48 դպրոցի ծեծկռտուքի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

48 դպրոցի ծեծկռտուքի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Օրերս մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կատարվում է հետաքննություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը․ «Հարկ է նշել, որ 10.12.2018թ. ժամը 12:55-ին թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Գ.-ն /ծնվ. 2005թ./՝ ձախից կրծքավանդակի սալջարդ որովայնի բութ տրավմա ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով: Նույն օրը ժամը 22:30-ին «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք արյունահոսություն վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով: 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 10.12.2018թ-ին, ժամը 10:30-ի սահմաններում, թիվ 48 դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ընթացքում անչափահաս Պ.-ն ոտքով հարվածել է անչափահաս Գ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է վնասվածք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»։ 

Թիվ 48 դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանից տեղեկացանք, որ անչափահաս Գ․-ն այժմ էլ է գտնվում «Մուրացան» ԲԿ-ում, իսկ նրան ոտքով հարվածած Պ․-ն 2 օր է, ինչ դպրոց չի գնում։ Արիստակեսյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, քանի որ Գ․-ի ծնողներին խոստացել է այլևս որևէ բան չհայտնել մամուլին։