Մոռանալու հակիրճ պատմություն

Մոռանալու հակիրճ պատմություն

Ժամանակակից թուրքական պոեզիայում իր ուրույն տեղն ունեցող պոետներից է Բեթյուլ Դյունդերը՝ առաջիններից, ով խոսեց բանաստեղծ կնոջ մասին, ով գրեց պոեզիայում եւ հասարակական կյանքում
կնոջ դերի ու ակտիվության մասին` ինքն իսկ վառ օրինակ լինելով: Մեր զրույցները սկսվեցին հունիսյան մի երեկո՝ Երեւանում, հարցազրույցի վերածելու միտքը եկավ վերջին` «Մոռանալու հակիրճ պատմություն» ժողովածուն ընթերցելուց հետո: Գրքում տեղ գտած ստեղծագործությունների մեջ առանձնանում էր «Երկու սարի արանքում» բանաստեղծությունը, որի շուրջ էլ ծավալվեց մեր հերթական զրույցը:

Բեթյուլ Դյունդերը կին է, պոետ

    Իմ կարծիքով՝ վատ մարդ չէ, լավերի մեջ է: Նրանից երկար ժամանակ չի պահանջվել՝ որոշելու համար, թե ինչ է ուզում անել այս մոլորակում: Երեխա էր: Քանի որ մայրն ու հայրն աշխատում էին, իր սեփական բանալին ուներ, իրեն դիմավորող մի թռչուն` կարմրակատար, եւ ճիշտ իրենց տան դիմաց` մի հանրային գրադարան, որտեղ անցկացնում էր իր ժամանակը:

    Ընթերցանությունը հիանալի զբաղմունք էր մենակության մեջ, իսկ գրելն ինքնին հրաշք եղավ: Երբ ցանկանում էր մարդկանց մեջ լինել, ներկայացման էր գնում: Թատրոնն էլ շատ սիրեց, նույնիսկ խաղաց: Սակայն պոեզիան նրա գոյաբանական արկածի մեջ «ես ո՞վ եմ» հարցի պատասխանը եղավ: Բեթյուլ Դյունդերը կին է, պոետ:

    Բառերի մարդիկ

    Պոեզիան հնարավոր չէ բնորոշել, միեւնույն ժամանակ ամենաշատ բնորոշում ունեցող բանն է, հավանաբար: Պոեզիան հստակ սահմանում չունի, ավելի ճիշտ՝ աշխարհում ինչքան պոետ կա, նույնքան էլ՝ պոեզիայի բնորոշում: Սիրուն է նման… Պոեզիայի կարիքն ամենաշատը զգում են մարդիկ, ովքեր սիրում են իրար: Մինչեւ օրս չեմ տեսել մեկին, որ ինքն իրեն սիրելուց բանաստեղծություն կարդա: Բայց շատ եմ տեսել մարդկանց, ովքեր սիրո տառապանքները Նազըմի, Ռիցոյի, Ախմատովայի, Քարաջաօղլանի, Ներուդայի, Կավաֆիսի, Հաֆըզի, Ջեմալ Սյուրրեյայի, Ֆուրուղի, Ահմեդ Արիֆի բանաստեղծություններով են սփոփել, իրենց սիրո նման սեր փնտրել եւ, ի վերջո, իրենց զգացմունքները գրի առնելիս նրանցից ոգեշնչվել:

Մենք` պոետներս, բառերի մարդիկ ենք:
 
Բանաստեղծությունը նրանն է, ով դրա կարիքն ունի
  
   Ես կարծում եմ, որ բանաստեղծությունն իր գաղտնի ընթերցողի համար է գրվում: Շատ սիրած մի տեսարան ունեի՝ «Փոստատարը» (Il Postino) ֆիլմից, որը կառուցված է Ներուդայի եւ աքսորի օրերին իրեն նամակներ, գրքեր, ամսագրեր ու փաթեթներ բերող փոստատարի հարաբերությունների վրա: Հիշո՞ւմ եք նրանց երկխոսությունը, երբ բանաստեղծությունը վերցրած փոստատարից պոետը պահանջում է հետ վերադարձնել այն. «Ես չեմ ասում, թե ես եմ գրել, ասում եմ` իմն է: Դո՞ւ չէիր ասում, որ բանաստեղծությունը նրանն է, ով դրա կարիքն ունի: Ես այս բանաստեղծության կարիքն ունեմ, ուրեմն իմն է»:

Գրեցի այն ամենի բեռով, ինչը երբեւէ չեմ մոռանա
  

    9 տարեկան էի, երբ բացահայտեցի գրելու դյութանքը: Խոսքիցս առավել գրածներս էին ազդեցիկ: «Դո՞ւ ես գրել իսկապես» նախադասությունը լսելու, մեծահասակների, իսկ ավելի ուշ՝ ուսուցիչներիս եւ, ի վերջո, այլ գրական գործիչների զարմանքը եւ ոգեւորությունը զգալու համար էի գրում: Լիցեյում դպրոցական թերթն էր, հետո՝ համալսարանական տարիները, երբ թատրոնն ու պոեզիան իրար էին միահյուսված: 2002 թ. բանաստեղծություններիս թղթապանակն ուղարկեցի «Varlık» ամսագրին, որտեղ էլ «ուշադրության արժանի» ճանաչվեց: Արքադաշ Զեքայի Օզգերի անվան մրցանակը ստանալուց հետո թղթապանակս գրքի վերածվեց եւ 2005 թ. ինձ հետ ուղարկվեց: Րըֆաթ Ըլգազի անվան բանաստեղծական մրցանակը ստացա: «Հայելու հոգնություն» ժողովածուի ժամանակներն էին: 7 տարի անց` 2013 թ., «Այլ աշխարհների մեջ» ժողովածուն հրատարակվեց, իսկ այդ ընթացքում ակադեմիա էի վերադարձել եւ մագիստրոսական կրթություն էի ստանում, գրականության սոցիոլոգիայի ոլորտում կին բանաստեղծների վերաբերյալ առաջին աշխատանքներից մեկն էի գրում: Իսկ վերջերս հրատարակվեց «Մոռանալու հակիրճ պատմություն» ժողովածուս, որը գրվել է այն ամենի բեռով, ինչը երբեւէ չեմ մոռանա, ինչ փորձել եմ մոռանալ եւ ինչ հիմա իսկ մոռացել եմ:   

Ինքս ինձ դրսից տեսնելու ճանապարհը

     Մանկությունիցս ի վեր միշտ ռադիոն միացած է եղել իմ ննջասենյակում, որտեղ գիրք եմ կարդացել միաժամանակ: Դեռ երեխա ժամանակ չկար մի երաժշտական գործիք, որին ձեռքս դիպած չլիներ` մանդոլին, մելոդիկա, օրգ, ակորդեոն: Հիմա էլ ջանքեր եմ գործադրում ավելի լավ կիթառ նվագելու համար: Դասական երաժշտություն եմ լսում, մեծամասամբ` օպերա: Եթե չեմ գրում կամ կարդում, այլ ուրիշ բանով եմ զբաղված լինում, բլյուզ ու ջազ եմ լսում, համաշխարհային, էթնիկ երաժշտություն, նյու-էյջ: Մեր թյուրքյուներն եմ լսում, մեծ մասն անգիր գիտեմ, ձայնակցում եմ: Մի օր գրական շրջանակներից մի բարեկամ ասաց. «Երբ քեզ նայում եմ, հասկանում եմ, թե երբ ես բանաստեղծության մասին մտածում: Մարմինդ այնպիսի տեսք է ընդունում, կարծես պարելու ես, եւ դաստակներդ էլ ներդաշնակորեն ծալվում, էսթետիկանում են»: Ես գուցե երբեւէ չիմանայի այդ մասին, որովհետեւ գիտակցաբար չեմ անում, պարզապես երաժշտությունն է, ձայնը: «Մոռանալու հակիրճ պատմությունը» գրելիս Շոպեն եմ լսել հաճախ, ինչպես նաեւ՝ Էլենի Քարաինդրու: Նրանից, ինչպես եւ Անգելոպուլոսի ֆիլմերից, չեմ կարող հրաժարվել: Սարամագոյի ասած` «Եթե ինքդ քո միջից դուրս չգաս ու քեզ չնայես, երբեք չես հասկանա, թե ով ես»: Կարծում եմ` երաժշտությունն ինքս ինձ դրսից տեսնելու ճանապարհն է:

Եթե մոռանամ, եթե ներեմ, կկարողանամ ճանապարհս շարունակել


   Նախեւառաջ՝ ինքս ինձ համար եմ գրել «Մոռանալու հակիրճ պատմություն» գիրքը: Սգի մեջ եմ գրել: Անցյալից շատ քիչ բան բերելով` ներառել եմ միայն վերջին երկու տարիս: Գրքից դուրս մնացած շատ բանաստեղծություններ կան, որ տպագրվել են տարբեր ամսագրերում: Վերջին հինգ տարում թե՛ իմ անձնական պատմության ու աշխարհագրության, թե՛ երկրիս ներսում խորացող երեւույթներ տեղի ունեցան: Այս բանաստեղծությունները նաեւ գթասիրտ մարդկանց միանալու, մի քանի ծառի ապրելու համար բղավելու, բացառապես լավ ջահելների, այսինքն՝ մեր բոլորիս 20 տարեկան հասակի բանաստեղծություններն են նաեւ:

    Նախորդ գրքում այն ամենը, ինչ հիշում էի, ինչ կար իմ կյանքում, պաշարման մեջ էր վերցրել ինձ…

     Երկրորդ գիրքը գրելիս երկու որդի էի մեծացնում արդեն: Նրանց շունչը կա այդ բանաստեղծություններում: «Մոռանալու հակիրճ պատմությունը» մոռանալու ջանքերս են, «եթե մոռանամ, եթե ներեմ, կկարողանամ ճանապարհս շարունակել» պնդմանս բանաստեղծական տարբերակը: Հա՛մ լիրիկական է, հա՛մ իրական. ենթակա չկա, բայց միաժամանակ ենթական ամենքն են:

    Ես կին եմ, ֆեմինիստ եմ: Գրել եմ` իմանալով պատճառները, թե ինչու եմ ուզում մոռանալ:

 

Երկու սարի արանքում

«Ռաքքայում վաճառեցին քրոջս

ձեռները սրտից մեծ են եղել տանողի

բերանը` ձեռներից մեծ

այդքան էլ լինում է հենց անծամել կուլ տվողինը»

տողերով սկսվող մի բանաստեղծություն է սա: Երբ լսեցի, որ «Իսլամական պետության» զինյալները, տարբեր տարիքի կանանց սեքսստրուկ դարձրած, Ռաքքայում շուկա են հիմնել ու աղջիկ երեխաների են վաճառում, գիտեի, որ, եթե ասեմ` թող աշխարհը փուլ գա, չէր ազդելու ո՛չ աշխարհի, ո՛չ չարության, ո՛չ էլ մեր մարդկության վրա: Նորություն չէ, որ հազարավոր տարիներ տղամարդն ապրել է հավատալիքների եւ կարծրատիպերի ուժով իրեն տրված գերիշխանության պայմաններում: Եվ ինչ, որ այնտեղի այդ «զոռբայությանը» մոտ էինք, հարեւան էինք: Եվ այնտեղ` զավթած հողերում, նրանք, որ սպանում են բոլորին, ով իրենց նման չէ, կանանց, ինչպես միշտ, որպես պատերազմի ավար են դիտարկում եւ ստրկացնում, մարմինները վերցնելով` ոչ թե մեկ, այլ հազար անգամ են սպանում:

     Իմ երկրում նույն կազմակերպությունը սպանեց խաղալիք բաժանելու եկած երիտասարդներին Սուրուչում, «խաղաղություն եւ աշխատանք» կարգախոսով հանրահավաքի մասնակիցներին՝ Անկարայի երկաթուղային կայարանում: Շատ ծանր էր այդ օրերին ապրել` տեղյակ լինելով, որ նրանք համակիրներ էլ ունեն: Կարծես, զառանցանքի մեջ էինք, մտածում էի` ո՞ր մեկին չէինք մոռանալու, հերթական զոհերն ովքե՞ր էին լինելու, ու հենց այդ ժամանակ սկսեցի առավել հաճախ լսել, թե մարդիկ ինչպես են ընդվզում սեփական հավատալիքների դեմ: «Երկու սարի արանքում» բանաստեղծությունը այդ օրերին է գրվել: Օրերով գլխիս մեջ պտտվում էր վերջին տողը բանաստեղծության`
   
«մատս էի սեղմել պարզապես

ճզմվել, մնացել էր Ռաքքայում`

երկու սարի արանքում

հենց Ալլահին քրոջս էի մատնացույց անում»:   

Հետո այն լույս տեսավ մի խումբ կանանց կողմից հրատարակվող «Փուլբիբեր» (քաղցր բիբար) ամսագրում, ընկերոջս` Դենիզ Դուրուքանի խնդրանքով:

Զրուցեց՝ թուրքագետ Կարոլինա ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ