«Փաստ». Պարենային ապրանքները թանկացել են․ առաջին տեղում կիտրոնն ու սխտորն են

«Փաստ». Պարենային ապրանքները թանկացել են․ առաջին տեղում կիտրոնն ու սխտորն են

«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլին մեր քաղաքացիները սննդամթերքների որոշ տեսակներ ստիպված եղան գնել ավելի բարձր գներով: Մասնագետներն առկա գնաճը պայմանավորեցին մի շարք հանգամանքներով, որոնց թվում, իհարկե, առաջին հերթին համավարակն է: 

Գնաճի վերաբերյալ կանխատեսումներն ու մինչ այս գների արձանագրված բարձրացումները իրենց արտացոլումն են գտել նաև երեկ հրապարակված վիճակագրական տվյալներում: Համաձայն այդ տվյալների, ՀՀ-ում դիտարկվող բոլոր քաղաքներում գնաճ է արձանագրվել:
2020 թ. ապրիլին նույն տարվա մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0,5-ից 1,5 տոկոսով: Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին, ապա 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ գրանցված գնաճը կազմել է 0,9 տոկոս: 

2020թ. մարտի համեմատ ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ 2020թ. ապրիլին այս ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե գնաճ, այլ 0,3 տոկոս գնանկում կա:

Պաշտոնական տվյալները վկայում են հատկապես պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերի առկայության մասին: Օրինակ՝ այս տարվա ապրիլին 2020թ. մարտի համեմատ կարագի գինը բարձրացել է 2,9 տոկոսով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3,8 տոկոսով, ալյուրինը՝ 4,0 տոկոսով, բրնձի գինը՝ 4,2 տոկոսով, ոլոռինը՝ 6 տոկոսով:

Մակարոնեղենի շուկայում գրանցվել է 6,1 տոկոս աճ, ոսպը թանկացել է 27,3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13,5 տոկոսով: Մասնավորապես՝ ձավարի գինը բարձրացել է 6,5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19,3 տոկոսով: 

Ինչպես սպասվում էր, առանձնահատուկ պատկեր է հատկապես մրգի ու բանջարեղենի շուկայում: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի շուկայում 9,2 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ 2020թ. ապրիլին նույն թվականի մարտի համեմատ մրգի գները բարձրացել են 8,3 տոկոսով:

Օրինակ՝ 2020թ ապրիլին 2020թ. մարտի նկատմամբ խնձորի գինը բարձրացել է 9,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 46,9 տոկոսով:

Այս տարվա ապրիլին նարնջի գինը նույն տարվա մարտի համեմատ թանկացել է 28,2, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 37,8 տոկոսով: Կիտրոնի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ աճել է 94,8 տոկոսով, իսկ 2020թ. ապրիլին մարտի համեմատ՝ 57,9 տոկոսով: 

Բանջարեղենի շուկայում էլ թանկացել է նաև գլուխ սոխը, այս տարվա ապրիլին մարտի համեմատ նաև կաղամբը: Սխտորի գինն այս տարվա ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ավելացել է 77,6 տոկոսով, 2020թ. մարտ/ապրիլ ամիսների համեմատությամբ՝ 47,7 տոկոսով: 

Ընդհանուր գնանկում է գրանցվել կարտոֆիլի, վարունգի, ինչպես նաև կանաչեղենի ու սնկի շուկայում: Կաթնամթերքի, պանիրի և ձվի շուկայում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3,3 տոկոս գնանկում, բայց 2020թ. մարտի համեմատ 4,2 տոկոս գնաճ կա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում