Մենք հոկտեմբերի 15-ին էինք արձանագրել, ՊՎԾ-ն այժմ է ստուգումներ սկսել

Մենք հոկտեմբերի 15-ին էինք արձանագրել, ՊՎԾ-ն այժմ է ստուգումներ սկսել

Հոկտեմբերի 15-ին «Հրապարակը» լուր էր հրապարակել

«Հոկտեմբերի 15-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 278 հազար 431 դեպք, որից 252 հազար 211-ը` առողջացած, 5 հազար 713-ը` մահվան ելքով: Այսինքն՝ քովիդից 5 հազար 700-ից ավելի մահ ենք ունեցել։ Բայց, պարզվում է, սա միայն հիվանդանոցներում գրանցված մահերն են։ Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։ Նախարարությունից մեզ ասացին, որ իրենք տնային մահերի վիճակագրություն չեն վարում,  ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից։ Տնային մահերի վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է «կորոնավիրուսային հիվանդություն»։ Մեզ ասացին, որ մոտ 600-700 տնային մահ է գրանցվել, այսինքն, քովիդից մահացածների թիվը ոչ թե 5 հազար 700-ի կարգի է, այլ 6 հազար 400-ին մոտ: Սկզբում տեխնիկական խնդիր է եղել` երեւի անփութության հետեւանք, հիմա էլ ուշ է այդ մահերն ընդհանուր թվի մեջ ներառելու համար: Ինչպես Փաշինյանն է ասում` «պլյուս-մինուս 7 հարյուրը» եղանակ չի փոխում»։ 

Դրան հաջորդեցին այլ հրապարակումներ եւ նախարարն էլ մի առիթով խոսեց այն մասին, որ իրենց ներկայացրած վիճակագրության մեջ քովիդի պատճառով տանը մահացածների տվյալները ներառված չեն, ինչը նշանակում է, որ մեր ներկայացրած վիճակագրությունն ամբողջական չէ եւ Առողջապահության միջազգային կազմակերպությունը չի կարող վստահել այդ տվյալներին՝ երբ դրանցում մի քանի տեսակի մանիպուլյացիա կա․ մի տողով նշում են քովիդով վարակված մարդիկ, որոնք մահացել են ոչ թե քովիդից, այլ ուրիշ՝ խրոնիկ հիվանդությունից, իսկ մյուս դեպքում՝ ուղղակի չեն ներառում տանը մահացած մարդկանց տվյալները։

Մենք տեղեկացանք, որ Պետական Վերահսկողական ծառայությունը կորոնավիրուսի հետևանքով մահացության թվերի վերաբերյալ ստուգումներ է սկսել։
Պետական վերահսկողական ծառայությունից հաստատեցին ստուգում սկսելու վերաբերյալ մեր տեղեկությունը․ «Վարչապետը կառավարության նիստին հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե ինչո՞ւ են 2 կառույցների տված ինֆորմացիաները իրարից տարբերվում, և մենք փորձում ենք աջակցել մեր գործընկերներին գտնել այդ հարցի պատասխանը և վարչապետի հանձնարարությամբ ներկայացնել կառավարությանը և հանրությանը։ Խոսքը Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության մասին է, իրենք տարբեր ցուցանիշներ էին հրապարակել, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի պարզվի այդ տարբերությունը ինչ պատճառներով է եղել, մեթոդակա՞ն պատճառով, թե՞ այլ պատճառով, և դրա մասին հանրությանը պատշաճ տեղեկացվի»,- ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Անի խաչատրյանը։