Շարունակելով եւ լրացնելով Ալեն Սիմոնյանին

Շարունակելով եւ լրացնելով Ալեն Սիմոնյանին

Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հակոբ Արշակյանի հետ կապված միջադեպին եւ նշել է, որ ամենաբարձր մակարդակով Արշակյանի արարքը դատապարտվել է։ Հիշեցնենք՝ խոսքը լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին։ ԱԺ փոխնախագահը ամփոփել է՝ «Հայաստանի Հանրապետությունում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրողի է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է»: Նաեւ զուգահեռներ է անցկացրել նախկին իշխանությունների հետ, զգուշացնելով, որ զուգահեռներ անցկացնելն անիմաստ է՝ իբրեւ թե իրենք ժողովրդավար են ու խոսքի ազատությունը հարգող՝ ի տարբերություն նախկինների։

Շարունակելով եւ լրացնելով Ալեն Սիմոնյանին, ասենք՝ Հայաստանում չի կարող լինել ծեծ ու բռնություն գործադրող իշխանություն, բայց Հայաստանում կա իշխանավորին ուղղված «վիրավորանքի» համար 3 միլիոն դրամով լրատվամիջոցներին տուգանել պատրաստվող իշխանություն, նախկինները ընդամենը 1 միլիոն էին սահմանել, իսկ զրպարտության համար նախկինները 2 միլիոն էին սահմանել, Ալեն Սիմոնյանի առաջարկով այս իշխանությունը դարձնում է 6 միլիոն։ 

Նախկինում Հայաստանում անանուն աղբյուրները պաշտպանված էին Սահմանադրական դատարանի որոշմամբ, իրենց իշխանությունը որոշել է օրենք ընդունել եւ արգելել անանուն աղբյուրների օգտագործումը։

Նախկին իշխանությունները 2012 թվականին ապաքրեականացրեցին զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները՝ տեղափոխելով Քաղաքացիական օրենսգիրք, իրենց իշխանությունը հակառակն է անում՝ որոշել է քրեական պատիժ սահմանել իշխանավորներին վիրավորելու համար։
Նախկին իշխանությունները, գոնե՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, շատ հազվադեպ էին դատարան դիմում լրատվամիջոցների դեմ։ Իրենց իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ հայցեր ունեն լրագրողների դեմ ներկայացրած, միայն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը մոտ 10 հայց է ներկայացրել՝ լրատվամիջոցների դեմ, դրանց մոտ կեսը «Հրապարակի» դեմ է, որոնցից մեկը վերաբերում է «Շիշ բռնող» արտահայտությանը։ Մի արտահայտություն, որ Հայաստանի ազգաբնակչության մոտ կեսն օգտագործել է, բայց «վիրավորված» պատգամավորը դիմել է միայն «Հրապարակի» դեմ։

Նախկին իշխանությունները՝ գոնե իրենց անմիջական դեմքով, լրատվամիջոցների դեմ ֆեյսբուքյան արշավներ չէին կազմակերպում, կոչեր չէին անում՝ «ռիփորթ արեք «Հրապարակին», դիմեք ֆեյսբուքի ղեկավարությանը, թող՝ «Հրապարակի» էջը փակեն»։ Իրենց իշխանությունների ներկայացուցիչները, օրինակ՝ կառավարությանն առընթեր ՊՈԱԿ-ի տնօրենն անձամբ էր ղեկավարում մեր դեմ արշավը։

Նախկին իշխանության առաջին դեմքը ստատուսներ չէր գրում առանձին լրատվամիջոցների դեմ, բոլոր ելույթներում չէր հայտարարում, որ իրեն քննադատողներին ընդդիմությունն է ֆինանսավորում եւ այլն, իրենց Նիկոլ Փաշինյանը նման հայտարարությունների բազմահատոր է կուտակել։ 

Նախկին իշխանավորները բրիֆինգների ժամանակ չէին հարցնում լրագրողին՝ «Դուք ո՞ր լրատվամիջոցից եք» եւ պատասխանը ստանալով չէին հայտարարում․«Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում», ինչպես ձեր Անդրանիկ Քոչարյանն ու մյուսներն են անում։
Նախկին իշխանությունների մտքով չէր անցնի, որ կարելի է ամեն մի միջադեպի ու համավարակի ժամանակ սահմանափակումներ մտցնել լրատվամիջոցների համար, որը մոտ մեկ տարի շարունակվի եւ այդ ընթացքում տուգանել եւ տուգանել նրանց։

Նախկին իշխանությունների մտքով անգամ չէր անցնում, որ կարելի է թույլ տալ, որ խաղատներն ու խաղային բիզնեսը ծաղկի, ջերմ հարաբերություններ ունենալ խաղային բիզնեսի տերերի հետ, բայց լրատվամիջոցներում դրանց գովազդն արգելել, որ նրանք զրկվեն եկամտից եւ ի վերջո՝ փակվեն։  
Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել եւ այն, պարոն Սիմոնյան, հաստատ ձեր իշխանության օգտին չի լինի։