Խմբակային այց Ռուսիո դեսպանին. իմմմաստը…

Խմբակային այց Ռուսիո դեսպանին. իմմմաստը…
Սերգեյ Կոպիրկին

Կարծում եմ` մենք շուտով հերթական «հրաշալի քառյակի» ականատեսն ենք լինելու: Ահավասիկ, արդեն գոյություն ունեցող «Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանն ու գործադիր տնօրեն Արամ Անտինյանը իրենց անդրանիկ քայլերն են անում այդ ուղղությամբ: Նրանք հանդիպել են ՀՀ- ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Բեքարյանը։ «Հանդիպումը տեղի է ունեցել մեր նախաձեռնությամբ: Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու ձեւաչափերը:

Շնորհակալություն ենք հայտնում պարոն դեսպանին հատկացված ժամանակի եւ հետաքրքիր քննարկման համար: Շարունակում ենք մեր նախաձեռնած հանդիպումների շարքը»,- գրել է Կարեն Բեքարյանը։

Միանգամից հարց է առաջանում` այդ ինչո՞վ են նշված չորս նախկին երիտասարդները հետաքրքրել Ռուսիո դեսպանին` իրենց գրանդիոզ ծրագրո՞վ, թե՞ մի ուրիշ բան կա այդ հանդիպման տակ, որ Բեքարյանը խնամքով թաքցնում է: Ինձ անձամբ մտահոգում է այն, որ հայկական մեդիա տարածքում ծնունդ առնող ընկերությունը փորձում է իր նորամուտը «նշանավորել» Հայաստանում օտար երկրի քաղաքական ներկայացուցչի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին հայտարարություններով:

Ուզում են ասել` մենք շատ լո՞ւրջ ենք… Մյուս կողմից էլ չես թաքցնի, որ «հրաշալի քառյակի» անդամներն իրենք են քաղաքական դեմքեր, ինչն իր հերթին թույլ է տալիս ենթադրել, որ այդ մեդիան այնքան էլ մեդիա չէ, ավելի շուտ՝ քաղաքական ակումբ է, որ, ամենայն հավանականությամբ, ֆորմալ առումով տեղ է զբաղեցնելու մեդիա դաշտում: Ի՞նչ է քարոզելու «հրաշալի քառյակը»…: Ակամա հիշում ես Հայաստանում պուտինյան ակումբների կամ, ինչպես այն ժամանակ էին ասում` «պուտինկաների», ստեղծման տխուր նախաձեռնությունը, որ ուղղակի պարսավանքի արժանացավ մեր հասարակության կողմից:

«Հրաշալի քառյակը» հավատացնում է, որ շարունակում է նախաձեռնած հանդիպումների շարքը: Սա որքան շարքային, նույնքան էլ հետաքրքիր է նշվածների պարագայում: Գուցե Բեքարյանը բարի լիներ եւ մեզ տեղեկացնե՞ր, թե ինչ հանդիպումներ են ունեցել մինչ Ռուսիո դեսպանի հետ տեսակցելն ու ինչ նոր հանդիպումներ են ծրագրել այդ տեսակցությունից հետո: Նման հարց չէր առաջանա, եթե որեւէ հայ լրագրող պարզապես հարցազրույց վերցներ որեւէ դեսպանից, իմանար նրա ներկայացրած երկրի տեսակետը ՀՀ-ում տեղի ունեցած կարեւոր իրադարձության մասին: Բայց իրավիճակը միանգամայն այլ է, երբ երեկվա պատգամավորները, ինձ համար անհասկանալի ձեւաչափով, խմբակային այցելություն են կատարում ՌԴ դեսպանատուն: Նրանց կրած քաղաքական պարտության ֆոնին, համաձայնեք, ՌԴ դեսպանի հետ այս հանդիպումը չափազանց ցցուն է, որպեսզի սովորական համագործակցություն որակվի:

Մեծ գործ սկսելու համար մեծ դրամագլուխ, այսինքն՝ մեծ փողեր են պետք: Մեր վաղվա մեդիա-մագնատները ֆինանսական հարց քննարկե՞լ են Ռուսիո դեսպանի հետ, եւ ի՞նչ է պատասխանել դիվանագետը: Բեքարյանը լռում է այս մասին, թեեւ ցանկացած համագործակցության հիմքում, մանավանդ քաղաքականություն-մեդիա առնչություններում, փողն ամենեւին էլ վերջին տեղում չէ: Այս համատեքստում մեր քառյակի «նախաձեռնությունն» արդեն իսկ վտանգավոր երանգ է ստանում: Որեւէ դեսպան, տվյալ երկրում գրանցված որեւէ կազմակերպության հետ, բնականաբար, կարող է համագործակցել բացառապես իր երկրի շահերից ելնելով, ինչի համար պատրաստ է նույնիսկ փող ծախսել: Իսկ հիմա պատկերացրեք, որ օտար դիվանագետին քո մեդիա ծառայություններն ես առաջարկում: 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ իմ հարցազրույցի ժամանակ, երբ նա խոսեց լրատվամիջոցներին հավասար աչքով նայելու իր ֆենոմենալ կարողության մասին, շտապեցի հարցնել.

- Պարոն Սահակյան, բա որ այդքան սիրում եք լրատվամիջոցներին ու լրագրողներին, ինչո՞ւ պատվոգրերից ու գովասանագրերից բացի պետության հաշվին ուրիշ բան չեք տալիս նրանց, օրինակ` մի քիչ փող, որ իրենց տպագրական ծախսերը հոգան, հավելավճարներ ստանան եւ այլն:

- Ես չգիտեմ, թե որքան է քո պատկերացրած մի քիչ փողը, բայց հարցը դա չէ, կարող ենք փող տալ: Իսկ ի՞նչ կմտածեն ուրիշները մեր պետության մասին, չե՞ն ասի, որ Հայաստանում իշխանությունը ԶԼՄ-ներին առնում է,- պատասխանեց «բարի ծերուկը»:

Նա ճիշտ էր փիլիսոփայում, թեեւ Հայաստանում իրականությունն այլ էր: Մեզ մոտ միշտ են եղել լրատվամիջոցներ ու լրագրողներ, որոնց հաջողվել է մեծապատիվ մուրացկանների պես փող կպցնել համապատասխան շրջանակների հետ, այսպես կոչված, համագործակցության արդյունքում: «Քառյակ մեդիայի» պարագայում վտանգ չկա՞, որ արդեն անցում ենք կատարում դեպի միջազգային ասպարեզ: Շատ էլ չգռեհկացնենք նրանց «լրագրողական» նախաձեռնությունը, բայց, ի վերջո, գիտենք, չէ՞, որ շուկայում, լինի դա տեղական, թե միջազգային շուկա, քարոզիչը, այս դեպքում` «մեդիան», այլ ապրանք, քան քարոզչությունն է, չունի:

ՀԳ. Ակնկալում եմ, որ «Քառյակ մեդիան» կարձագանքի եւ կփարատի իմ բոլոր անհանգստությունները: Ամեն դեպքում, հաջողություն ձեր աշխատանքներին, տղաներ: