Սերժ Սարգսյանի պարտությունը

Սերժ Սարգսյանի պարտությունը

Երկու տարի շարունակ մեզ հանդիմանում են՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք քննադատում»։ Ներկայացնում ենք հերթական հոդվածը «Հրապարակի» արխիվից։ Այսօր հրապարակում ենք 2015 թ․ հուլիսի 1-ի հոդվածը։ Հեղինակ՝ Արամ Պաչյան։

Առաջին օրերին ձայնը դուրս չէր գալիս, գուցե իր նստավայրի վարագույրներից ծիկրակում էր, սպասում հրաշքի, թե մարդիկ ակամա են փողոցում, եւ իրենց պահանջն էլ ակամա է, ուր որ է կհոգնեն-կհեռանան: Եվ եղավ առաջին օրը: Նախագահի գիտակցությունը կայծակնային արագությամբ «փայլատակեց»: Թափ չհավաքած շարժումն օրորոցի մեջ պիտի խեղդել: Մատնացույց արվեց ջրցան մեքենաներին: Սակայն ջրի հուժկու շիթերը պարզապես խայտառակ ձեւով ետ շպրտվեցին, որին ականատես եղավ ողջ աշխարհը: Եվ Սերժ Սարգսյանը, ափիբերան մնալով, լուսացրեց իր երկրորդ գիշերը: Սակայն լուսացրե՞ց որ․ դժվար է ասել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա պետության՝ իրականությունը չտիրապետելու բացահայտ ախտանիշներով է տառապում: Ակտիվիստ երիտասարդներին իր մոտ հրավիրելը եւս դրա վառ ապացույցն է: Նախագահը մտածում էր՝ երեւի երիտասարդները երազում են իր «բարի» ձեռքը սեղմել եւ ի կատար ածել արդեն իր առաջադրած պահանջմունքները՝ «հանուն երկրի բարօրության, կայունության եւ առաջադիմության»: Եվ եղավ երրորդ՝ մերժման օրը: Սերժ Սարգսյանը՝ կիսանեղացած, կիսավրդովված, մեկնեց Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:

Եվ մինչ նա ուշի-ուշով ունկնդրում էր գագաթնաժողովի նախագահ Ժոզեֆ Դոլին, Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկին, Ժան-Քլոդ Յունկերին եւ այլոց, Բաղրամյան պողոտայում իսկական զարթոնք էր՝ գնալով ընդարձակվող, զորեղացող: Երիտասարդությունը՝ այս երկրի լույսը, ցույց է տալիս իր հրաշալի կարելիությունները՝ իմաստնություն, սեր, վճռականություն, կամք եւ էլի շատուշատ բաներ, որն իր ժողովրդին եւ պետությանը սիրող յուրաքանչյուր նախագահի համար մեծագույն պատիվ պիտի լիներ: Բայց Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ չէ, այդ նույն երիտասարդները նրան չեն ընտրել, այդ նույն երիտասարդներն ապրում են գերազանցապես այլ իրականության մեջ, իսկ նախագահը՝ այլ: Եվ եղավ չորրորդ օրը, ապա՝ հինգերորդ: Եվ, ահա, վերադարձած նախագահն ի վերջո փորձում է ցուցարարներին ինչ-որ խոսք հղել:

Մի քանի հանճարեղ մեջբերումներ անեմ. «Երբ ես ասում եմ, որ մենք պիտի սովորենք իրարից, մենք պիտի միշտ դեմքով լինենք մեկս մյուսին, ես նկատի ունեմ բոլորին, յուրաքանչյուրիս»: «Ե՛վ իշխանությունը, ե՛ւ իրավապահները, ե՛ւ ցուցարարներն այս ուղղությամբ արել են առաջին քայլերը, եւ դա բնական է»: «Մենք չենք կարող մեր երկիրը զրկել արյունից ու թթվածնից՝ կենտրոնանալով միայն նրա էներգետիկ զարկերակներն ախտահարած խնդիրների պատճառների վրա»: «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է»: «Ինչպես նշեցի, համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչեւ եզրակացության կազմումն այդ ընկերության կողմից, կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»:

Այս խարխուլ ճառը՝ լեցուն հուզական թրթիռներով, որ չունի հստակության կշիռ, վերջնականապես հիասթափեցրեց քիչումիչ սպասումները: Իր անգիտությամբ, ընդառաջ չգալու մոլուցքով (ի վերջո, գոնե մի անգամ նախագահը կարող էր ինքը խիզախել, վեր կենալ աթոռից ու քայլել դեպի երիտասարդները) Սերժ Սարգսյանը պարտություն կրեց:

Հիմա շարժումը 2 մասի է բաժանվել, եւ դրան հետեւած նողկալի բամբասանքները, միմյանց դավաճան կոչելը, բոլոր տարաձայնությունները, թե Ազատության հրապարակի երեխեքը լավն են, ազնիվ են, ճշմարիտ են, իսկ Բաղրամյան պողոտայի չհեռացող մարդիկ սադրիչներ են, քաղաքականներ, կուսակցականներ եւ այլն… սա նախագահ Սարգսյանի իշխանության պարտությունն է ե՛ւ բարոյական, ե՛ւ ֆիզիկական առումով: Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում պայքարողները միմյանց թշնամի լինել չեն կարող, որքան էլ դա ցանկանա Սերժ Սարգսյանի իշխանությունը: