Ուսուցիչների վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

Ուսուցիչների վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում եւ օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշիչին եւ ծրագրին, ինչպես նաեւ նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ: Կարեւորվում է նաեւ դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշիչի (ՀՊՉ) հիմնական դրույթները, ուսուցիչներին եւ սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան եւ գնահատման համակարգը: 

Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ, 8 բաժիններից։ Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում - 3 կրեդիտ:

Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին եւ յուրաքանչյուր բաժնի ամփոփիչ աշխատանքից ապահովել է առնվազն 60% արդյունք, ներկայացրել է պահանջվող չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանք: Վերապատրաստման ծրագիրն ավարտելու համար ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ։