Համալիրի մոտ Դեմիրճյանի սոցռեալիստական արձանն են տեղադրելու

Համալիրի մոտ Դեմիրճյանի սոցռեալիստական արձանն են տեղադրելու

Միջահասակ, մեծ գլխով ու մի չափ փոքր կոստյում հագած այս տղամարդու արձանը՝ սոցռեալիստական լուծումներով, որը քանդակագործ Սարգիս Բաբայանի մտահղացումն է, հավակնում է կոչվել Կարեն Դեմիրճյանի արձան։  Գուցե նկարն է անհաջող, բայց համաձայնեք, որ տղամարդը նման է կոնֆերանսիեի՝ հանդիսատեսի համար հաճելի դիրքում կանգնած։ Նախագիծն ընտրել են առանց մրցույթի, որովհետեւ այն արժանացել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի նախնական հավանությանը։ Սակայն սա դեռ չի նշանակում, թե հենց այս արձանն է տեղադրվելու մարզահամերգայինի մոտ՝ Լենինգրադյան փողոցում։ Ռիմա Դեմիրճյանի կարծիքը կարող է եւ փոխվել։

Պետությունն արդեն երրորդ անգամ է գումար տրամադրում՝ փորձելով բավարարել տիկին Ռիմայի ճաշակը։ Երեք անգամ էլ նախապատվություն է տրվել «սոցռեալիզմոտ» արձաններին։ 2014 թվականին մոտ 100 հազար դոլար էր հատկացվել քանդակագործ Տիգրան Արզումանյանին՝ Կարեն Դեմիրճյանի արձանը ստեղծելու համար։ Նա «Դվին» հյուրանոցի մոտ տեղադրված «Լեռնային պար» կոմպոզիցիոն քանդակի ու Սախարովի կիսանդրու հեղինակն է։ Որոշվել էր տեղը՝ «Մալիբու» սրճարանի մոտ, Մաշտոցի պողոտայի թիվ 15 եւ թիվ 17 շենքերի միջակայքում։ Պատրաստվել էր արձանի գիպսե տարբերակը, բայց Ռիմա Դեմիրճյանն այն չհավանեց։ Փողը ջուրը լցվեց։  
Երկրորդ անգամ ընտրությունը կանգնել էր քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի վրա, ով Կարեն Դեմիրճյանին մոտ էր եղել, լավ էր պատկերացնում նրա կերպարը եւ անգամ էսքիզներ էր արել, գիպսե կիսանդրի եւ նախնական հավանություն ստացել Դեմիրճյանների ընտանիքից։ Բայց այս անգամ արդեն պետբյուջեից փող հատկացնելու խնդիրներ կային, եւ գումար չհատկացվեց, իսկ հետո՝ անցյալ տարի, Ֆերդինանդ Առաքելյանն անսպասելի մահացավ, եւ գործն անավարտ մնաց։ Ապա հեղափոխություն եղավ, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին աջակցում էր Կարեն Դեմիրճյանի որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, որոշեց կրկին ընթացք տալ Կարեն Սերոբիչի հուշարձանի թեմային։

Օգոստոսին կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3 մլն 281 հազար դրամ հատկացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը՝ հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։ Իսկ քանդակագործ Սարգիս Բաբայանի ներկայացրած նախահաշվով՝ հուշարձանի կառուցման համար պետք է տրամադրվի 54,2 միլիոն դրամ։

Փաշինյանը հանձնարարել էր Սուրեն Պապիկյանին՝ հետեւողական լինել պատշաճ ժամկետների պահպանման հարցում եւ պարբերաբար իրեն տեղեկացնել աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Սակայն ՏԿԵԶՆ-ն չի էլ հետեւում սուբվենցիայի ճակատագրին։ Նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը, համենայնդեպս, չուներ մեր հարցերի պատասխանը, թե ինչու է նախագիծն ընդունվել առանց մրցույթի, եւ արդյոք արդեն պա՞րզ է տեղադրման ժամկետը։ Նա մեզ հորդորեց դիմել Երեւանի քաղաքապետարան։ «Այդ բոլոր հարցերն ավագանու քննարկման ոլորտում են, ավագանու իրավազորության ներքո են գտնվում»,- պատասխանեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։ Ստեփան Դեմիրճյանի կինը՝ Թամարան էլ հայտնեց, որ արձանի տեղադրման ժամկետները դեռ հայտնի չեն։ Դո՞ւր է գալիս արդյոք ներկայացված նախագիծը տիկին Դեմիրճյանին։ Այս հարցին Թամարան պատասխանեց․ «Դեռ ուսումնասիրման փուլում է»։
ՀԳ․ Վստահ եմ, շատերն են կարծում, որ Կարեն Սերոբիչի կերպարը հնարավոր չէ պատկերացնել խորհրդային ժամանակահատվածից ու այն ժամանակ կուլտիվացվող սոցռեալիզմի մեթոդից դուրս։ Ժամանակները փոխվում են, դրանց հետ փոխվում են մարդկանց ընկալումներն ու զգացողությունները, բայց հայերիս արվեստում 21-րդ դարում դեռ սոցռեալիզմն է թագավորում։