Սպիտակ ձիով զինդատախազը մոտենում է

Սպիտակ ձիով զինդատախազը մոտենում է

Գլխավոր դատախազութունը, «կրկին փորձիր» սկզբունքով, էլի զինդատախազի պաշտոնի համար մրցույթ է հայտարարել, թվով արդեն 3-րդը։ Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո զինդատախազ Վահե Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, այդ թափուր հաստիքը լրացնելու համար առաջին մրցույթը հայտարարվեց 2022 թ․ սեպտեմբերի 20-ին, հայտերն ընդունվում էին մինչև սեպտեմբերի 27-ը։ Այս մրցույթի միակ մասնակիցը քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն էր, սակայն նա կեսից իր դիմումը հետ վերցրեց, որպեսզի հետագայում ԲԴԽ անդամ ընտրվի։ Գլխավոր դատախազը ստիպված երկրորդ անգամ մրցույթ հայտարարեց հոկտեմբերի 28-ին, հայտերն ընդունվում էին մինչև նոյեմբերի 11-ը, սակայն, ինչպես հաղորդում են գլխավոր դատախազությունից, այս մրցույթին ոչ ոք մասնակցության հայտ այդպես էլ չներկայացրեց։

Փաստորեն դատախազության համակարգից ոչ ոք չի ցանկանում այդ բարձր պաշտոնը զբաղեցնել՝ գլխավոր դատախազի տեղակալ- զինվորական դատախազ դառնալ։ 3-րդ մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 16-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 3 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին լրացել է, մրցույթի անցկացման օր է նշանակվել դեկտեմբերի 20-ը։ Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե այս 3-րդ մրցույթին գոնե մասնակցելու դիմումներ ներկայացնողներ եղե՞լ են, դատախազությունից հայտնեցին, որ մեկ հոգի է դիմել, սակայն թե ով է նա, չասացին։ Մնում է, որ այդ մեկ հոգին մինչև դեկտեմբերի 20-ը չփոշմանի ու Հայկ Գրիգորյանի օրինակով դիմումը հետ չվերցնի։