Եթե կարգը չգիտեն, չի նշանակում, որ համակարգը ճիշտ չի աշխատում

Եթե կարգը չգիտեն, չի նշանակում, որ համակարգը ճիշտ չի աշխատում

Ուսումնական նոր տարվան ընդառաջ, աշակերտների՝ դպրոցից դպրոց տեղափոխությունը դարձել է գլխացավանք թե՛ ծնողների, թե՛ դպրոցների համար։ Թեպետ վերջին փոփոխություններից հետո աշակերտի անձնական գործը դարձել է առցանց, բայց դպրոցներ կան, որ այն չեն տալիս ծնողին՝ պահանջելով տեղեկանք ներկայացնել։ Ծնողներին այս պահին հետաքրքրում է՝ եթե այդ գործընթացն առցանց կարելի է անել, ինչո՞ւ են իրենցից պարտադիր թղթային տարբերակով տեղեկանք պահանջում։ 

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որն այդ վարչության պետի թեկնածուն է, մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցներն իրավունք չունեն պահանջել տեղեկանք։ «Կարգը փոխվել է, եւ էլեկտրոնային գրանցում պետք է կատարեն, որպեսզի աշակերտը տեղափոխվի։ Եթե իրենք կարգը չգիտեն, դա չի նշանակում, որ համակարգը ճիշտ չի աշխատում»,-ասում է նա ու պնդում, որ բոլոր դպրոցները համապատասխան պարզաբանումներ ստացել են․ «Երբ ծնողը դիմում է դպրոց՝ տվյալ աշակերտին տեղափոխելու համար, տվյալ դպրոցն աշակերտին ազատում է էլեկտրոնային իր տարածքից, նոր մյուս դպրոցը կարողանում է ընդունել նրան, բայց եթե ընդունող դպրոցը լիցենզիայով տեղ չունի, առաջին դպրոցն ազատի, թե չազատի, 2-րդ դպրոցը չի կարող ընդունել, որովհետեւ տեղ չունի ընդունելու, եւ համակարգը նրան թույլ չի տալիս։ Այս դեպքում ի՞նչ են անում ծնողները, նրանք գնում դիմում են գրում, վերցնում են գործերը, գնում են մյուս դպրոց ու ասում են՝ ընդունեք, նրանք էլ ասում են՝ համակարգը չի աշխատում, որովհետեւ մենք լիցենզիայի տեղ չունենք։ Ծնողները փորձում են վերադառնալ նախորդ դպրոց, բայց այնտեղ էլ արդեն մարդ է ընդունվել։ Դա ավելի շատ գալիս է ծնողների ինքնագործունեությունից, նրանք շտապում են տեղափոխությունը կատարել, առանց հաշվի առնելու՝ մյուս դպրոցը տեղ ունի՞, թե՞ չունի, եւ առաջանում է նման կոնֆլիկտային իրավիճակ։ Դրա համար միշտ պետք է առաջնորդվել կարգով, սահմանված եղանակով, ոչ թե ինքնագործունեությամբ։ Դպրոցները համակարգն օգտագործելու հետ կապված ոչ մի խնդիր չունեն, ինքն իր կառուցվածքով շատ պարզ է, հասարակ, օգտագործման համար շատ հարմար»։

Ինչո՞ւ են դպրոցները շարունակում փաստաթղթեր ընդունել, եթե անձնական գործը դառնում է առցանց։ Ստացվում է՝ հիմա ուսուցիչները փաստացի նույն գործը 2 անգամ են անում՝ առցանց եւ թղթային տարբերակով։ «Դրա համար հիմա փաստաթուղթը գտնվում է ստորագրման փուլում, եւ հաստատումից հետո այլեւս թղթայինն ունենալու կարիք չի լինի, պարզապես վերցնելու են, թվայնացնեն ու վերադարձնեն ծնողներին եւ 2 անգամ նույն աշխատանքն այլեւս չեն անի»։

Ինչ վերաբերում է աշակերտների շարժի մատյանին, ապա տնօրենները պետք է շարունակեն այն վարել թղթայի՞ն, թե՞ էլեկտրոնային եղանակով։ «Փաստաթղթերի այդ կարգը երբ հրամանի տեսք ստանա, շարժ-մատյանը ձեւավորվելու է ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ երբ աշակերտներին մենք գրանցում ենք կառավարման համակարգում, կիսամյակի վերջում գրանցվում են նաեւ նրանց կիսամյակային, ինչպես նաեւ տարեկան գնահատականները, որի հիման վրա աշակերտը փոխադրվում է։ Համակարգն ինքն արդեն այդ շարժ-մատյանը ձեւավորում է, եւ ցանկացած դեպքում՝ PDF ֆորմատով, դպրոցը կարող է ներբեռնել՝ անհրաժեշտ աշխատանքներ կամ վերլուծություններ կատարելու համար, բայց դրա թվայինը՝ որոնումներ եւ վերլուծություններ կատարելու համար, ավելի հարմար է։ Հետո՝ բացի դրանից, թվային համակարգը նաեւ վերահսկողական որոշակի ֆունկցիա ունի, եւ լիազոր մարմինը կարող է հեշտությամբ համակարգում վերլուծություններ կատարել, տեսնել երեխաների շարժը, գնահատել իրավիճակը, հասկանալ, թե ինչու են այս կամ այն հոսքերն առաջանում, ինչպես կարելի է դրանց շարժումն ապահովել ավելի բարենպաստ ձեւով, օրինակ՝ եթե մի դպրոցից անընդհատ գնում են աշակերտները, դա երեւում է, եթե մի դպրոց անընդհատ գալիս են, դա եւս երեւում է։ Ըստ այդմ, նախարարությունը սկսում է մտածել՝ ինչ անի, նոր շենքով, տարածքով ապահովի կամ փորձի հասկանալ, թե ինչու են այդ տարածքից անընդհատ երեխաները հեռանում, եւ փորձի իրավիճակը շտկել։ Դրա համար թվային տեղաշարժը շատ ավելի հարմար է օգտագործման համար»։    

Նոր ուսումնական տարում ժամանակավորապես դադարեցվում է նաեւ արտադասարանական խմբակների գործունեությունը, բայց դարձյալ հստակ պարզաբանումներ չկան, թե հնարավոր կլինի՞ հեռավար տարբերակով աշխատել եւ կազմակերպել արտադասարանական խմբակների գործունեությունը, հատկապես որ ուսուցիչներ կան, որոնք դպրոցում միայն խմբակի ղեկավար են՝ ժամեր ու հաստիք չունեն եւ փաստացի անգործ են մնալու, այն դեպքում, որ կարելի է լեզուների պարագայում այդ դասերն առցանց անել, ինչո՞ւ այդ հնարավորությունը չօգտագործել։  «Կարգով՝ ուղեցույցով սահմանված է, որ առկա վիճակով խմբակները դադարեցվում են, դա շատ հստակ է, եւ նպատակն է՝ փոքրացնել ռիսկային այդ իրավիճակը, որովհետեւ տարբեր երեխաներ շատ երկար ժամանակով կմնան ուսումնական հաստատությունում եւ կունենան վտանգ՝ վարակելու կամ վարակվելու, բայց եթե դպրոցը որոշում է հեռավար կազմակերպել, կարծում եմ՝ այդ պարագայում ոչ մի խնդիր չեն ունենում, եւ դա դպրոցի որոշելիքն է»։  

Ի տարբերություն պետական հաստատությունների, որտեղ տարրական դասարանի դասագրքերն անվճար են, մասնավոր դպրոցներում դրանք վճարովի են, չնայած բոլոր երեխաներն էլ ՀՀ քաղաքացիներ են, եւ պետությունը բոլորին պետք է նույն աչքով նայի։ Ճիշտ չէ՞ր լինի, որ անկախ իրավակազմակերպչական ձեւից, պետությունը բոլոր դպրոցներում տարրական դասարաններին ապահովեր անվճար դասագրքերով։ «Պետությունը բոլոր տարրական դասարանցիներին հրավիրում է պետական դպրոցներում սովորելու, երբ նրանք կգան պետական դպրոց՝ սովորելու, կստանան նաեւ դասագիրք։ Նրանք այդ իրավունքն ունեն, եւ իրենք են ընտրել ու մասնավոր դպրոցում սովորելու որոշում կայացրել։ Ծնողը ցանկացած պահի կարող է իր երեխային տեղափոխել պետական դպրոց եւ ստանալ բոլոր դասագրքերը, պետական միջոցների հաշվին»։ 

Ուղեցույցում դասասենյակների մակերեսի հետ կապված նշված թվերը, ըստ Ա․ Թորոսյանի, ընդամենը ուղղորդող թվեր են, իրենք գծագրով դպրոցներին հստակ ներկայացրել են այն մոդելը, թե ինչպես պետք է աշակերտներին նստեցնեն դասասենյակներում․ «Եթե դասասենյակն ավելի մեծ է կամ փոքր, նրանք հանգիստ կարող են կատարել փոփոխություններ։ Մենք նաեւ նշել ենք, որ եթե դասարանում սովորում է 20 աշակերտ, բայց դասասենյակի մակերեսը չի բավարարում, որ 20 աշակերտը տեղավորվի, կարող են 20 հոգանոց դասարանը կիսել։ Այսինքն՝ բոլոր հնարավոր տարբերակները մանրամասն նկարագրված են։ Իսկ տուգանվելու խնդիր գոյություն չունի, հատկապես սկզբնական փուլում բոլոր դպրոցները միշտ, ամեն րոպե ստանում եւ ստանալու են անհրաժեշտ ուղղորդումները»։