Տարին չսկսված՝ դատախազության բյուջեն սպառվե՞ց, թե՞ անկախության կորուստ ունեցավ

Տարին չսկսված՝ դատախազության բյուջեն սպառվե՞ց, թե՞ անկախության կորուստ ունեցավ

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր խորհրդական Արթուր Բաղդասարյանի հետ հունվարի 11-14-ը գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնք անցկացվելու են 2021 թ․ հունվարի 11-14-ին։ Կառավարության որոշման մեջ հատուկ ընդգծված է՝ գործուղման վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է որոշել, որ դե յուրե անկախ համարվող կառույցի ղեկավարը՝ գլխավոր դատախազը, մեկնի գործուղման։

Բայց սա ամենը չէ։ Այդ նույն որոշման մեջ նշված է նաեւ, որ գլխավոր դատախազի ու նրա խորհրդականի գործուղման ծախսերը, համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։ Եվ սա այն դեպքում, երբ դատախազության մասին ՀՀ օրենքի 77-րդ հոդվածով հստակ նշված է, որ դատախազության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

«Դատախազության ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն: Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ: Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից»,- նշված է դատախազության մասին օրենքում։

Ուստի, այստեղ մի շարք հարցեր են ծագում։ Նախ, դատախազության մասին օրենքում հստակ նշված է, որ «դատախազության պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից»։ Տարին նոր է սկսվել, եւ սա դատախազի առաջին գործուղումն է, ու պարզվում է՝ դատախազության պահուստային ֆոնդում փող չկա՞, որ արդեն կառավարության պահուստային ֆոնդից են գումար հատկացնում գործուղման ծախսերը հոգալուն։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարին դեռ չսկսված՝ դատախազության միջոցները սպառվեցին։ Որտե՞ղ են հասցրել ծախսել այդ գումարները։  

Երկրորդ․ ինչո՞ւ է դատախազի գործուղման որոշումը, հերիք չէ՝ կայացնում վարչապետը, մի բան էլ այդ գործուղման ծախսերը հոգում կառավարությունը՝ իր պահուստային ֆոնդից, ոչ թե դատախազությունը՝ իր միջոցների հաշվին։ Սա դատախազության անկախության գաղափարի ակնհայտ խախտում է։ Եթե անկախ համարվող կառույցը ֆինանսական կախման մեջ է մտնում գործադիր իշխանությունից ու դրա քաղաքական ղեկավարից, սա արդեն կառույցի նաեւ քաղաքական ու իրավական անկախության խախտման մասին է վկայում։ Իհարկե, կոնկրետ Արթուր Դավթյանի դեպքում դա բոլորովին էլ զարմանալի չէ։ Սերժ Սարգսյանի օրոք նշանակված ու տեւական ժամանակ նրան ծառայած Դավթյանը 2.5 տարի է՝ հոժարակամ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքները՝ տարատեսակ քրեական գործեր հարուցելով ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ։ Բայց եթե դրանք զուտ քաղաքական կամ բարոյական տիրույթում հնչող գնահատականներ են, ապա կառավարության այս մեկ որոշումը փաստացի վկայությունն է այն բանի, որ դատախազությունն ուղղակի կախվածություն ունի գործադիրից առնվազն ֆինանսական մասով։

ՀԳ․ Դատախազությունից երեկ բավականին երկար չարչարվելուց հետո մի երկարաշունչ պատասխան ուղարկեցին՝ կրկնվող բացատրություններով, որում հիմնական միտքը հետեւյալն է․ «Գործուղումների համար ՀՀ դատախազությունը չունի առանձին բյուջե, հետեւաբար, ՀՀ դատախազությունում պաշտոն զբաղեցնող անձանց արտասահմանյան գործուղումների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված կարգով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»։