Նուրբ թեմա

Նուրբ թեմա

Հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին մեզանում խոսվում է տասնամյակներ շարունակ, բայց բոլոր նրանք, ովքեր համարձակություն ունեն այդ մասին խոսելու, անմիջապես հայտնվում են ծայրահեղ ազգայնական գաղափարներով մարդկանց թիրախում եւ հռչակվում հայ ժողովրդի թշնամի:

Մինչդեռ բոլոր խելացի, գրագետ, առաջադեմ մարդիկ շատ լավ հասկանում են, որ թշնամանքի ու պատերազմի ուրվականը մեր տարածաշրջանից կարող է հեռանալ միայն բարիդրացիության, կոնֆլիկտները կարգավորելու եւ համակեցության ինչ-որ բանաձեւ գտնելու դեպքում: Սակայն հարեւանության եւ հարաբերությունների կարգավորման թեմայի վրա տաբու է դրված, դրա դեմ մարտնչող զանգվածը, որը հայոց պատմությանը, մեր ցեղասպանված նախնիներին, արցախյան խնդրին հավատարմության միակ ձեւը տեսնում է թուրքի ու ադրբեջանցու հետ հավերժ թշնամության ու մահաբեր հակամարտության մեջ, խոչընդոտում է դրան՝ դրանով իսկ մեզ մեծ վնաս հասցնելով: Ո՛չ արցախյան ստատուս-քվոն պահպանելը, ո՛չ թշնամանքի ստատուս-քվոն պահպանելը մեզ ոչ մի լավ բան չի խոստանում:

Այլ հարց է, որ դրացիության, հարաբերությունների կարգավորման մասին մենք պետք է մտածեինք եւ քայլեր անեինք շատ ավելի վաղ, ոչ թե պատերազմում պարտությունից հետո: Այլ հարց է, որ այդ հարաբերությունների կարգավորումն ու երկխոսությունը չեն կարող մեր ազգային արժանապատվության եւ պետականության հաշվին լինել: Ի վերջո, մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդիկ ընտրել են արժանապատիվ մահն անարժանապատիվ գոյության փոխարեն: Իսկ թե ինչպես գնալ երկխոսության` առանց ազգային արժանապատվության վերջին փշուրները կորցնելու, եւ ինչպես բանակցել` պարտվողի դիրքերից, բոլորովին այլ խոսակցության թեմա է: