Աշխատելու փոխարեն ստատուս են գրում

Աշխատելու փոխարեն ստատուս են գրում

Մեր հասարակությունը զբաղված է թամաշայով, իսկ իշխանությունը՝ տեսարաններ ապահովելով։ Հենց դրանով է նաեւ բացատրվում այն սերը, որ մենք ազգովի տածում ենք «Ֆեյսբուք» կոչվող սոցիալական ցանցի նկատմամբ։ Եվ մեր հասարակության ինչ-որ ակտիվ հատված՝ այն ժամերին, երբ կարող է արդյունք ստեղծել, ինչ-որ բան արարել, բառիս բուն իմաստով՝ «Ֆեյսբուքում լռված» է։ Կարդում է սրա-նրա անհեթեթ գրառումները, ակամայից ներքաշվում ոչինչ չտվող «ռազբորկաների» մեջ, բամբասում եւ շաղակրատում, զբաղվում ուղեղների լվացմամբ եւ սրա-նրա «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելով։ Մի ժամանակ դա անում էին միայն լրագրողները, այն էլ՝ սկանդալային ԶԼՄ-ների, հիմա անում են բոլորը՝ պետական պաշտոնյայից մինչեւ շարքային ուսուցիչ ու տաքսիստ։ Եվ երբ խելացի մարդիկ ասում են՝ դուրս եկեք Ֆեյսբուքից, գործ արեք, հերիք է ավելորդ ժամավաճառությամբ զբաղվեք, նրանց սկսում են մեղադրել կյանքից հետ մնալու, ժամանակի հետ համաքայլ չգնալու մեջ։ 

Օրերս ինձ պատմեցին, թե նախարարներից մեկն ինչպես է մի շարքային լրագրողի հետ զրույցում նրա ֆեյսբուքյան էջից մեջբերումներ արել։ Պատմողը զարմացած էր, ասում էր՝ դա խոսում է այն մասին, որ գործող իշխանությունն առնվազն մի 10 հազար մարդու ֆեյսբուքյան էջերը մոնիթորինգ է անում։ Եթե դրան գումարենք նաեւ առնվազն մի 200 լրատվամիջոցներն ու դրանց կայքերը, ապա պարզ կդառնա, թե ինչու մենք ոչ մի բնագավառում տեղաշարժ չունենք։ Մարդը, ի վերջո, կենդանի էակ է՝ բնական պահանջմունքներ ունի եւ ընդամենը 24 ժամ, որից գոնե 6-ը եթե հանում ենք, ապա տակը մնացած ժամերը հազիվ հերիքեն համացանցն ուսումնասիրելուն։ Այնպես որ՝ կոնկրետ ոլորտներով զբաղվելու, գործ անելու ժամանակ, պրակտիկորեն, չի մնում։ 

Բոլոր մտածող մարդիկ համոզված են, որ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի, արդյունքներ կլինեն, տեղաշարժեր կարձանագրվեն միայն այն ժամանակ, երբ իշխանական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հասկանա, որ Ֆեյսբուքում ստատուսներ գրելը, Ֆեյսբուքում օրն անցկացնելը վնասակար զբաղմունք են՝ «հակապետական գործունեություն»։ Եվ օր առաջ հարկավոր է դուրս գալ համացանցից ու գործ անել։ Առհասարակ՝ ժամանակակից տեխնոլոգիաները ոչ թե նրա համար են, որ հազար հոգս ու ցավ ունեցող պետական պաշտոնյաները բացառապես դրանց կիրառմամբ փորձեն իրենց փիառն անել եւ չարած գործերի թողած տպավորությունները մեղմացնել, այլ դրանք որոշակի մասնագիտությունների եւ ոլորտների համար են նախատեսված։

Ասենք՝ լրագրողները Ֆեյսբուքում են, որպեսզի իրենց արտադրանքը՝ հոդվածներն ու տեսանյութերը, հնարավորինս լայնորեն տարածվեն։ Փիառ մասնագետները, այդ թվում՝ իրենց խոսնակներն ու մամուլի պատասխանատուները, կարող են հարկավոր տեղեկատվությունն այդ ճանապարհով տարածել։ Բիզնեսմենները կարող են իրենց ապրանքը գովազդել եւ ծառայությունների մասին հանրությանն ինֆորմացնել։ Դպրոցները կայքեր են ստեղծում, որ ծնողների հետ ինտերակտիվ կապ ապահովեն։ Աշխատանքային հայտարարություններ, սպասարկման ոլորտի տեղեկատվություն եւս համացանցով տարածելն ավելի հարմար է։ Բայց պետական պաշտոնյային, այդ թվում՝ բարձրաստիճան, պետք է արգելվի աշխատանքային ժամին մտնել համացանց։

Ասենք, սոցապփոխնախարար Գեմաֆին Գասպարյանին պետք է անմիջապես աշխատանքից ազատել իր երեկվա ստատուսի համար։ Մեր ընթերցողի ներողամտությունն ենք հայցում այն ամբողջությամբ մեջբերելու համար․ «Քաքին որ ձեռք ես տալիս, քաքը չի ձեռոտվում, ձեռքդ է քաքոտվում»։ Նման լեքսիկոն ունեցող, համացանցում նման «կատակներ» անող պաշտոնյան պետք է տեղ չունենա պետական ապարատում՝ այն էլ նման բարձր աթոռին։