Երկու կրակոց

Երկու կրակոց

Այս տարվա փետրվարի 6-7-ի հանգստյան օրերը Հայաստանում հանգիստ չանցան. շաբաթ-կիրակի ներհայաստանյան ընդարմացած հասարակական-քաղաքական կյանքում հաջորդաբար երկու կրակոց լսվեց, երկուսն էլ՝ Հայաստանի պետականության ուղղությամբ: 

Առաջին կրակոցը լսվեց փետրվարի 6-ին, Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի պետական թատրոնում՝ «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» ուրվականների բեմադրության ընթացքում: Հայաստանի քաղաքական շիրմատնից դուրս եկած ննջեցյալները, դուրս գալով նաեւ օպերային դահլիճից, 30-ամյա անկախ Հայաստանի մայրաքաղաքում սկսեցին ծածանել օտար պետության՝ Հայաստանի անկախության եւ հզորության երդվյալ հակառակորդի՝ Ռուսաստանի պետական դրոշները: 

«Հավերժ Ռուսաստանի հետ» բեմադրությունը ավելի քան 200 տարի չի իջնում Հայաստանի քաղաքական խաղացանկից: Հայաստանում ռուսական գործակալական ցանցը ղարաբաղյան վերջին դժնի պատերազմից եւ հեղափոխական իշխանությունների անփառունակ տապալումից հետո որոշել է, որ եկել է ժամանակը ռուսական փլուզվող կայսրության խաղացանկի օպերան դարձյալ բեմադրել: Սակայն Երեւանի օպերային դահլիճից լսվող կրակոցը բեմադրված չէ. այն կրակել է անկախ Հայաստանի պետականության ուղղությամբ: 

Հայաստանի երկու թշնամիներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային ղարաբաղյան վերջին պատերազմում աջակցող եւ հրահրող Ռուսաստանը, Հայաստանը վերստին բռնազավթելով, փորձում է փլուզվող ռուսական կայսրությունը փրկել, եւ ռուսական զավթումը քողարկելու նպատակով Երեւանի փողոցներում շրջում են հայ քաղաքական ուրվականները՝ սեփական դիակառքից ծածանելով ռուսական դրոշներ: Հայկական անխելքության, դավաճանության եւ հուսալքության կայծկլտացող կրակի վրա ձեռքերը տաքացնող Ռուսաստանը որոշել է, որ հուսաբեկ Հայաստանը վերջնականապես ծնկի բերելու եւ նենգաբար զավթելու ժամանակն է, իսկ դրա համար Հայաստանում բավարար չափով ռուսական դրոշներ կան, որը կարող են փողփողալ Ստեփանակերտից մինչեւ Երեւան: 

Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության կորստի դիմաց ռուսական ողորմածություն հայցող հայ դավադիրները ռուսական դրոշները ծածանում էին Ազատության հրապարակում, որտեղից սկիզբ էին առել ռուսական վերջին կայսրության՝ Խորհրդային Միության փլուզումը եւ Ղարաբաղի ազատագրումը: Երեւանի օպերային դահլիճում, այս տարվա փետրվարի 6-ին, Հայաստանի պետականության դեմ լսվող կրակոցը հայաստանյան սառը ձմռան վրա ռուսական տաք ու խոր հետքեր էր թողել: 

Հանգստյան օրերին Հայաստանի պետականության ուղղությամբ երկրորդ կրակոցը լսվեց Երեւանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Աղվերանի «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում, ուր փետրվարի 6-7-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «երկուսը՝ մեկում» հավաք էր կազմակերպել՝ երկօրյա հանգստի հետ հընթացս քննարկելով Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը: Երիտհեղափոխականները երկօրյա տանջալից քննարկումներից հետո աղվերանյան ձմռան գրկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո որոշել են, որ «խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին եւ կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։

Եթե ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեին, որ որոշել են տիեզերք թռչել, ավելի քիչ զարմանք կառաջացներ, քան աղվերանյան հայտարարությունը, որը ցույց տվեց, որ ստախոսությամբ եւ անամոթությամբ ներկաներն այլեւս չեն զիջում նախկիններին: Ավելին, իրենք եւս համալրում են նախկինների կուռ շարքերը, քանի որ նախկին լինելը իշխանություն ունենալ-չունենալուն չի վերաբերում միայն, այլ այդ իշխանությունը պահպանելու մոլեգին ձգտումներին եւ մերժելի մեթոդներին: 

Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը նախկինների իրական քաղաքական ժառանգորդն են՝ նույն արատներով, սխալների կրկնությամբ եւ մերժելի ձգտումներով, թեպետ նախկիններից մի բանով, այնուամենայնիվ, տարբերվում են՝ նրանց գոնե հաջողվում էր Ղարաբաղն ու ազատագրված տարածքները պահպանել, Փաշինյանն ամեն ինչ կորցրեց: 

Նիկոլ Փաշինյանի հավաքած խուռներամ խորհրդարանը հենց այդպիսին էր պետք հենց Փաշինյանին: Ի սկզբանե պարզ էր, որ Նիկոլը հավաքում է պատեհապաշտներից, կամազուրկներից եւ վտանգավոր մեծամիտներից ձեւավորված խորհրդարան, ուր քննադատության եւ առարկությունների ձայներ չպետք է լսվեն, ձայներ, որոնք կարող էին տարածվել եւ քայքայել իր ընտանեկան իշխանությունը: Փաշինյանի հաշվարկը ճշգրիտ էր. պատգամավորական մանդատները, աշխատավարձներն ու պարգեւատրումներն այն զսպաշապիկն էին, որ կկանխեին իր դեմ ՔՊ-ի հնարավոր ապստամբությունը: 

Երկնքից մեկեն խորհրդարանում հայտնված կառավարող կուսակցության անդամներն այժմ Նիկոլ Փաշինյանի հետ հավասար կիսում են պատասխանատվությունը Ղարաբաղի կորստի եւ Հայաստանի պետականության խարխլման համար: 

Հայաստանը մեկ տարի շարունակ հատուկ եւ ռազմական դրության մեջ պահող Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման տենդագին ցանկությանը տրվելով՝ որոշել է, որ անցել են պատերազմի ահասարսուռ պարտության, անագորույն արհավիրքի եւ ռուս-թուրքական դաշինքին զոհաբերված Հայաստանի ու Ղարաբաղի ծանր օրերը, եւ հիմա ժամանակն է սանձել իշխանափոխության եւ հրաժարականի պահանջներն ու պարտադրանքը: Թեպետ խորհրդարանի արտահերթ ընտրություններն արդեն չէին կարող կանխել Հայաստանին պատուհասած աղետը, սակայն կարող էին ցրել ներհայաստանյան անհուսությունը, կանգնեցնել պետականության փլուզումը, պետության եւ հանրության առջեւ նոր հնարավորությունների դուռ բացել, ի վերջո եւ նախեւառաջ՝ երկիրն ազատել ապաշնորհ եւ կարճամիտ այս իշխանությունից:

Իրականում սարսափելին ոչ թե արտահերթ ընտրություններ չանցկացնելու մտափոխությունն է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը երկիրը հասցրել է պատմական աղետի, սակայն դրա գիտակցումը եւ պատասխանատվությունն այդ օրհասական իրավիճակի համար զրոյական է այս իշխանությունների մոտ:

Չնայած անվերջ հնչող սպառնալիքներին եւ հոխորտանքներին՝ Փաշինյանի իշխանությունը վախկոտ է. այդ իշխանությունը վախենում է ռուսից, ադրբեջանցուց, թուրքից, թաղային խուժանից եւ ՀՀ քաղաքացուց: Այդ վախի պատճառով են նաեւ Ղարաբաղն ու Հայաստանը հայտնվել ռուս-ադրբեջանաթուրքական դավադրության ցանցում: Այդ վախն այժմ պարուրված է իշխանության կորստի սարսափով: 

Ղարաբաղյան պատերազմում խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի իշխանությունը կորցրել է 2018թ. դեկտեմբերին ձեռք բերած լեգիտիմությունը, այդ իշխանությունն այլեւս ապալեգիտիմ է, իսկ Հայաստանին նոր՝ լեգիտիմ իշխանություն է անհրաժեշտ: Հայաստանում քաղաքական իշխանափոխությունն այլեւս անխուսափելի է:

Իրադարձությունների հետագա զարգացման կորագիծը ենթադրել է տալիս, որ մինչեւ 2021թ. ապրիլ ամսվա ավարտը Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի կա՛մ նոր՝ արտահերթ ընտրությունների անցկացման օր նշանակել, կա՛մ հրաժարական տալ, իսկ որ ավելի հավանական է՝ երկուսը միասին իրականացնել: Ռոբերտ Քոչարյանի վերադարձի սարսափի խաբկանքով հետ պահել հանրությանը արտահերթ ընտրություններից նույնքան անհեռանկար է ու վտանգավոր, որքան անհեռանկար ու վտանգավոր են Փաշինյանի եւ նրա քաղաքական թիմի ձգտումները՝ ստեղծված բարդ իրավիճակում պահպանել իշխանությունը: Իրականում ո՛չ Ռ. Քոչարյանը, ո՛չ Ն. Փաշինյանը Հայաստանում այլեւս երբեք իշխանության մաս չեն կազմելու: 

Այս տարվա փետրվարի 6-7-ի հանգստյան օրերին Հայաստանում հնչած երկու կրակոցներից մեկն արձակեցին ծերերը, մյուսը՝ երիտասարդները: Նրանց տարբերությունը միայն դա է: Նրանք երկուսն էլ կրակեցին Հայաստանի սրտին: