Դոլար առնեմ՝ դրամ տամ, դոլար առնեեեեեմ…

Դոլար առնեմ՝ դրամ տամ, դոլար առնեեեեեմ…

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է դրամի արժևորմանն ու փորձել արդարացնել այդ ֆոկուսը: Թե առհասարակ ինչպես կարող է արժևորվել  հետնախորշի վերածված երկրի ազգային արժույթը, Մարտին Գալստյանը չի ասում, բայց փորձում է ապացուցել, որ դա հենց այդպես էլ պետք է լիներ: Թիվ մեկ բանկիրը հայտարարում է. «Ձեզնից շատերն են երեկոյան լինում ռեստորաններում, որտեղ կարող եք տեսնել, թե ինչքան օտարերկրացիներ կան: Ըստ վիճակագրական կանոնների` դա պետք է գրանցվի որպես արտահանում։ Այսպիսով, այս տարվա ընթացքում մենք կարող ենք տեսնել Հայաստանից արտահանման անհավանական աճ, ինչը, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժևորման»: Դուք բան հասկացա՞ք: Ես չհասկացա: Գուցե դա նրանի՞ց է, որ ես ռեստորաններում հաճախ չեմ լինում: Սա՞ ինչ նոր բան է: Ստացվում է՝ երբ մեր երկիր տուրիստ է գալիս և գնում է ռեստորան, դրամը պետք է արժևորվի՞: Հա, ասում է Մարտին Գալստյանը, դա կոչվում է արտասահմանցի տուրիստներին մատուցվող ծառայությունների արտահանում, ինչն էլ բերում է ազգային արժույթի արժևորման: Պարոն Գալստյան, իսկ հիմա նայեք աչքերիս մեջ ու կրկնեք այդ հիմարությունը ևս մեկ անգամ… Չի՞ ստացվում:

Դե, իհարկե, չի ստացվի, որովհետև երևանյան թանկ ռեստորան հաճախող ոչ մի իրեն հարգող արտասահմանցի զբոսաշրջիկ գրպանները դրամ խրած չի մտնում ռեստորան, մի հատ էլ փողը հաշվում ու տալիս մատուցողին: Նա տալիս է իր ունիվերսալ քարտը, որից բանկը քաշում է համապատասխան գումարը և փոխանցում ռեստորանի հաշվին: Այստեղ արդեն բարոյականության մոմենտ է վրա հասնում՝ ի՞նչ անել, տկլորացնե՞լ տուրիստին, թե՞ ազնիվ լինել նրա հանդեպ, որպեսզի նա գեղեցիկ տպավորություններով հեռանա Հայաստանից: Ի վերջո, հաղթում է ինվալյուտայի հանդեպ սերն ու սկսում են դրամն արժևորել, որպեսզի հնարավորինս շատ դոլար և եվրո քաշեն ինտուրիստի քարտից: Բանկը, այսինքն, Մարտին Գալստյանը, հոգում է, որ մի բան էլ ռեստորանի տերը աշխատի և ավելորդ տեղը աղմուկ չբարձրացնի դրամի արժևորման կապացությամբ: Կարծում եմ հասկանալի է, որ Մարտին Գալստյանի նշած ոլորտում՝ ռեստորանային, ինչու ոչ, նաև հյուրանոցային, դրամի արժևորումից գոյանում են գերշահույթներ, որոնք ոչ մի տեղ չեն արտացոլվում և, հետևաբար, չեն վերահսկվում:
Ի տարբերություն ծառայություններ արտահանողների, դրամի արժևորումից, պարզվում է, բողոքում են հանրությունն ու ապրանք արտահանողները՝ պահանջելով արժեզրկել դրամը, ինչից իրենք կարող են շահել և լինել ավելի մրցունակ: Մարտին Գալստյանը սրա պատասխանն էլ ունի, որը ոչ միայն աբսուրդի ոլորտից է, այլև մուննաթի:

ԿԲ նախագահը հարցին հարցով է պատասխանում՝ արդյոք դրամի 5-10 տոկոսով արժևորումի՞ց է կախված արտահանողների արդյունավետ լինել-չլինելը: Այսինքն՝ ի՞նչ է, կոստյո՞ւմը պետք է ձեզ գեղեցկացնի… Եվ ինքն էլ պատասխանում է իր բարձրացրած հարցին. «Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ։ Լուծումը եզակի, ունիկալ լինելն է»: Սա էլ, ինչպես հասկացաք, ԿԲ-ի մուննաթն է՝ բա ամոթ չի՞ ձեզ, մի քիչ եզակի և ունիկալ եղեք, դրամի 5-10 տոկոսով արժևորումն ի՞նչ է, որ մի հատ էլ ուզում եք արժեզրկվի:
Հարգելի Մարտին Գալստյան, դիցուք ես ոչ արտահանող եմ, ոչ ներմուծող, ոչ էլ մանավանդ ծառայություններ մատուցող: Ես շարքային խմող մարդ եմ: Բարեկամս իր ծանոթի միջոցով 100 դոլար է ուղարկել ԱՄՆ-ից: Վերջին 5 տարվա մեջ դա միակ առաքումն էր, ինչից, բնականաբար, ուրախացա և տարա չենջ: Ինձ նախկին 52 հազարի փոխարեն, 42 հազար դրամ տվեցին: Ասենք՝ դրամը արժևորվել ա, նա հույ… Տոկոսով կարծեմ 20 է լինում չէ՞, պարոն Գալստյան, և ոչ թե 5-10, ինչպես դուք եք ասում: Մի խոսքով, էդ արժևորված դրամով էլ դուրս չեկա փողոց, սկսեցի առևտուր անել: Ու ինչ տեսնեմ, դրամի հետ ու դրամից ավել արժևորվել են նաև ապրանքները՝ բոլոր ապրանքները: Իսկ դա արդեն նշանակում է, հարգելի պարոն Գալստյան, որ իմ ունեցած 100 դոլարը չոքել է ոչ թե 20 այլ 40 տոկոսով: Խնդրում եմ, մի հատ ԿԲ-ի շչոչիկները միացրեք: 20 տոկոս տուժել եմ դրամի արժևորումից և ևս 20 տոկոս, եթե ոչ 25, խայտառակ թանկացումներից: Լավ ե՞ք, դուք, արա: Կներեք պարոն Գալստյան, սա ձեզ չէր վերաբերում:
Գնանք առաջ: Պարոն Գալստյան, իսկ Դուք գիտե՞ք, որ դրամի արժևորումը հետույքի կողմից է ազդել բենզին ներկրողների վրա: Նրանք բենզինը գնում են արժեզրկված դոլարով, բայց վաճառում են արժևորված դրամով և ավելի թանկ: Չե՞ք, կարծում, որ եթե այսպես շարունակվի, համաշխարհային շուկայում նավթն ու բենզինը սկսեն դրամով ծախել:

Ու նաև մի անհամեստ հարց, պարոն Գալստյան: Ինչո՞ւ մեր քաղաքացին, որ հենց նոր է ստացել իր արժևորված թոշակը կամ աշխատավարձը, չի կարողանում դրամի փոխանակման կետերից դոլար ու եվրո առնել: Ասում են՝ չկա: Իսկ մեր քաղաքացու ձեռքից այդ նույն չենջերը պատրաստ են անսահմանափակ քանակով գնել արժեզրկված դոլարն ու եվրոն: Սա, առնվազն արդար չի, իմ կարծիքով: Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ մի խումբ ձյաձյաներ, որոնք ավելի շատ դրամ ունեն քան մենք, որոշել են մեր ձեռքին եղած ողջ ինվալյուտան առնել, այսինքն՝ դոլար ու եվրո են կուտակում: Նրանք մեզ տալիս են արհեստականորեն արժևորված դրամ, որն ընդամենը թուղթ է նախկին, դեռևս չարժևորված դրամի համեմատ: Լավ ե՞ք, դուք, արա… Կներեք պարոն Գալստյան, սա նույնպես ձեզ չէր վերաբերում:

Հ.Գ. Թե ինչու ժամանակին տնտեսագիտական չընդունվեցի, ես էլ չգիտեմ: Հիմա ես էլ պարոն Գալստյանի նման կկարողանայի ապացուցել, որ դրամի արժևորումը բերում է գների աճող պրոգրեսիայի, իսկ արժեզրկումը հանգեցնում է մուննաթի: