Քոչարյանին ասեք՝ չսպանած արջի մորթին մի բաժանիր

Քոչարյանին ասեք՝ չսպանած արջի մորթին մի բաժանիր

Այն, որ երկիրը բաժանվել է երկու մասի՝ «սեւի ու սպիտակի», ոչ մեկիս համար գաղտնիք չէ։ Այն, որ «սպիտակը» գլխավորում է Փաշինյանը, իսկ «սեւը»՝ Քոչարյանը, արդեն ակնհայտ է, բայց թե ինչ թաքնված գործընթացներ են գնում այդ երկու թիմում՝ դա, թերեւս, ամեն մարդու համար տեսանելի չէ: Պարզվում է՝ ընդդիմության ներսում իրար միս են ուտում, եւ «հներն» այդքան միատարր չեն, ինչպես ներկայացնում են նորերը: Սերժական թիմը մի կողմից վախենում է ընտրության գնալ եւ ձախողվել, անընդհատ հարցումներ է անում, դաշտը տնտղում, մյուս կողմից սարսափում է քոչարյանական իշխանության հեռանկարից, այդ իսկ պատճառով ուժ ու եռանդ չի խնայում Քոչարյանի ռեյտինգն իր կողմը քաշելու կամ փոշիացնելու գործում:

Հիմա կասեք՝ խեղճ Քոչարյան, բոլորը նրա դեմ են աշխատում՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն: Մի շտապեք կարեկցել 2-րդ նախագահին, պարզվում է՝ նա էլ մի «բարի պտուղ» չէ: Հիշում եք՝ 1-2 ամիս առաջ եթերում ասաց՝ ընտրություններին մասնակցելու ենք ու «կրելու ենք», պարզվում է՝ նախկին նախագահն այնքան վստահ է իր «անխուսափելի» հաղթանակի հարցում, որ առանց երկմտելու մերժում է ցանկացած համագործակցություն՝ լինի դաշինքի, թե քաղաքական աջակցության առաջարկ։ Եվ արդեն իսկ կազմել է ոչ միայն իր նախընտրական ցուցակը, այլեւ ապագա կառավարության ցանկը եւ անգամ ամենամտերիմ մարդկանց հետ չի խորհրդակցում-չի հանդիպում, այլ անվերապահորեն վստահում է մի փոքրիկ խմբի խորհուրդներին: 

Իրավիճակն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այսքան հաճախ չկրկնվեր: Ժամանակին Սերժ Սարգսյանին ճիշտ չէին զեկուցում, հետո Նիկոլ Փաշինյանը իրականության հետ չէր առերեսվում, հիմա էլ դեռ իշխանության չեկած՝ Քոչարյանը չսպանված արջի մորթին է բաժանում: Իսկ այս գզվռտոցից շահելու է գործող իշխանությունը, որը հնարավորինս շատ «ընդդիմադիր» կուսակցություններ է փորձելու անցկացնել խորհրդարան, այսպես ասած՝ ամեն ճաշակի․ ծայրահեղականներին՝ «Սասնա ծռեր», արեւմտամետներին՝ ՔՈ, մի խոսքով՝ ցանկացած գույնի եւ ձեւի, իսկ արդյունքում այդ թվացյալ «ընդդիմությունը» կդառնա Փաշինյանի ամուր թիկունքն ամեն հարցում եւ կապահովի մեծամասնություն: 

Այս պարագայում կոտրած տաշտակի առաջ հայտնված «սեւերը» երկրի համար պատուհաս կդառնան, եւ քաղաքացիական բախումներից խուսափելն անմարդկային ճիգեր կպահանջի: Անգամ օրհասական պահին համախմբվել ու համագործակցել չկարողացող ազգը շատ սրընթաց դեպի անդունդ է գնում: