Սիրտն օվկիանոս է ուզում

Սիրտն օվկիանոս է ուզում

ՀՀ վարչապետը հայտնվել է հայտնի սովետական ֆիլմի հերոսի կարգավիճակում` ամեն օր Իշտոյանին... կներեք` Բայդենին ու Բլինքենին է տեսնում, Զելենսկու եւ Մակրոնի հետ է նստում-վեր կենում, նա իրեն արդեն մեծ աշխարհի մասնիկն է զգում եւ ինչպես հայ ժողովրդին է փորձում դասեր տալ եւ ճիշտ ուղու վրա դնել, նույնկերպ էլ աշխարհի հզոր երկրների ղեկավարներին է փորձում խորհուրդներ տալ, կարգախոս ու կենսակերպ հուշել: Նա այլեւս չի տեղավորվում մեր փոքրիկ Հայաստանի սահմաններում, սիրտը մեծ օվկիանոս է ուզում` համաշխարհային լսարաններ, իր գաղափարախոսությունն ընկալող զանգված: Որ հատուկ ջանքեր չթափի բացատրելու համար, թե որն է իրական պետությունը, որը` պատմականը, ինչ է կայսերական հայրենասիրությունը, ու ինչպես կարող է հայրենասիրության զգացումը դառնալ մարդու, ղեկավարի ողբերգությունը: Այնպիսի լսարան է ուզում, որը կգնահատի խաղաղությանն ուղղված իր ջանքերը եւ հարեւանների հանդեպ տոլերանտությունը: Եվ այդ լսարանը, ըստ էության, գտել է` ՄԱԿ-ի նման անիմաստ մի կառույցի ամբիոնը, որտեղ կազմակերպվող միջոցառումները բացարձակապես ոչ մի իմաստ չունեն, բացի սիմվոլիկ լինելուց, եւ որտեղ արտասանված ելույթներն էլ ոչ մեկը չի լսում:

Մեծ քաղաքականությունը բոլորովին ուրիշ տեղերում եւ ուրիշ միջոցներով են առաջ մղում, որտեղ փաշինյանական ծեքծեքուն մտքերը գրոշի արժեք չունեն: Որտեղ պարզապես ծիծաղում են նրա` աթոռը գերագույն ճիգերով պահելու կամքի վրա: Այն միակ կամքի, որը ցուցաբերում է նա` որպես երկրի ղեկավար: Ծիծաղում են, որովհետեւ աշխարհը հասկացել է, որ ամեն աթոռ իր գինն ունի` այդ գնից ավելի դրա համար վճարելը տգիտության, ագահության, սահմանափակ մտքի արդյունք է: Եվ, առավել եւս, այդ գինը վճարող անձը չի կարող աշխարհին դասեր տալ: