Եթե կրթությունը զարգանում է, ինչո՞ւ են իրենց երեխաներին դուրս ուղարկում
Արտերկրում սովորելը մեր իրականությունում նոր բան չէ, քանի որ Հայաստանում բարձրագույն կրթության մակարդակը տարեցտարի ոչ թե աճում է, այլ՝ նվազում, իսկ գրագետ, փորձառու դասախոսներին փոխարինում են կիսագրագետ միջակություններ: Սակայն ՀՀ իշխանությունը, ԿԳՄՍ նախարարությունը ոչ թե այս մասին են մտածում, այլ՝ բուհերը միավորելու, բուհական շենքերը խլելու, գրագետ եւ ազատ մտածող դասախոսներին բուհերից վտարելու:
Իսկ կրթության որակի պատասխանատուներն էլ ոչ թե փորձում են կրթական համակարգը բարելավել, այլ իրենց զավակներին ուղարկում են եվրոպաներ` ուսում ստանալու: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դուստրը, Նիկոլ Փաշինյանի դուստրը սովորում են Գերմանիայում: Եթե կրթության թիվ մեկ պատասխանատուի եւ երկրի առաջին դեմքի երեխաները հայաստանյան կրթության հետ հույսեր չեն կապում, անգամ դպրոցական տարիքից իրենց երեխաներին ուղարկում են արտերկիր, պարզ է, որ Հայաստանի կրթական համակարգն էլ պետք է գահավիժի:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Լիլիթ Արզումանյանն ասում է, որ Հայաստանում բարոյականության պակաս կա, դրա համար էլ օրինաչափ են դարձել նման երեւույթները։ «Այդ հարցն իրենց պետք է ուղղել` եթե Հայաստանում կրթական համակարգը զարգացում է ապրում, ինչո՞ւ եք ձեր երեխաներին դուրս ուղարկում` սովորելու նպատակով: Ես մի աղջիկ ունեմ, որը Հայաստանում է ստացել իր կրթությունը: Ովքե՞ր են ասում, որ Հայաստանում զարգանում է կրթությունը: Եթե զարգացում է ապրում, ապա փաստեր թող բերի նույն ԿԳՄՍ նախարարը: Ո՞նց է ստացվում, որ այդ զարգացող համակարգից իրենց երեխաները խուսափում են: Հիմա էլ 4 հազար ուսանող ունենալու պահանջ են բուհերի առաջ դրել, որ պարտադիր պետք է այդքան ուսանող լինի բուհում, հակառակ դեպքում կփակվի: Ես բազմիցս ասել եմ` չի կարելի նման անհեթեթ ստանդարտներով աշխատել: Օրինակ` ավեստի բուհերը փոքր բուհեր են, եւ դա նորմալ է, արվեստի բուհը չպետք է մեծ լինի: Ամեն ինչ պետք է լուրջ հիմնավորում ունենա, սա մեր ապագայի հարցն է, մեր երեխաների վաղվա օրվա հարցը: Չի կարելի նման անլուրջ հիմնավորումներ բերել: Իրենց ցանկությունները թող իրենց չորս պատի մեջ` տանը կայացնեն, բայց ո՛չ մեր երկրի ներսում: Նման հարցերը հասցեական քննարկումներ են պահանջում. ովքե՞ր են մասնակցում նման քննարկումներին: Անհեթեթության վերջն է սա: Մի քանի տարի առաջ Լիոնում բացվել է արվեստի բուհ` թատերական, որն ունի աննորմալ մեծ տարածք, որտեղ կան աշխատող էկրաններ, դահլիճներ, այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են թատրոններին, բայց սովորում է 100 ուսանող: 5 ուսանող` ռեժիսուրայի բաժնում, 8 ուսանող` օպերատորական բաժնում, եւ այդ բուհն ունի 150 դասախոս: Յուրաքանչյուր մասնագիտություն եւ բնագավառ ունի իր պրոբլեմները, մոտեցման ձեւերը, սա ի՞նչ բան է` 4 հազար ուսանող… Սրանք են իրենց բարեփոխումները, դրա համար էլ իրենց երեխաներն այստեղ չեն սովորում: Չի կարելի այսպես երկիր սարքել, այս ձեւով կարելի է միայն երկիր քանդել», - ասաց Արզումանյանը:
Կարծիքներ