«Հրապարակ». Եթե մի երկիր անտեր է մնում, թե՛ դաշնակիցները, թե՛ թշնամիները փորձելու են տիրանալ

«Հրապարակ». Եթե մի երկիր անտեր է մնում, թե՛ դաշնակիցները, թե՛ թշնամիները փորձելու են տիրանալ

Զրուցել ենք արցախյան երեք պատերազմների մասնակից, Հայկական լեգեոնի հրամանատար Կարեն Դավթյանի հետ։

- Հայրենիքի համար կռված մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում՝ Սեյրան Օհանյան, Վիտալի Բալասանյան, Գրիգորի Խաչատուրով: Արցախի ՊԲ նախկին հրամանատարի` Միքայել Արզումանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։ Պատճառը ո՞րն է, ըստ Ձեզ։

- Բոլոր նրանք ունեն հերոսական անցյալ, նրանք հերոսներ են ու մնալու են հերոսներ այս ազգի համար։ Ինչքան էլ այս պահին բանակում չեն, նրանք բանակի ակունքներում են կանգնած, ու կապը կա: Նրանց վարկաբեկելով` բարոյազրկում են բանակը։ Հերոսներին հետապնդելով՝ մյուսներին մեսիջ են ուղարկում, որ չոքած տեղից չկանգնի բանակը։ Մեր մեջքը հենց ուղղենք, նորից քաղաքականություն կփոխվի, դրա համար էլ կոտրում են բանակի ողնաշարը։ Հայկական բանակը Հայաստանի գոյության ու սուբյեկտայնության երաշխիքն է։ 

- Այսինքն՝ զինվորականների դեմ քրեական գործերի նպատակը նաեւ բանակի վարկանիշը ոչնչացնե՞լն է։

- Այո, բանակը թուլացնելով` հուսալքում են ժողովրդին, որ բանակ չունենք, մեջքը կոտրված է, որպեսզի կարողանա Ալիեւի բոլոր հոխորտանքները կատարել։ Ոնց որ Արցախը տանք, որ Սյունիքը փրկենք, հիմա Սյունիքը տանք, որ․․․ կամ երեխաներին չզոհեցինք, որ․․․ կապիտուլյացիայի իր ձեռագիրը։ Կապիտուլյացիայով ստանձնած կետերի շարունակական իրագործումն է։

- Իշխանությունն ասում է, որ միայն այսպես է հնարավոր խաղաղություն հաստատել։

- Ոչ մի նորմալ մարդ չի ուզում տարիներով պատերազմել՝ խաղաղություն պետք է լինի, բայց ուժեղ բանակի դեպքում միայն։ Ուժեղ լինենք՝ նստենք կլոր սեղանի շուրջ, լսենք հարեւան երկրներին, ներկայացնենք մեր առաջարկները, բայց միայն հզոր բանակ ունենալու դեպքում։

- Հույս ունեն, որ խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ այլեւս չեն սպանի հայ զինվորներին, տարածքներ չեն զավթի, անասունները չեն գողանա։ Հնարավո՞ր է նման բաղձալի խաղաղություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

- Գարեգին Նժդեհը Վլադիմիրի բանտից հայ ազգին կտակ է թողել՝ հարյուր տարի առաջ թուրքը նույնն է, ինչ հիմա։ Հարյուր տարի է անցել, մենք խաղաղություն տեսել ենք թուրքի հետ՝ Մարաղայի դեպքերը, Բաքվի ջարդերը, Սումգայիթ, Կիրովաբադ, վերջին արցախյան պատերազմը։ Բարբարոս թուրքն ի՞նչ արեց մեր հայ զինվորական կնոջը, ինքն ամեն օր հիշեցնում է այդ մասին՝ կարո՞ղ ենք մենք այդ ազգի հետ գնալ խաղաղության։ Ոչ։ Այո, որոշակի հարցերում կարող է հասկանալի լինել, եթե մեզ ձեռք տվող կետեր կան, բնականաբար, խաղաղության գնալուց առաջ պատրաստվենք մեծ պատերազմի։ Այսպիսի հին բանաձեւ կա, հիմա էդ մարդիկ՝ մեր հարեւանները, այդ խաղաղությունը որպես պաուզա են օգտագործում՝ մեծ պատերազմից առաջ, որ նորից պատերազմեն մեր դեմ․ Հայաստանը՝ առանց հայերի։ Դա երիտթուրքերի, օսմանների առաջ տարած քաղաքականությունն է ու մնում է, այսօրվա իրենց օրակարգում հենց դա է դրված։ Հիմա շանտաժի լեզվով խոսում են, այսինքն՝ այս պահին Էրդողանն է քցվածը, այս մեր կապիտուլյանտ իշխանությունների օրոք մեր զորքը ջարդեցին Արցախում, որ այսօր նույն Ալիեւը, որ բերանը փակի, որովհետեւ երեսուն տարի իր ընտանիքով ուտում էր իր երկրի բյուջեն, ու որպեսզի իր ժողովրդի ու ընդդիմության բերանը փակի, չակերտների մեջ ցույց է տալիս, թե իբր վերցրեց Արցախը: Արցախն այսպիսի անորոշ վիճակում՝ Արցախով շանտաժ են անում, որ օսմանն իր երազանքին հասնի, այսինքն՝ Սյունիքի միջանցքը։ Հիմա այս իշխանությունների հետ փորձեր են անում, որ առանց պատերազմի՝ շանտաժի միջոցով Սյունիքին տիրանան։

- Իսկ ինչպե՞ս է դա դրսեւորվում։

- Մեր իշխանությունը բանակը չուժեղացնելով, մեր գեներալների, հերոսների վաստակն արժեզրկելով, բանակի մեջքը կոտրելով` հասկացնում է մեզ, որ չենք կարող դիմակայել ու սա էլ պետք է տանք։ Այսինքն՝ այս թուրքամետ իշխանությունը կատարում է թուրքի շահերից բխող բոլոր քայլերը։

- Վերջերս հաճախ են հայտարարում բանակում դավաճանների մասին՝ 200 դոլարի դիմաց անգամ։ Հավատո՞ւմ եք, որ այդքան շատ դավաճանության դեպքեր կան։

- Երեսուն հազար դրամի դիմաց էլ են արել։ Այո, հավատում եմ, որ այդքան դեպքեր կարող են լինել, եթե մեր ազգային անվտանգությունը փոխանակ օտար լրտեսային ցանցերի համար աշխատողներին վնասազերծի՝ փոխարենը կաշառքի դեպքեր բացահայտելով է զբաղված։ Այսօր Հայաստանում ամեն երրորդը շատ վատ է ապրում, ունի խնդիրներ՝ բանկային, սոցիալական, դրա համար էլ հեշտ որսում են։ Իսկ թուրքերը լավ գիտեն, որ հային չեն կարող հաղթել՝ թուրքի ամենաուժեղ զենքը դավաճան հայն է, դրանով գործում են, ու շատ կան այսօր դավաճաններ։ Դավաճաններ կային, որոնք շարունակում էին նոր պաշտոններ ղեկավարել, նույն մայորի դեպքը: Անհասկանալի է, թե մայորին այդքան տեղեկություններ որտեղից՝ մի զորամասից մյուսը։ Ազգային անվտանգությունը պետք է այդ դեպքերից հետո ավելի աչալուրջ լիներ, սակայն խնդիրն այստեղ իշխանության մեջ է։ Նույն ազգային անվտանգությունը, պաշտպանության նախարարությունը, որը գործում է այս իշխանության ներքո, ամեն կառույց էլ թուլանալու է։ Ոչ մի ոլորտ չեմ կարող նշել, որ ոչ թե տեղում է դոփում, այլ գոնե հետընթաց չկա։

- Հայաստանի դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումը, ՌԴ պաշտոնյաների սպառնալիքները Հայաստանի հասցեին ի՞նչ են հուշում։ 

- Իմ կարծիքով, ՌԴ-ն, որ Ուկրաինայում պատերազմի մեջ է ու հնարավորինս խուսափում է Կովկասում իր դեմ բացվելիք երկրորդ ճակատից։ Իսկ Թուրքիան իր հերթին չի ուզում այս առիթը բաց թողնել՝ Սյունիքը ստանալու համար։ Այստեղ կարեւոր դեր են խաղում ռուս խաղաղապահներն Արցախում, եթե հանկարծ ինչ-որ ռուս խաղաղապահ մի հարված հասցնի կամ կրակի ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանների վրա, ապա դա կլինի խաղաքարտ, որ ՄԱԿ-ում հայտարարեն՝ տեսեք, ռուս խաղաղապահները խաղաղ բնապահպանների են սպանում, ինչը կովկասյան նոր ճակատի բացման պատճառ կդառնա։ Այս պահին նոր դասավորվածություններ են տեղի ունենում՝ Իրան-Ռուսաստան-Հայաստան-Չինաստան, որովհետեւ Ուկրաինայից է կախված Կովկասի ճակատագիրն էլ, նայած թե Ուկրաինայում պատերազմն ինչպես կընթանա, բայց դա էլ է մոտենում իր ավարտին։ Իմ կարծիքով, Ռուսաստանը ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին այս հրոսակների հետ մենակ չի թողնի, որովհետեւ դա չի բխում իր շահերից։ Ես ընդհանուր եմ նայում պատկերին, ու անկախ Լավրովի հայտարարություններից, կարծում եմ, որ այս պահին Ռուսաստանը ձգում է ժամանակը, որ Թուրքիայի հետ բախում չլինի, որովհետեւ Ադրբեջանի հետ չի պատերազմելու։ Մի կայծ՝ Բերձորի-Լաչինի միջանցքի հատվածից, եւ դա կվերածվի կովկասյան երկրորդ ճակատի։ Իմ կարծիքով, Ռուսաստանն այս հանդիպումներով ձգում է ժամանակը: Վերջնական հայտարարություններ չի արել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ալիեւը, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո զբաղվի այս տարածաշրջանով։

- Իսկ Իրանի ռազմական ներգրավման խնդիր ունենալո՞ւ ենք։

- Ադրբեջանցի երեք գեներալներ կային, որոնք միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց են տվել այն մասին, որ Ադրբեջանը չի կարող Արցախի կամ Հայաստանի դեմ պատերազմել։ Այսօր այդ գեներալներից մեկը փախուստի մեջ է, մեկը պայթեց ականի վրա, մյուսն ազատազրկված է։ Իրենք դա ասում էին՝ հասկանալով, որ միայն երրորդ ու չորրորդ ուժերի առկայության դեպքում կարող են հաղթել մեր դեմ պատերազմում։ Հիմա այդ երրորդ, չորրորդ ուժերը Պակիստանը, Թուրքիան ու Իսրայելն են, որոնք արդեն Ադրբեջանից իրենց պարտքերն են ուզում։ Որովհետեւ Կովկասում այս պայթյունավտանգ իրավիճակն Արցախով սկսեցին, որ հետո ավելի մեծ հարցեր լուծեն՝ Իրանին հարվածելով, Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելով։ Հիմա այս դասավորություններն են գնում։ Այս կապիտուլյանտ իշխանությունները Սյունիքն էլ են պատրաստ տալ, կոպիտ ասած, հիմա իրենք Էրդողանին ասում են՝ Սյունիքն արդեն ինձնից չես վերցնելու՝ Իրանից ես վերցնելու։ Բայց Իրանն այսօր հասկանում է, որ այս իշխանություններն օգնում են, որ այս տարածաշրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցությունն ուժեղանա, դրա համար հայտարարեց, որ սահմանների փոփոխություն չի հանդուրժելու։

- Ստացվում է՝ իշխանություններին հաջողվեց Հայաստանը դարձնել տարածաշրջանում գերտերությունների պատերազմի հարթա՞կ։

- Իրանը Կապանում հյուպատոսարան բացեց, նույնը Ռուսաստանն է ուզում անել՝ դա ի՞նչ է նշանակում․ հասկացնում են այս իշխանությանն ու արտաքին ուժերին, որ չեք կարողանալու սա վերցնել։ Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները Սյունիքի միջանցքը տալիս են, Ռուսաստանն ու Իրանն ասում են՝ մենք չենք տալիս, չի լինելու նման բան, որ այս տարածքն իրենց ազդեցության գոտին է։ Եթե մի երկիր էսպիսի անտեր իշխանություն է ունենում, այդ երկրին սկսում են ուրիշ տերեր տիրանալ։ Մի բան եթե անտեր է մնում, իսկ այս իշխանության օրոք մեր երկիրն անտերության է մատնված, դա նորմալ երեւույթ է` թե՛ մեր դաշնակիցները, թե՛ թշնամի պետությունները փորձելու են տիրանալ, ու հիմա այդ գործընթացին ենք ականատես։