Անվտանգության խորհուրդը մեզ հորդորել է, որ ԶԼՄ-ների հետ անվտանգային հարցեր չքննարկենք

Անվտանգության խորհուրդը մեզ հորդորել է, որ ԶԼՄ-ների հետ անվտանգային հարցեր չքննարկենք

Արցախի անվտանգության խորհուրդը գրությամբ հորդորել է տեղի քաղաքական գործիչներին, պատգամավորներին` անվտանգային հարցերի վերաբերյալ հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին։ Երեկ այս մասին մեզ  տեղեկացրել է ԱՀ խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։

Նկատենք, որ մի քանի օր է արցախցի գործիչներն ընդհատակ են անցել, չեն պատասխանում մեր զանգերին: Ներկայացնում ենք Հարությունյանի հետ մեր կարճ զրույցը։

- 2020 թվականի նոյեմբերի 9- ի եռակողմ հայտարարությունը, մասնավորապես, դրանում Լաչինի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունը ենթադրո՞ւմ է Բերձորի, Աղավնոյի, Սուսի հայաթափում։

- Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, որովհետեւ դեռեւս լիարժեք ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Մինչեւ այդ դեպքերն էլ երկրում չէի, իրավիճակը ցրվեց, նոր հետ եմ եկել, դեռ չգիտեմ՝ ինչ կարող եմ հայտնել, ինչ` ոչ։ Այստեղ Անվտանգության խորհուրդը մեզ հորդորել է, որ անվտանգային հարցերով հրապարակային որոշ ինֆորմացիա չտանք, կամ իմանանք՝ որ ինֆորմացիան տանք, որը` ոչ։ Դրա համար, որպեսզի չստացվի, որ խոսենք բաների մասին, որոնք չեն բխելու մեր շահերից, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ։ Մեկնաբանություն կտամ ձեզ, երբ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ մասնակցեմ քննարկումներին եւ հասկանամ՝ ի՞նչ կարելի է ասել, ինչ` ոչ։

- Գնացքը գնացել է, մինչեւ օգոստոսի 25- ը վերջնաժամկետ է տրված, ի՞նչ պիտի հասկանաք, երբ։

- Հասկանալի է՝ անվտանգության խորհուրդը հայտարարություն արել է, ես դրանից ավել մեկնաբանելու չունեմ։

- Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, թե նոյեմբերի 9- ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ նման պայմանավորվածություն, պլան գոյություն չունի՝ ըստ էության գնդակը նետելով Արցախի ու նրա իշխանությունների դաշտը: Հասկացնելով, որ այդտեղ եք որոշել, որ Աղավնոն, Բերձորը հանձնեք։ Հնարավո՞ր է նման բան։

- Ես  համարում եմ, որ այդ հարցերին պետք է համապատասխան մարմինները պատասխանեն։

- Մինչ Դուք լռում եք, ենթարկվում իշխանություններից եկած հրահանգներին, Արցախը մաս- մաս հանձնվում է: Գոնե որպես շարքային արցախցի ասելիք չունե՞ք, կարծում եք, որ այսպես խաղաղ պետք է դիտել, թե ոնց է Արցախը հայաթափվո՞ւմ։

- Ես պատասխանեցի ձեզ, իսկ եթե Արցախում լինեիք, որպես արցախցի կպատասխանեի բոլոր հարցերին

- Ինքնապաշտպանությունն անիմա՞ստ եք համարում։

- Ո՞նց կարող ենք ինքնապաշտպանական գործողություններն անիմաստ համարել, մենք ունենք Պաշտպանության բանակ եւ սրանով արդեն իսկ փաստում ենք, որ չեն կարող ինքնապաշտպանական գործողությունները անիմաստ լինել։

- Կոնկրետ այս դեպքի մասին է խոսքը։

- Ես կրկնում եմ՝ մեզ խնդրում - հորդորում է Ախ- ն, որ այս փուլում ԶԼՄ- ների հետ անվտանգային հարցեր չքննարկել։

- Այսինքն, ձեզ թույլ չեն տալիս խոսել, քննարկել, որ իրենք լուռ իրենց սեւ գործը տեսնեն։

- Համապատասխան գերատեսչություններն են քննարկում։

- Համապատասխան գերատեսչությունները Աղավնոյի, Բերձորի, Սուսի բնակիչներին ժամանակ են տվել՝ հավաքվել, հեռանալ սեփական տներից, սա նորմա՞լ է, չպե՞տք է լինի մեկը, որ բացատրի՝ ինչ հիմքով, եթե ասվում է, որ եռակողմ հայտարարությամբ նման պայմանավորվածություն չի կայացվել։

- Բոլոր մեկնաբանությունները իրենցից լսեք։