Սրանք մեզ էլ ուտեն՝ չեն կշտանալու․․․
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ուշիմ աշակերտուհու պես Ազգային ժողովի նիստում հրապարակում է միլիարդների հասնող ապօրինի գույքի բռնագանձման փաստեր, անուններ։ Եթե 2018-ին նման հրապարակումները ազդեցություն էին գործում, մտածում էինք՝ էս ինչ լափել են լափել, 2023 թվականին դրանք ոչ մի ազդեցություն չեն գործում։ Փորձում եմ հասկանալ, թե դրանք ինչու՞ չեն ներգործում։
Հինգ տարի է, հա, թալան են վերադարձնում, մարդկանց աչքը մի բան չտեսավ։ Միայն շոու։ Ավելին, մարդիկ տեսնում են, որ թալանն իրենց անելու գործով են զբաղված։ Ժողովրդի խոսք է՝ աչքը կուշտ, տեսած մարդուն պիտի իշխանություն տալ։ Այս թիմը եկավ, հենց իրենց մեկնաբանությամբ, սոված, պատռոտված շորերով, աշխարհի վրա չարացած։ Սա կոչվում է գայլային սովի սինդրոմ ու գայլային ախորժակ։ Տեսնում ենք, որ հիմա բոլոր քաղցածները կուշտ են, գառներն էլ պակասում են։ Իրենց կուշտ լինելուց մարդիկ չեն կշտանում։ Հիմա ու՞մ է հետաքրքիր, թե ասենք ումից քանի միլիարդ են վերցնում կամ ինչ մեխանիզմով են վերցնում։ Հինգ տարվա մեջ մարդիկ համոզվեցին, որ քաղցած, նոր իշխանությունն էլ բերան ունի ու ավելի մեծ բերան և ավելի մեծ ախորժակ։ Եթե նախկիններն արդեն կշտացել էին, էլ տեղ չկար ուտելու, սրանք մեզ էլ ուտեն՝ չեն կշտանալու․․․ Սա հարցի մի կողմն է։ Մյուս ավելի խոցող կողմն այն է, որ երբ այս իշխանությունը սրան, նրան «տկլորացնել է ուզում», տեսնում է, որ հին գայլերին արդեն չեն հավատում, արենա է բերել Աննայի նման մի աղջկա ու նրան թվում է, թե այս աղջիկը, որ «թաթախված չի եղել «ուտել- խմելու մեջ» , ինչ ասի՝ դյուրահավատ մարդիկ տեղի են տալու։ Ասեմ, որ Աննա Վարդապետյանի՝ միլիարդների հասնող թվարկումների ժամանակ ես մի բան էի մտածում։ Ասենք նա ասում էր ՝ 30 բնակարան այսինչը ունի, ես մտածում եմ, բա դուք՝ ձեր իշխանությունը, քանի՜ տասնյակ հազար բնակարան հանձնեց թշնամուն։ Ասում է՝ այսքան հողատարածք, մտածում եմ, բա դուք քանի՜ հեկտարներով հողատարածք հանձնեցիք․․․ Դուք շեն գյուղեր, քաղաքներ հանձնեցիք, ի վերջո մի ողջ Արցախ հանձնեցիք ու եկել՝ 30 բնակարանի՞ց եք խոսում։
Բնակարանները վերցնում կամ դրանց գումարը գանձում եք, որ ի՞նչ անեք։ Գոնե այդպես գիտենք, որ դա ՀՀ սեփականությունն է, իրենց սեփականությունը թշնամուն չեն տալու, դուք ի՞նչ եք անելու։ Այ դա բացատրեք։ ՀՀ սուվերեն տարածքից քանի քառակուսի կմ տարածք է հանձնվել։ Այդ հարցը քննեք։ Ոչ թե տարածքների հանձնման ֆոնին շոու ստեղծելով զբաղվեք։ Բա հինգ տարի է, անեի՜ք, թիմակիցներով ձեր բարգավաճման խնդիրը չլուծեիք, ինչու՞ հենց հիմա եք անում, երբ Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ժամանակին բոլորս էլ դա էինք ուզում, որ բացահայտվեր այս ամենը, բայց հիմա Արցախի, Հայաստանի պետականության գոյության ֆոնին դա ընդամենը ձեր համար հաճելի զբաղմունք է։ Թշնամին մեր տարածքը, մեզ պատռոտում է, դուք մեզ գառան նման վերցնում ու դեմ եք տալիս նրա երախին։ Վերջապես ո՞վ ես դուք։ Հասկանու՞մ եք, որ վերջին գառներին են հասել, հետո ձեզ պիտի տաք․․․
Կարծիքներ