Թքած ունեմ բոլորի վրա` կազմակերպողի էլ, կատարողի էլ, հասցնողի էլ

Թքած ունեմ բոլորի վրա` կազմակերպողի էլ, կատարողի էլ, հասցնողի էլ

Սեպտեմբերին Հայաստանն ու հայկական կողմն ահռելի կորուստներ ունեցան: Մենք կորցրինք Արցախը, մարդիկ բռնի տեղահանվեցին Արցախից, մի խումբ անձինք, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներն ու բարձրաստիճան զինվորականները հայտնվեցին գերության մեջ: Այժմ ողջ Հայաստանը զբաղված է արցախահայերին տեղավորելով, կացարան եւ աշխատանք գտնելով, իսկ ՀՀ իշխանությունն ամեն օր նոր հետապնդումներ է ձեռնարկում` ավելացնելով երկրում քաղբանտարկյալների թիվը: Մարդկանց կալանավորում են ֆեյսբուքում գրառումներ անելու համար, որոնք դիտարկում են որպես բռնության, զանգվածային անկարգություններ հրահրելու կոչեր եւ գործողություններ: «Հրապարակը» արվեստաբան, թատերագետ, արվեստաբանության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանից, որը հայտնի է իշխանություններին եւ հատկապես` Նիկոլ Փաշինյանին պաշտպանող ելույթներով, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այս գործընթացներին, որ մարդկանց ֆեյսբուքում գրառումներ անելու համար կալանավորում են: 

Հենրիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. 

- Գիտեք ինչ, ես չեմ հետևում այդ բաներին և կարող եմ շատ պատասխանել Ձեզ` ես զզվում եմ դրանցից բոլորից, այդքան բան:

- Ումի՞ց, իշխանությունների՞ց, թե՞ քաղբանտարկյալներից:

- Գիտեք ինչ` մի մասնավորեցրեք: Պայմանավորվողն ո՞վ է, կատարողն ո՞վ է: Թքած ունեմ բոլորի վրա, իմացա՞ք: Իմ կարծիքը դա է: Ուղղակի փչացնում են մեր կյանքը, զզվելի վատ մթոնոլորտ են ստեղծում և վնաս են տալիս, այդքանը կարող եմ ասել:

- Ինչո՞վ են մեր կյանքը փչացնում:

- Ի՞նչ եք ուզում ինձանից, չեմ հասկանում` ի՞նչ մանրամասնեմ, եթե ես քաղաքական գործիչ չեմ: Ես որևէ կուսակցության մեջ չեմ, ես իմ գործին նստած մտավորական մարդ եմ, զբաղված եմ իմ գործերով: Դուք հիմա ուզո՞ւմ եք ես պատճառների մասին խոսեմ:

- Դուք մտավորական եք, բայց ասում եք, որ բոլորի վրա թքած ունեք: Դա նորմա՞լ է:

- Ես իմ կարծիքն ասացի` թքած ունեմ բոլորի վրա` կազմակերպողի էլ, կատարողի էլ, հասցնողի էլ: Ցտեսություն։