Վովա Փաշինյանը, ի տարբերություն որդու, շատ զուսպ, խելոք մարդ էր

Թեպետ հայկական ֆուտբոլը տարեցտարի գահավիժում ու հետընթաց է ապրում, իսկ ֆուտբոլային ֆանատներն ու թիմերը բոյկոտում են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում նրա հրաժարականը, բայց ՀՖՖ-ն չի նվազեցնում իր ակտիվությունը, հատկապես` վարչապետին սիրաշահելու ուղղությամբ: երեկ Իջևանում ՀՖՖ անդամ «Նիկարմ» Ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել է պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար` նվիրված Նիկոլ Փաշինյանի հորը` Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Վովա Փաշինյանը մի քանի տարի առաջ մահացել է:
«Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը որևիցէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ, նա Իջևանի թիվ մեկ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել: Եւ մարդիկ այս մրցաշարի կազմակերպումը գնահատել են որպես եւս մեկ քայլ դեպի բռնապետություն ընթանալու ճանապարհին` միայն բռնապետական երկրներում են ընտանեկան կառավարում իրականացնում կամ մարդկանց հիշում-գնահատում` գործող իշխանությունների հետ ունեցած կապերի համատեքստում:
Բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ մրցաշարերն առհասարակ լավ ազդեցություն են ունենում սպորտային աշխարհի մարդկանց վրա, սակայն ինչ վերաբերում է անվանումներ ընտրելուն, նրա կարծիքով` կան արժանի ֆուտբոլիստներ, սպորտսմեններ, որոնց անունով այդպես էլ մի մրցաշար չի անցկացվել: Լավ կլիներ, որ Վովա Փաշինյանի փոխարեն, նրանցից մեկի անունով մրցաշար անցկացնեին. «Ով փող ունի, պաշտոն ունի հիմա իր անունով կարող են մրցաշար անցկացնել: Այնքան լավ ու արժանի ֆուտբոլիստներ կան, թող նրանցից մեկի անունով կազմակերպեն հուշամրցաշարեր: Բայց եթե ֆուտբոլիստները լռում են ու ոչինչ չեն ասում, դժվար է կողքից ինչ-որ բան ասելը», - նկատում է Հակոբկոխյանը:
Սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն ասում է. «Հնարավո՞ր է Արամ Խաչատրյանի անվան պոեզիայի երեկո, կամ ասենք` Սոս Սարգսյանի անվան կերպարվեստի ցուցադրություն: Պատկերացնո՞ւմ եք նման բան, անհնար է, չէ՞: Մարդը պետք է ինչ-որ մի բանի հետ կապ ունենա, պետք է ավանդ ունենա ֆուտբոլում, որ իր անունով հուշամրցաշար անցկացնեն: Պետք է արդյունքներ ապահոված լինի մարդը տվյալ ոլորտում: Հայաստանում սովորաբար հուշամրցաշարեր անցկացնում են զոհված սպորտային գործիչների անուններով: Օրինակ` ըմբշամարտիկը զոհվում է պատերազմի դաշտում, նրա անունով հուշամրցաշար են կազմակերպում, կամ ասենք` նախկինում եղել է բռնցքամարտիկ, գնացել է պատերազմ և զոհվել է, նրա անունով են հուշամրցաշար կազմակերպում: Մարդը պետք է ջանք ներդրած լինի տվյալ ոլորտի հետ», - նշեց Չախոյանը:
Սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում մտովի գնաց հեռավոր անցյալ և հիշեց, որ Վովա Փաշինյանն իր համակուրսեցին է եղել: Բաղդասարյանի կարծիքով` Վովա Փաշինյանն, ի տարբերություն վարչապետ որդու` զուսպ, համեստ, հավասարակշռված անհատականություն է եղել, ասում է Բաղդասարյանը. «Նիկոլի հայրը` Վովան ինձ հետ միասին սովորել է Ֆիզկուլտինստիտուտի մարզիչների դպրոցում` երկու տարի: Շատ խելոք, լավ մարդ էր, նա ինչքան զուսպ ու խելոք էր, այդքան իր տղան անզուսպ է: Հայր ու որդի լրիվ հակառակ կերպարներ են: Վովան համեստությունը լրիվ իրեն է վերցրել, լավ մարդ էր: Այո, նա դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, սակայն ես նրա մասին միայն լավը կարող եմ ասել, արժանի է, թող նաև իր անունով լինի հուշամրցարար: Ոչ մի վատ բան այդտեղ չեմ տեսնում», - եզրափակեց Բաղդասարյանը:
Կարծիքներ