Զուրաբիշվիլին հիշեցնում է

Զուրաբիշվիլին հիշեցնում է

Վրաց-ադրբեջանական սահմանային վեճն, ինչպես երեւում է մամուլի հրապարակումներից, գնալով ավելի է սրվում: Դավիթ-Գարեջի համալիրի վանահայր Կիրիոնը վրացական Ռուսթավի 2 հեռուստատեսությանն ասել է, որ ադրբեջանական կողմը սահմանապահների թիվը 2-ից հասցրել է 18-ի: Նրանք դեպի վանական համալիր տանող ճանապարհներին տեղադրել են նախազգուշացնող բովանդակությամբ գրություններ: Վրացական հանրային շրջանակները չափազանց բուռն են արձագանքել սահմանի այդ հատվածում ստեղծված իրավիճակին: Թբիլիսիում հասկանում են, որ Ադրբեջանը մտադրված է իր տարածքում ներառնել վաղ միջնադարյան վանական համալիրը, որն ադրբեջանական կողմում անվանվում է «աղվանական քաղաքակրթության հուշարձան»: Թեման այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացառիկ հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը: Զուրաբիշվիլին Դավիթ-Գարեջի վանական համալիրի շուրջ իրավիճակի սրացումը կապել է սահմանի այդ հատված իր այցելությանը պաշտոնական Բաքվի արձագանքի հետ:

«Մի՞թե երկրի նախագահն ազատ չէ իր շրջագայություններում»- տարակուսել է Զուրաբիշվիլին` ակնհայտորեն նկատել տալով, որ Ադրբեջանը խոչընդոտում է իր գործունեությանը: Վրաստանի նախագահը, խոսելով  Ադրբեջանի հետ սահմանազատման սկզբունքների մասին, ասել է, որ գոյություն ունեն խորհրդային շրջանի քարտեզներ, որոնք ցույց են տալիս երկու հանրապետությունների միջեւ վարչական սահմանը: Հենց դրանք էլ, ըստ Զուրաբիշվիլիի, պետք է դրվեն սահմանազատման հիմքում: Խորհրդային քարտեզներով Դավիթ -Գարեջի վանական համալիրը գտնվում է Վրաստանի տարածքում: Ներկայումս Ադրբեջանը հակառակն է պնդում: Ընդ որում, ինչպես Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է ասել, սահմանազատման հարցով բանակցությունների «արհեստական ինտենսիվացման անհրաժեշտություն չկա»:

Դրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հակված չէ խթանելու սահմանազատման բանակցությունները, քանի որ փաստացի իրավիճակը լիովին համապատասխանում է իր շահերին: Ադրբեջանցի փորձագետները գտնում են, որ Վրաստանի հետ հարաբերությունները բարդացնելուց պետք է հնարավորինս խուսափել: Իշխանությունները, սակայն, հակված են վիճելի հարցերը մոռացության մատնելուն, ինչը Վրաստանին չի բավարարում: Սալոմե Զուրաբիշվիլին ակնարկել է, որ սահմանազատման բանակցությունների արհեստական ձգձգումը կարող է խիստ բացասական հետեւանքներ թողնել վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա: