

Քաղաքագետ, իրավապաշտպան Ստեփան Դանիելյանին մի քանի հարց ուղղեցինք ֆորումի, Freedom House-ի զեկույցի եւ ոչ միայն դրանց մասին։

- Պարոն Դանիելյան, ի՞նչ տպավորություն ստացաք Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումից եւ այնտեղ հնչած գնահատականներից։

- Անկեղծ ասած, ես վաղուց նման ֆորումներին չեմ հետեւում, ոչ էլ ելույթներին եմ ծանոթանում: Առանց լսելու էլ ամեն ինչ պարզ է, ու դրանց բովանդակությունը՝ կանխատեսելի։ Վաղուցվանից «ժողովրդավարություն» ասվածը դարձել է աշխարհաքաղաքական կողմնորոշման խորհրդանիշ, եւ դրա իրական բովանդությունը գնալով ավելի քիչ մարդկանց է հետաքրքրում։ «Ժողովրդավարություն» կարելի ու պետք է կառուցել երկրի ներսում, դա մարդկային մտքի ձեռքբերումներից է, ու մենք՝ բոլորս, պետք է դրան ձգտենք, սակայն երբ «ժողովրդավարությունը» քննարկվում է հարթակներում, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ են մասնակցում, այդ թվում՝ նաեւ միջազգային կազմակերպություններ, դա նշանակում է, որ նպատակն աշխարհաքաղաքական պայքարում կողմնակիցներ ձեռք բերելն է, ինչն իրական ժողովրդավարության հետ առնչություն չունի։ Ձեր նշած ֆորումը հենց այդպիսին էր։

- Իշխանությունները հպարտորեն պնդում են, որ Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է, մինչդեռ «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպությունն իր զեկույցում նշում է, որ Հայաստանը դեռ բավական հեռու է իրական դեմոկրատիայից եւ այս պահին ունի 34 տոկոսանոց դեմոկրատիա։ Ի՞նչ եք կարծում, 34 տոկոսանոց ժողովրդավարությունը կարելի՞ է բրենդ համարել։

- Ինձ այդ տոկոսները չեն հետաքրքրում, լիարժեք ժողովրդավար երկիր, իմ կարծիքով, աշխարհում չկա, եւ պետք էլ չի այդ տոկոսներով հետաքրքրվել։ Հիմա մեզ համար կարեւոր են ազգային խնդիրները, եւ մենք դրանցով պետք է հետաքրքրվենք։ Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել, ու այն մարդիկ, որոնց անկեղծորեն այդ տոկոսներն են հետաքրքրում, ինձ համար տարօրինակ են։ Ինչ վերաբերում է դատարանները շրջափակած, մուրճը ձեռքին, վերջին հայհոյանքներն ու սպառնալիքները շրթներին պետության ղեկավարի բնորոշմանը, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, սա արդեն ծաղրի ժանրից է։ Հատկապես հետաքրքիր է տեսնել մասնակիցների, այդ թվում՝ դեսպանների լուրջ հայացքները, որպեսզի հասկանանք, թե ինչ կոմեդիայի ենք մասնակից լինում։

- Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ԵՄ եւ ԱՄՆ դեսպանների պահվածքը, ի դեպ, վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ աջակցում են 2018թ․ եկած եւ 2021թ․ խորհրդարանական ընտրություններով վերահաստատված իշխանությանը։

- Չեմ գնահատում, այլ ի գիտություն եմ ընդունում։ Գնահատելու իմաստը ո՞րն է։ Դեսպանը հնչեցնում է իր կառավարության տեսակետը, դա բնական է։ ԱՄՆ կառավարությունը «ստանալիք» ունի այս իշխանությունից։ Ռուսաստանին պետք է դուրս մղեն տարածաշրջանից, դրա համար պետք է, որ Արցախի խնդիր չլինի, նրանց համար մեկ է, թե սահմաններն ինչպես կանցնեն, Արցախն ումը կլինի։ Հիմա Ադրբեջանն ուժեղացել է, ուրեմն պետք է Արցախ չլինի, որպեսզի շրջափակեն բազաներով Իրանն ու Ռուսաստանը։ Դեսպանի ասածը դա էր, ինչը բնական է ԱՄՆ շահերի տեսակետից։ Եթե պետք լինի, Հայաստանն էլ կզիջեն Ադրբեջանին, սակայն այս պահին իրենց համար ավելի կարեւոր է Սյունիքը, որը պետք է զիջվի Ադրբեջանին՝ վերոհիշյալ խնդիրը լուծելու համար։ ԱՄՆ-ն մեր թշնամին չէ, մեզ հետ որեւէ խնդիր չունեն, խնդիրներ ունեն Ռուսաստանի ու Իրանի հետ, մենք էլ խոչընդոտում ենք այդ ծրագիրն իրականացնելուն։

- Այն, ինչ կատարվում էր ֆորումի ժամանակ՝ թե՛ ներսում եւ թե՛ դրսում, ինչի՞ մասին է խոսում եւ լավատեսության ի՞նչ հիմքեր է թողնում հայկական ժողովրդավարության հարցում, հատկապես որ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներին, այլ նաեւ լրագրողներին թույլ չէին տալիս մտնել ֆորումի սրահ։

- Իսկ լրագրողները կամ ընդդիմադիրներն ինչո՞ւ էին ցանկանում այնտեղ հայտնվել։ Ի՞նչ էին ցանկանում հարցնել կամ ում ի՞նչ էին փորձում ապացուցել։ Կա ներքաղաքական իրավիճակ, կան երկրներ, որոնք ունեն շահեր ու իրենց խաղադրույքը դրել են գործող իշխանության վրա։ Ամեն ինչ պարզ է՝ Ռուսաստանն ու Արեւմուտքն առճակատման մեջ են, ու այդ առճակատման գիծն անցնում է մեր ռեգիոնում։ Սա բոլորն են հասկանում, իսկ ով չի հասկանում, հույս չկա, որ նրանց ինչ-որ բան բացատրելու կարիք կա, դա անիմաստ է։ Այս առումով քաղաքական ուժերը պետք է իրենց ստրատեգիան ու տակտիկան մշակեն, իսկ այդ բրթբրթոցների ու հրմշտոցների իմաստն ինձ համար անհասկանալի է։

- Ֆորումի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «ժողովրդավարությունը, այո, նաեւ ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը»։ Ո՞նց է դա հնարավոր անել, երբ, օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածն իշխանության ձեռքին մահակ է դարձել, եւ գործեր են հարուցում իրենց համար անցանկալի մարդկանց, անընդունելի խոսքի դեմ։

- Դրա մասին էինք հենց նոր խոսում, «ժողովրդավարություն» ասվածը գործիք է, ինչպես ցանկանաս, այդպես էլ կօգտագործես, իսկ դրսի ուժերը, ըստ իրենց ազգային շահերի, կա՛մ կխրախուսեն, կա՛մ կպատժեն։ Ադրբեջանին կամ Սաուդյան Արաբիային չեն պատժում, չէ՞, որտեղ անգամ ժողովրդավարությունն իսպառ բացակայում է։

- Այս դեպքում մենք ի՞նչ կարող ենք հակադրել «ժողովրդավարներին» ու «ժողովրդավարությանը»։  

- «Ժողովրդավարությանը» պետք է հակազդել՝ ժողովրդավարություն, եթե դրանք են խաղի կանոնները։ Իսկ իրականում պետք է ազգային շահերի վրա հիմնված օրակարգ ձեւավորել, որն առանձին մեծ քննարկման թեմա է։