30 տարի արած ցանկացած բան ադրբեջանցիները համարում են «օկուպանտական» ու ոչնչացնում․ Հ․ Պետրոսյան

30 տարի արած ցանկացած բան ադրբեջանցիները համարում են «օկուպանտական» ու ոչնչացնում․ Հ․ Պետրոսյան

Հուլիսի 2-ին միջազգային «Կովկասյան ժառանգության մշտադիտարում» ("Caucasus Heritage Watch") հետազոտական կազմակերպությունը (ԱՄՆ, Չիկագոյի համալսարան) թվիթերյան գրառմամբ հայտարարություն էր տարածել՝ հաստատելով Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում հայկական գերեզմանատան ավերման փաստը։

Ավերման մասին առաջինը հաղորդել էր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) նախագիծը՝ նշելով, որ տարածքը հողին է հավասարեցվել Շուշի-Վարանդա ճանապարհաշինության կապակցությամբ։ MONUMENT WATCH-ը նախաձեռնել են Համլետ Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Աննա Լեյլոյան-Եկմալյանը (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ)։

Պատերազմի հետևանքով իրենց վերահսկողության անցած տարածքներում ադրբեջանցիները ոչնչացնում, ձևախեղում, պղծում են հայկական ներկայությունը վկայող հուշակոթողները, խաչքարերը։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախագիծն իր կայքում մի քանի անգամ արդեն անդրադարձել է ադրբեջանական վայրագություններին։

«Հրապարակի» հետ զրույցում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն ասաց, որ Արցախում բազմաթիվ մշակութային հուշարձրաններ կան, որոնք կարող են ոչնչացվել։ «Հուշարձաններ, որոնք սահմանին մոտ են, հուշարձաններ, որոնք չեզոք գոտում են գտնվում։ Կան հուշարձաններ, որոնց մասին մենք տեղեկություններ չունենք», - ասաց պրոֆեսորը։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախագծի կայքում կա «ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ, ԱՀԱԶԱՆԳ» բաժնի «ԱՀԱԶԱՆԳԵՐ» ենթաբաժնում ներկայացվել են կոթողների, իրադարձությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ։

Հունիսի 9-ին արված հրապարակումը վերաբերում է Արցախի Հադրութի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանատան ավերմանը։ «Մայիսի 30-ին Վահե Հարությունյանը ֆեյսբուքյան հարթակում տեղադրեց արբանյակային լուսանկարներ, որոնցից հստակ երևում է, որ Ադրբեջանը քանդել, և հողին է հավասարեցրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի  գերեզմանոցը, որը հիմնվել է 18-րդ դարի կեսերին և գործում էր մինչև օկուպացումը»։

Մյուս հրապակումը (24․06․2021) վերաբերում է Հադրութի ազատամարտիկների հուշարձանի ավերմանը։ «Սույն թվականի հունիս 23-ին համացանցի տելեգրամյան հարթակում Карабахский Вестник անունով օգտատիրոջ կողմից տեղադրվել է մի հրապարակում, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախյան պատերազմում Հադրութի շրջանում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանը։ Հրապարակման մեջ նշվում է, որ անօրինական է Ադրբեջանին մեղադրել նացիստական հուշարձանի քանդման մեջ, որն ապօրինի կերպով հայ օկուպանտները տեղադրել են Ադրբեջանի տարածքում: Բացի դա, տելեգրամյան ալիքում նույն օրը տեղադրվել է նաև ադրբեջանական մշակութային վանդալիզմը փաստող տեսանյութ »։

Հաջորդ հրապարակման մեջ (27․06․2021) Համլետ Պետրոսյանը նշել է, որ «Քաղաքներ եզերքին. Ուշ անտիկ քաղաքաշինության ուսումնասիրություն Հարավային Կովկասում (մ.թ. 300–600)» [«Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)»] խորագրով գիտաժողովից «միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները»։

«Ցավով և հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ, նախաձեռնելով և միանալով «Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600)» գիտաժողովին», - գրել էր ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը։  

Հունիսի 30-ին կայքում «Ադրբեջանի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում օկուպացված Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում» վերտառությամբ հրապարակում էր արվել։ Նշված է, որ հունիսի 5-ին համացանցի տելեգրամյան ալիքում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները մահմեդական աղոթք են հնչեցնում Արցախի Ջրաղացներ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

«Տեսանյութում զինված զինվորականները եկեղեցուց դուրս են գալիս նամազ երգելով»։

«Կայքում ներկայացված են և՛ հուշարձանները, և՛ վտանգի տակ գտնվող հուշարձանները, և՛ այն հուշարձանները, որոնք հետ ինչ-որ բան է տեղի ունեցել և այսպես շարունակ», - բացատրեց Պետրոսյանը։

Մինչ 44-օրյա պատերազմի բռնկումը Համլետ Պետրոսյանը ղեկավարում էր Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախումբը։ Պատերազմի հետևանքով Տիգրանակերտ հնավայրում պեղումները դադարել են, ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել Մարտակերտի շրջանի հարավ-արևելքը, որտեղ տեղակայված է պատմական Տիգրանակերտ քաղաքը։

Անդրադառնալով Տիգրանակերտի պեղումների խնդրին՝ պրոֆեսորն ասաց, որ ադրբեջանական կողմը դժվարանում է այս հարցում։ «Իրենք ասում են, որ եկեղեցին բաղնիք է, սարկովագները ջրի աման են։ Գիտությունից, ֆայմից հեռու լիքը բաներ են ասում։ Երևում է, որ դժվարություններ ունեն յուրացնելու։ Կամ շինծու ձևով են մեկնաբանում Տիգրանակերտը, որովհետև ինքը շատ հզոր, այսպես ասած, փոքրասիական տրադիցիայով կառուցված քաղաք է։ Տեղական ավանդույթ չէ, որ ասեն «աղվանական է» և այլն։ Այդ բարդությունը կա», - նշեց պատմական գիտությունների դոկտորը։

Իսկ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինչ է անում արցախյան հուշարձանների հարցով, Պետոսյանն ասաց, որ բազմաթիվ կազմակերպություններ, ներառյալ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ԻԿՕՄՕՍ-ը (Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ) դիմել են։ «Բոլորն էլ դիմել են [ՅՈՒՆԵՍԿՕ-ին], ոչ մի պատասխան։ ՅՈՒՆԵՍԿՈ-ն միայն ասել է, որ պետք է գնա, տեղում ստուգի, Ադրբեջանը համաձայնություն չի տվել։ Մի շաբաթ առաջ, կարծես, ասում են, թե Ադրբեջանը համաձայնություն է տվել։ Պարզ է, որ տանելու են, ցույց տան կործանված Աղդամ քաղաքը և այլն։ Այսինքն՝ իրենք ներկայացնելու են այն ամենը, ինչը պատերազմի հետևանքով ոչնչացվել է, և դա անվանեն «ժառանգություն»։ Մեծ ակնկալիքներ ունենալ նման այցելություններից, առավելևս ինչ-որ արդարացի մոտեցում կամ ինչ-որ մեխանիզմ, որոնք կկասեցնեն այդ ամենը [հուշարձանների ոչնչացումը], հազիվ թե գոյություն ունի», - ընդգծեց պրոֆեսորը։  

Պետրոսյանն ասաց, որ հայերի՝ 30 տարի արած ցանկացած բան ադրբեջանցիները համարում են «օկուպանտական» ու ոչնչացնում․ «Դրա հետ միասին ձեռքի հետ ոչնչացնում են խորհրդայինը, որովհետև շատ հաճախ այդ երկուսը [հայկական և խորհրդային հուշարձանները] միասին են»։

«Որպես մասնագետ փորձում ենք մեր ձեռքից եկածն անել, միջազգային գիտական հանրույթին ներկայացնել, որ «ահա՛, այսպես է տեղի ունենում»։ Թե այդ հանրույթն ի՞նչ կարձագանքի, ես դժվարանում եմ ասել։ Բայց ոչինչ չանելն էլ ինչ-որ բանի չի կարող հանգեցնել։ Մենք փորձում ենք։ Թե ի՞նչ արդյունք կլինի, ես չգիտեմ», - եզրափակեց ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչը։