Սպասել, որ Եգիպտոսի նախագահը կարող է նման խնդիր լուծել, միամտություն կլինի

Սպասել, որ Եգիպտոսի նախագահը կարող է նման խնդիր լուծել, միամտություն կլինի

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

- Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Տարածված հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Վարչապետ Փաշինյանն էլ այնպիսի ոգևորությամբ էր մտքեր փոխանակում Եգիպտոսի նախագահի հետ, որ տպավորություն էր, թե այդ հանդիպումը բում է առաջացրել: Ի վերջո` ի՞նչ հանդիպում էր այն:

- Նախ պետք է մեկ կարևոր արձանագրում անել. սա տարածաշրջանային հանդիպում է: Եգիպտոսի նախագահը նաև հանդիպում է ունեցել Բաքվում: Եգիպտոսը Հայաստանի ու Ադրբեջանի հետ ունի ավանդական և բավականին սերտ կապեր: Իսլամական կազմակերպության անդամ է Ադրբեջանն ու հենց այդ շրջանակներում էլ սերտ կապեր ունեն նույն Եգիպտոսն ու Ադրբեջանը: Պետք է ճիշտ հասկանալ խնդիրը. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել բոլոր ուղղությունների հետ, զարգացնելով այն, իհարկե հակադրության մեջ չմտնելով, օրինակ, Ռուսաստանի հետ, չփորձելով արտաքին հարաբերությունների մեծացումը դիտարկել քաղաքական վեկտորի փոփոխություն և այլն, և այլն: Նորմալ դիվերսիֆիկացիան ենթադրում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է կայուն լինեն, միևնույն ժամանակ կայուն պետք է լինեն, թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների և թե Իրանի հետ հարաբերությունները: Սակայն թե ինչքանով իշխանությունները հետևողական կլինեն, ես չգիտեմ: Եթե չկան լուրջ տնտեսական հարաբերություններ, ապա արտաքին հարաբերությունները բովանդակային լինել չեն կարող:

- Հայաստանի և Եգիպտոսի միջև ինչպիսի՞ տնտեսական հարաբերություններ եք պատկերացնում:

- Ես տնտեսագետ չեմ, հետևաբար հստակ պնդումներ անել չեմ կարող այս մասով, սակայն հաստատ Հայաստանն ու Եգիպտոսը կարող են համագործակցության կետեր գտնել: Հայաստանում, օրինակ, շատ զարգացած է «Այ Թի» ոլորտը, ինչը կարող է Եգիպտոսին գրավել: Արտաքին լուրջ քաղաքական հարաբերությունները չեն կարող տնտեսական հենք չունենալ: Օրինակ` Ադրբեջանը չափազանց կարևոր երկիր է Եվրամիության համար, անկախ այն հանգամանքից, որ նույն Եվրամիությունը քաղաքացիական դիտորդներ է Հայաստան գործուղում: Եգպտոսի նախագահը թե Երևանում և թե Բաքվում հասկացրեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կարող է Եգիպտոսը լինել չեզոք միջնորդ: Կարծում եմ` դա Հայաստանի շահերից է բխում: Շատ կարևոր է, որպեսզի միջնորդության հայտ ներկայացրած երկիրը նորմալ հարաբերությունների մեջ լինի բոլոր կողմերի հետ:

- Այդ դեպքում ի՞նչ կարող է տալ Եգիպտոսի միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերություններին, ավելի կոնկրետ` Լաչինի միջանցքի բացմանը:

- Հիմա կան ավելի ազդեցիկ միջնորդներ` Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն, անխտիր, գրեթե բոլորը, սակայն Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ: Հետևաբար սպասել, որ Եգիպտոսի նախագահը կարող է նման խնդիր լուծել, միամտություն կլինի: Պետք է մի հստակ բան հասկանալ, ոչ մի միջնորդ, իր առաքելությունը չի կարող լիարժեք կատարել, եթե կողմերը, տվյալ դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կամք չեն դրսևորում գնալ դեպի խնդրի հնարավոր համապարփակ լուծում: