Արցախի կուսակցությունները միավորվելու ծրագիր են քննարկում

Ապահովել իշխանության վերարտադրություն․ ահա 2017 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի իրական նպատակը։ Իշխանության վերարտադրությունն այն է, ինչ տեղի է ունենում այս օրերին, հենց այս պահին՝ «քաղաքական գործընթաց» հնչեղ անվան տակ։ Այդ գործընթացի հիմնական դերակատարներն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք պատրաստվում են վերարտադրվել։
Արցախում իշխանությունը ժողովրդի կամարտահայտության արդյունք ու դրսեւորում չէ, ինչպես գրված է Սահմանադրության մեջ, այլ քաղաքական ուժերի ու գործիչների անվան տակ հանդես եկող մի քանի տասնյակ անձանց խմբավորում, որը սկսած 2007 թվականից՝ գոյատեւում էր Բակո Սահակյանի հեղինակության շնորհիվ, սակայն Բակո Սահակյանի՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունից հետո Արցախում յուրօրինակ մի իրարանցում է, անխնա պայքար իշխանության համար։
Բավականին լուրջ աղբյուրներ Արցախի իշխանական վերնախավից պնդում են, ու Արցախի խորհրդարանական երեք ուժերը` ԱԺԿ, «Ազատ հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները, ցանկանում են միավորվել, որի միակ նպատակը եղած իշխանությունը պահպանելն է։ Հետեւաբար՝ 2020 թվականին ամեն ինչ կարվի, որ տեղի ունենան ոչ թե իշխանության ընտրություններ՝ հասարակության կողմից, այլ ամրագրվի ժողովրդի վրա իշխելու իրավունքը։ Ներկայիս իշխանության համար, իհարկե, կարեւոր է ընտրությունների արդյունքների թվաբանական պատկերը՝ մեծամասնություն ապահովելը։ Սակայն, մեծ հաշվով, անգամ դա երկրորդական նշանակություն ունի, քանի որ առաջնայինը գործող համակարգի վերարտադրությունն է, անգամ եթե դա հնարավոր լինի մի քանի անվանումներով կուսակցությունների կամ դաշինքների միջոցով։ Վերջին հաշվով, դրանք բոլորը յուրայինների կուսակցություններն ու դաշինքներն են, որոնց ներկայացուցիչներին միավորում է գործող համակարգի վերարտադրության նպատակը։ Իսկ թե ում շուրջ, պարզ կդառնա որոշակի ժամանակ անց, եւ ամենահավանական թեկնածուն, թերեւս, Արայիկ Հարությունյանն է։ Կգնա՞ն արդյոք նման «ժողովրդավարական» ընտրությունների Աշոտ Ղուլյանը եւ Դավիթ Իշխանյանը։
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ