Կանադայում բնակչությունը ռեկորդային աճ է գրանցել

Կանադայում բնակչությունը ռեկորդային աճ է գրանցել

Կանադայի բնակչությունն ավելացել է շուրջ 1 միլիոնով՝ 2022 թ. արձանագրելով ռեկորդային աճ:

2023 թ. հունվարի 1-ի տվյալներով՝ Կանադայի բնակչությունը կազմել է 39 566 248՝ 2022 թ.-ի հունվարի 1-ի համեմատ աճելով 1 050 110-ով: Կանադայի վիճակագրական գործակալությունը նշում է, որ սա երկրի պատմության ընթացքում առաջին 12-ամսյա ժամանակաշրջանն է, որի ընթացքում բնակչությունն աճել է 1 միլիոնով, ինչպես նաև տարեկան բնակչության աճի ամենամեծ ցուցանիշն է (+2,7 %) 1957 թ.-ից ի վեր (+3,3 %): 1957 թ.-ի բնակչության աճը պայմանավորված էր հետպատերազմյան ծնելիության աճով և Հունգարական հեղափոխությունից հետո փախստականների տեղաշարժով:

2022 թ. Կանադայի բնակչության ռեկորդային աճի պատճառը միջազգային միգրացիան է, որը կազմում է արձանագրված աճի 95,9 %-ը: 2022 թ. բնակչության աճի ցուցանիշներով Կանադան Մեծ յոթնյակի երկրներից առաջատարն է: Այս միտումը պահպանվում է արդեն մի քանի տարի շարունակ:

Կանադան նաև բնակչության աճի 2,7 % ցուցանիշով աշխարհի առաջին 20 երկրների ցուցակում է: Բնակչության ավելի մեծ աճի ցուցանիշ են գրանցել աֆրիկյան երկրները:

Նշվում է, որ միգրացիայի աճին նպաստել են կառավարության ջանքերը՝ երկիր բերելու ներգաղթյալների, որպեսզի լուծվի աշխատուժի պակասի խնդիրը: Բացի այդ, Կանադան կախված է ներգաղթյալներից, քանի որ երկրի բնակչությունը ծերանում է:

2015 թ.-ին իշխանության գալուց ի վեր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ջանքեր է գործադրում ավելի շատ ներգաղթյալների գրավելու ուղղությամբ: Կանադայի կառավարությունը նաև ընդունում է մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի հակամարտությունից, Աֆղանստանի մարդասիրական ճգնաժամից և Թուրքիայում և Սիրիայում այս տարի տեղի ունեցած երկրաշարժերից: